Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Խոստովանեց, որ տիրապետում է 31 կայքերի, ունի 200-ից ավելի կեղծ էջեր, որտեղ տեղադրում է հանձնարարականները». Հոխիկյանը ճանաչվել է տուժող

406
Հինգշաբթի, 26 հունվարի, 2023 թ., 22:36
«Խոստովանեց, որ տիրապետում է 31 կայքերի, ունի 200-ից ավելի կեղծ էջեր, որտեղ տեղադրում է հանձնարարականները». Հոխիկյանը ճանաչվել է տուժող

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիշո՞ւմ եք, 2021-ի նոյեմբերին մի շարք կայքեր ամենակեղտոտ բառերով իմ՝ Նաիրի Հոխիկյանի դեմ գրեցին, թե իբր թշնամու հետ եմ համագործակցում, թե իբր 176 հայ զինվորի մասին գաղտնի տեղեկություններ եմ փոխանցել թշնամուն։ Հստակ ուղղորդում ունեցող այդ հրապարակումների նպատակն էր հանրության զգացմունքների հետ խաղալ ու մղել Նաիրի Հոխիկյանի նկատմամբ հանցանքների։
Ասել է թե՝ սովորական մարդկանց ձեռքով հաշվեհարդար տեսնել Հոխիկյանի նկատմամբ։
Ես, իհարկե, իշխանության մանկլավիկների նման բույս չեմ, որ չհասկանամ արտաքին կամ ներքին թշնամու նպատակը։
Իրավաբանական համայնքի, հատկապես Լուսինե Վիրաբյանի օգնությամբ գտանք այդ հրապարակումների հիմնական կատարողների հասցեները, հաղորդում տվեցինք հանցագործության մասին և փորձեցինք ԱԱԾ-ի կամ Քննչական կոմիտեի միջոցով գտնել այդ հանցանքի պատվիրատուներին։
Իրավապահ կառույցներին այլ բան չէր մնում, քան հարուցել քրեական գործ, որն արդեն 1 տարուց ավելի ընթացքի մեջ է։ Նաիրի Հոխիկյանը ճանաչվեց տուժող։
Բացահայտվեց, որ գործին ուղղակի կամ անուղղակի կերպով խառնված են Նոյեմբերյանի, Իջևանի, Արմավիրի, Երևանի և այլ վայրերի մի շարք բնակիչներ, որոնք փաստացի հանձնարարականներ են ստացել՝ վարկաբեկել Նիկոլ Փաշինյանի դեմ խոսող մարդկանց։
Այդ օրերին ինձ հետ կապվեց Արման Թումասյան անունով մի մարդ ու խոստովանեց, որ ինքն է բոլոր այդ հրապարակումների հեղինակը, բայց ինքը չի կարող ասել, թե որտեղից է գալիս պատվերը։ Ասաց, որ տիրապետում է 31 կայքերի, ունի 200-ից ավելի ֆեյսբուքյան կեղծ, ֆեյք էջեր, 2,4 մլն մարդու ուղեղները լվանում է իր ստերով։
Ես պնդեցի, որ կամ պիտի ասի իր պատվիրատուների անունները, կամ դատվի։ Ասաց՝ դու գիտես, թե քո դեմ ովքեր են աշխատում։ Ես կատարող եմ, և դրանք հրապարակվում են ալգորիթմների միջոցով։
Այդ խոստովանությունը ևս փոխանցեցի Քննչական կոմիտեին։ Աստիճանաբար բացվում էր ամբողջ կծիկը, և թելի ծայրը տանում էր դեպի Նիկոլ Փաշինյանի ամենամոտ շրջապատ, այդ թվում՝ նրա ընտանիքին պատկանող լրատվամիջոցներ, որտեղ գրվում են տեքստերը, բայց հրապարակվում այլոց մոտ՝ հետքերը կորցնելու համար։
Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ի իր մանկլավիկներին հրահանգեց փոխել քրեական օրենսգիրքը և մի քանի հոդված ապաքրեականացնել։ Դա լավ հիմք էր, որ Արման Թումասյանը, նաև ոմն Անդրանիկ Մարտիրոսյան և այլոք խուսափեն ծանր վիրավորանքի հոդվածով դատվելուց, իսկ սուտ մատնության առումով փորձեն մի բան անել։
Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ ուժային իրավապահ կառույցները ստիպված էին ավելի մեծ ուշադրություն դարձնել այս գործին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության բերած ամբողջ կեղտոտ քարոզչամեքենան ինքնաբերաբար բացահայտվում էր, Նիկոլի մարդիկ սկսում էին իրար վրա գործ տալ, հայտնի էին դառնում բոլոր հանցագործների անունները։ Արման Թումասյանը ևս մեկ անգամ կապվեց ինձ հետ՝ առաջարկելով աշխատել ինձ համար ու նաև իմ օգտին նյութեր տարածել իրենց հարթակներում։ Բնականաբար ուղարկեցի այնտեղ, որտեղ պետք էր։
Օրերս հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն փնտրում է Արման Թումասյանին, իսկ նա Հայաստանում չէ։ Քննիչները չգիտեն՝ ինչպես գտնել նրան։ Այլ կերպ ասած՝ փախել է երկրից, կամ փախցրել են։
Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանում առաջին անգամ մենք կարողացանք հասնել այնպիսի արդյունքի, որ իշխանության կատարածուն փախչելուց բացի այլ ելք չունենա, որ իշխանությունը այնքան թուլանա, որ ավելի նպատակահարմար համարի երկրից հեռացնի իր գործիքներին՝ չբացահայտվելու համար։
Սպասում եմ Քննչական կոմիտեի հայտարարությանը, որ Նաիրի Հոխիկյանի դեմ կատարված բոլոր հրապարակումները վարկաբեկիչ են և իրականացվել են կոնկրետ մարդկանց կողմից՝ ուղղորդված կերպով»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան