«Խնդիրը պահանջում է հրատապ լուծում». Գառնիկ Դանիելյան
1157
Շաբաթ, 15 ապրիլի, 2023 թ., 02:12
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Սիրելի հայրենակիցներ, սիրելի հետևորդներ
Տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնում եմ թափառող կենդանիների հարձակումների դեպքերի մասին՝ պատկան մարմիններին ուղղելով դիմումներ։ Խնդիրը պահանջում է հրատապ լուծում, քանի որ շների կողմից հարձակումներ տեղի են ունենում բոլոր մարզերում և համայնքներում, օրվա գրեթե բոլոր ժամերին։ Խոստացել էի, որ պատասխաններ ստանալու դեպքում անմիջապես կտեղեկացնեմ նաև Ձեզ։ Երևանի քաղաքապետարանը ի պատասխան մեր հարցմանը տեղեկացրեց, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը 2023 թվականին նախաձեռնում է մի շարք փոփոխություններ՝ մայրաքաղաքում թափառող կենդանիների խնդիրը կանոնակարգելու համար: Մասնավորապես՝ առաջիկայում մայրաքաղաքում կստեղծվեն թափառող շների համար նախատեսված կացարաններ։ Ըստ քաղաքապետարանի՝ կացարանների առկայության դեպքում թափառող կենդանիների գլխաքանակը փողոցներում որոշակիորեն կնվազի: Նշեմ, որ թափառող կենդանիների գլխաքանակը կանոնակարգելու համատեքստում ինքս էլ եմ կարևորել կացարանների կառուցումը, և կարծում եմ, որ եթե մինչ օրս կռահեին դրանց անհրաժեշտության մասին, չէինք ունենա այսպիսի ծայրահեղ իրավիճակ։ Ինչ վերաբերում է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ին, կարծում եմ, որ 2019 թվականից գործող ՀՈԱԿ-ի գործունեությունը արդյունավետ չէ։ Հատկանշական է, որ ոչ վաղ անցյալում ՀՈԱԿ-ի տնօրենը տեղեկացրել էր, որ իրենց մոտ սպառվել էին մի շարք դեղամիջոցներ և բժշկական նյութեր, ինչի արդյունքում վիրահատական միջամտությունները դարձել էին անհնարին։ Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ թափառող կենդանիների ստերջացումը և պատվաստումը իրականացվում է պատշաճ կերպով։ Շարունակելու եմ ուշադրությանս կենտրոնում պահել խնդիրը․ պատկան մարմինների անգործության, ոչ արդյունավետ քաղաքականության արդյունքում չպետք է տուժեն մեր քաղաքացիները»: