Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելված է

772
Երկուշաբթի, 03 հունվարի, 2022 թ., 16:50
Հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելված է

Հայաստանում թաղանթի մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքի արգելքը գործում է հունվարի 1-ից: Առևտրի կետերում պոլիէթիլենային տոպրակով ապրանք վաճառելու դեպքում նաև տուգանք է սահմանվում. «Այն տնտեսավարողները, որոնք 2022թ․ հունվարի 1-ից կշարունակեն մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը՝ բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի, կենթարկվեն վարչական տույժի՝ 30 հազար դրամի չափով»,- հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

Հիշեցնենք՝ ըստ ԱԺ՝ գարնանն ընդունած օրենքի, ՀՀ-ում առևտրի և սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային պարկերի և տոպրակների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացման: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն: