«Վստրեչի Ապեր»-ին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման պահանջ է ներկայացվել
![]() Հակակոռուպցիոն դատարանում փետրվարի 2-ին շարունակվեց «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի, նրա որդու և դստեր դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Այս մասին գրում է «Հետքը»։ Նիստը նախագահում էր դատավոր Կարապետ Բադալյանը, դատախազության ներկայացուցիչներն էին՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը, նույն վարչության տնտեսագետ Արթուր Կարապետյանը։ Պատասխանող կողմը, թեև ծանուցվել էր, չէր ներկայացել նիստին, փոխարենը ներկայացուցիչներն էին դատարանի դահլիճում՝ փաստաբաններ Արամազդ Կիվիրյանը և Լուսինե Սահակյանը։ Դատական նիստից առաջ «Հետքի» թղթակիցը միջնորդություն ներկայացրեց՝ լուսանկարահանում իրականացնելու խնդրանքով։ Պատասխանողների ներկայացուցիչները ժամանակ խնդրեցին դիրքորոշում հայտնելու համար, ապա առարկեցին՝ նշելով, որ դեմ են թե լուսանկարահանմանը, թե ձայնագրմանը։ Արամազդ Կիվիրյանի խոսքով՝ այս դատական գործը բազմաթիվ գաղտնի տեղեկություններ է պարունակում, այդ թվում՝ նաև անձնական բնույթի, որոնք ենթակա չեն որևէ կերպ հրապարակման։ Նա նշեց, որ այս հիմքով ավելի վաղ դատարանին միջնորդություն են ներկայացրել գործը դռնփակ քննելու խնդրանքով, ինչը մերժվել է։ Դատարանը մասնակի բավարարեց միջնորդությունը՝ թույլատրելով լուսանկարել միայն դատարանին և հայցվոր կողմին, իսկ ձայնագրում իրականացնելը օրենքով թույլատրելի է։ Պատասխանողների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը, ընդհատելով դատավորին, ասաց, որ հայտարարություն ունի անելու նիստի ձայնագրման հարցի մասին, սակայն դատարանը չթույլատրեց։ Կիվիրյանը ցանկացավ դիրքորոշում հայտնել, դատարանը կրկին չթույլատրեց այդ հարցի վերաբերյալ քննարկումը շարունակել։ Մթնոլորտը լարված էր։ Լուսինե Սահակյանն ասաց, որ առարկում է դատարանի գործողություններին, ի պաստախան՝ դատարանը հայտնեց․ «Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը դատարանի գործողությունները առարկելու իրավունք չի վերապահում Ձեզ»։ Այնուհետև դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը միջնորդություն ներկայացրեց հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այս միջնորդության համար հիմք է հանդիսացել փորձագետի համապատասխան եզրակացությունը վերահաշվարկ կատարելու վերաբերյալ։ Դատախազն ասաց, որ բացի բովանդակային փոփոխությունից, եղել է նաև տեխնիկական բնույթի փոփոխություն այն առումով, որ այն գույքերը, որոնք ենթակա են բռնագանձման հօգուտ Հայաստանի Հանրապետության և դիտարկվել են Արամ Վարդանյանին պատկանող, այդ գույքերի բռնագանձման անհնարինության դեպքում իրավասու մարմինը շուկայական արժեքի բռնագանձման պահանջը ներկայացրել է Արամ Վարդանյանին։
Պատասխանողների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը հարց ուղղեց դատախազին, թե ի՞նչ է նշանակում «անհնարինության դեպքում»։ «Դատարանը, իմ կարծիքով, պայմանով պահանջ չի քննարկում»,- ասաց նա։ «Անհնարինությունը սուբյեկտիվ կատեգորիա է և սպառիչ կերպով ես Ձեզ չեմ կարող թվարկել, թե «անհնարինություն» ասելով՝ օրենսդիրն ինչ է նկատի ունեցել։ Այս նախադասությունը ձևակերպվել է՝ հիմք ընդունելով օրենսդիրի պահանջը, այսինքն՝ եթե գույքը բնեղենով բռնագանձել հնարավոր չէ, բռնագանձվում է միջին շուկայական արժեքը»,- ասաց Նելլի Տեր-Թորոսյանը։ Դատախազի խոսքով՝ ինչ-որ փուլում Դատախազությունն է որոշելու՝ արդյոք որևէ հանգամանք կարելի է դիտարկել անհնարինություն, և այդ առումով Դատախազությունը կհրաժարվի պահանջից, բայց որպես հիմնական պահանջ՝ գույքը ենթակա է բռնագանձման բնեղենով։ Արամազդ Կիվիրյանի հաջորդ հարցը վերաբերում էր Range Rover Evoque 2.0 ավտոմեքենային։ Նրա խոսքով՝ Դատախազության սկզբնական հայցադիմումում պահանջվում էր բռնագանձել մեքենայի արժեքի 61․63 %-ը, քանի որ օրինական եկամուտներ առկա են եղել։ «Այդ դեպքում՝ փոփոխված հայցադիմումում ինչու՞ է ամբողջ մեքենայի բռնագանձման պահանջ դրվել,- հարցրեց Կիվիրյանը,- այսինքն՝ Դուք ընդունում եք, որ օրինական եկամուտներով է ձեռք բերվել այդ ավտոմեքենայի մի մասը, բայց պահանջ եք ներկայացնում ամբողջական բռնագանձման։ Դատախազի խոսքով՝ հայցի փաստական հիմքում որևէ փոփոխություն չի եղել ավտոմեքենայի ձեռքբերման աքռնչությամբ։ «Բայց չբացառելով հակառակի ողջամիտ հավանականությունը, որ գուցե ապացուցման բեռը բաշխելուց հետո պատասխանողների ներկայացուցիչների կողմից այնպիսի ապացույց ներկայացվի, որը գույքի ապօրինի և օրինական մասերի տոկոսային հարաբերակցությունը փոխի, այդ պատճառով այս պահի դրությամբ գույքի ամբողջական բռնագանձման պահանջ է ներկայացվում, և հետագայում Դատախազությունը կհրաժարվի այն մասից, որն օրինական է»,- ասաց Նելլի Տեր-Թորոսյանը։ Կիվիրյանը հարցրեց դատախազին, թե արդյոք չի փոխվել հայցապահանջի էությունը։ Դատախազը պատասխանեց, որ եթե նկատի ունի հայցապահանջի ձևակերպումը, ապա՝ նախկինում ձևակերպված է եղել «ճանաչել ՀՀ սեփականության իրավունքը», այժմ՝ «հօգուտ ՀՀ-ի բռնագանձել»։ Կիվիրյանն ասաց, որ սեփականության իրավունքի ճանաչման պահանջը տարբերվում է բռնագանձման պահանջից։ Ի պատասխան՝ դատախազն ասաց․ «Սահմանադրությամբ Դատախազության լիազորությունների մեջ ամրագրված է պետական շահի պաշտպանության հայց ներկայացնելը։ Իսկ պետական շահի պաշտպանության հայց ներկայացնելը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայց ներկայացնելն է։ Այսինքն՝ սկզբնական հայցադիմումում էլ է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջ, փոփոխված տարբերակում էլ»։ Դատարանը բավարարեց դատախազության միջնորդությունը հայցի հիմքի և առարկայի փոփոխության մասին։ Փոփոխված հայցադիմումի պատասխանը ներկայացնելու համար դատարանը պատասխանողների ներկայացուցիչներին ժամանակ տվեց մինչև փետրվարի 27-ը։ Այնուհետև քննվեց պատասխանողների ներկայացուցիչների միջնորդությունն այն մասին, որ դատարանը հարգելի ճանաչի Դատախազության սկզբնական հայցի պատասխանի ներկայացման ժամկետի խախտումը։ Արամազդ Կիվիրյանը հայտնեց, որ Դատախազությունից չեն ստացել հայցադիմումին կից փաստաթղթերը։ Նա դատախազության ուղարկած ծրարը ցուցադրեց՝ նշելով, որ ֆիզիկապես էլ հնարավոր չէր այդ ծրարում 12 հատոր փաստաթղթեր և 30-ի հասնող ձայնագրման սկավառակներ տեղավորել։ Կիվիրյանը նշեց, որ 200 հազար դրամ պետական տուրք են մուծել այդ փաստաթղթերը ստանալու համար, և դա է եղել հայցադիմումի պատասխանը ժամկետից ուշ ներկայացնելու պատճառը։ Նրա կարծիքով՝ ժամկետը պետք է գործեր այն պահից սկսած, երբ ստացել են փաստաթղթերը։ Դատախազը հայտնեց, որ այդ ծրարում եղել են հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ սկանավորված տարբերակով, լազերային սկավառակներով, այսինքն՝ էլեկտրոնային եղանակով։ Պատասխանողների ներկայացուցիչները դատախազից ապացույց պահանջեցին, որ կից փաստաթղթերն ուղարկել են։ Դատախազը պնդեց, որ բոլոր նյութերը լազերային սկավառակներով փոխանցվել են, իսկ թե լազերային սկավառակն ինչ ճակատագրի է արժանացել, այդ հարցի հասցեատերը դատախազությունը չէ։ Դատարանը մերժեց պատասխանողների ներկայացուցիչների միջնորդությունը՝ հարգելի չճանաչելով ժամկետի խախտման համար ներկայացված ապացույցները։ Միաժամանակ դատարանը նշեց, որ պատասխանողների փաստաբանների ներկայացրած՝ հայցադիմումի պատասխանը կքննարկվի որպես դիրքորոշում։ Գործով հաջորդ նիստը նշանակվեց մարտի 10-ին, ժամը՝ 10։00-ին։ |
«Չմտածեք միայն ռելոկանտներն են. տեղացիներից էլ մարդ միացավ». Աննա Հակոբյան (տեսանյութ)
3615:18Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում աղբ է հավաքում (տեսանյութ)
3515:06Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում (լուսանկար)
8208:24«Բնակարանային հարցը փչացրեց ՔՊ-ին». Ոսկան Սարգսյան
10803:12«Պետդեպի եզրակացությունը մեկն է՝ չի սպառվել նիկոլի պիտանելիության ժամկետը». Կարեն Ավագյան
9602:12«Մինչ ֆուտբոլով էիք տարված, ա***ները հասցրեցին առաջ գալ, բարձունք վերցնել, ինժեներական աշխատանքներ տանել». Ալեքս Թովմասյան
11501:06