Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«ԵՊՀ ռեկտորը անազատության մեջ գտնվող որդուս թույլ չի տվել քննությունները հանձնել հեռավար». Գեղամ Մանուկյան

918
Չորեքշաբթի, 03 օգոստոսի, 2022 թ., 11:36
«ԵՊՀ ռեկտորը անազատության մեջ գտնվող որդուս թույլ չի տվել քննությունները հանձնել հեռավար». Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրառումը. «ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն այսօր անակնկալ էր արել. թուրքագիտական, մասնագիտական գրքերի մի ողջ փունջ պատրաստել է ուղարկելու իր ուսանողին, որդուս՝ Տարոնին, որպեսզի բանտում շարունակի ուսումը։

Այլ հարց է, որ ԵՊՀ ռեկտորին դիմում էի ներկայացրել, որ այս դավաճան իշխանության դեմ պայքարի պատճառով որդիս գտնվում է անազատության մեջ, թույլ տալ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնի 3-րդ կուրսի ավարտական քննությունները հանձնի հեռավար։ Բայց անակնկալ մերժում ստացա, քանի որ ռեկտորատը պատճառաբանել է, թե նման կարգ չունեն։ Ուսում ստանալու սահմանադրական կարգի մասին երևի տեղյակ չեն, տեղյակ չեն, որ շատերն են համալսարաններ ավարտում բանտում նստած։ Թերևս դատական կարգով բողոքարկենք այդ մերժումը, որն անգամ բանտային ծառայողների համար էլ էր անակնկալ։ Բայց մինչ այդ, անազատությունը նաև կրթության լավ հնարավորություն է։

Ու մեր բոլոր տղերքն էլ՝ Արսենը Մարտոյանը, Գոռը Մաթևոսյանը, Գևորգ Մուրադյանը, Տարոնն ու Գոռն այս ամիսներին անդադար գրքերի պահանջ էին դնում։ Ցանկը երկար է. Ռուբեն Տեր Մինասյանի հատորներից մինչև քաղաքագիտություն՝ Մաքիավելի ու Քիսինջեր։ Իսկ Ռուբեն Մելքոնյանը մի ամբողջ թուրքագիտական գրադարան է պատրաստել։ Այսօր նրա գրառումը մեկ պահ ինձ շուրջ երկու տասնամյակ ետ տարավ։ Նորից բանտ, ուր պատրաստում էի գիտական ատենախոսությունս կամ, ավելի ճիշտ, քաղաքական պատճառով ասպերանտուրայից դուրս էի մնացել, բայց թուրքագիտությունը չէր դադարել իմը լինել։ Նոթագրումներ, կոնսպեկտներ, տարբեր ուսումնասիրություններից ծաղկաքաղ։ Անգամ համարձակվեցի պանթուրքիզմի կնքահայր Զիյա Գյոքալփի Türkçülüğün Esasları գրքի հայերեն տարբերակը թարգմանել սկսել։ Պարզվեց բանտերում Մանուկյանները թուրքագիտությունը շարունակելու են։ Շնորհակալ եմ Ռուբեն Մելքոնյանից նման թանկարժեք նվերի համար։ Իսկ Գոռ Սարգսյանին էլ հետաքրքրում են հասարակագիտական, քաղաքագիտական հետազոտություններ, դաշնակցական գրականությունը երկուսին էլ պետք է։ Կսպասեմ նոր համալրումների։ Ի դեպ, ժամանակակից հայ արձակն էլ բավականին սիրով է ընդունվել տղաների կողմից։

Հատկապես Աբել Միքայելյանի վեպերը հաճույքով են ընթերցվում։ Իսկ լուսանկարում նաև իմ գրադարանից մերոնց պարբերաբար ուղարկված գրքերն են, ու նաև բանտարկության օրերին նվեր ստացածները։ Մեկը՝ Դիարբեքիրի բանտի մասին հատկապես շատ թանկ է։ Այնտեղ կալանք անցկացրած քուրդ տղերքից մեկն է տվել։ Կոչվում է՝ Դիարբեքիրի լուսաբացը։ 96-ին նվեր ստացած գրքից հետո, արդեն փակված բանտում բախտ ունեցա լինել 2011-ին։ Այս գրառումն անելիս, հիշեցի, որ 90-ականներին բանտից տուն ուղարկված նամակներիս մեջ մնացել է նաև ծնողներիցս գիրք ուզելու գրություն, որի լուսանկարն էլ եմ հրապարկում։ Այն ժամանակ Ռուբեն Մելքոնյաններ չկային, որ ինձ գիտելիքով զինեին։ Ստիպված միայն իմ անձնական գրադարանից էի օգտվում։ Իսկ ուզածս գրքերից մեկը՝ Գարեգին Խաժակի «Ի՞նչ է ազգությունը» գիրքը տանը չէ։ Որքան հիշում եմ տարիներ առաջ տվել եմ Դավիթ Խաժակյանին։ Պատահաբար, դեռ 2013, 2014-ին, ԴԵՄ եմ շարժման օրերին պարզեցինք, որ 20-րդ դարի սկզբի ականավոր ձախակողմյան դաշնակցական տեսաբան Գարեգին Խաժակը նրա պապու եղբայրն է։ Ի դեպ, գյումրեցի։ Ու վերջում։ Համոզված եմ՝ Տարոնն ու Գոռը, մեր բոլոր բանտարկված ընկերները հաղթելու են։ Իրենց կամքով, գաղափարականությամբ, նվիրվածությամբ ու հայրենասիրությամբ։ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԵՆ»։

Աղբյուրը`   Գեղամ Մանուկյան