Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Կամավոր ատեստավորման միայն փորձնական փուլի արդյունքով շուրջ 500 ուսուցիչ 30-50 տոկոս հավելավճար կստանա». Ժաննա Անդրեասյան

395
Երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ., 00:00
«Կամավոր ատեստավորման միայն փորձնական փուլի արդյունքով շուրջ 500 ուսուցիչ 30-50 տոկոս հավելավճար կստանա». Ժաննա Անդրեասյան

Ուսուցիչների վարձատրության խրախուսման համար 2012 թվականից գործում է տարակարգի շնորհման մեխանիզմը, որով առաջին տարակարգի դեպքում գործում է տասը տոկոս հավելավճար, երկրորդ տարակարգի դեպքում՝ քսան, երրորդի դեպքում՝ երեսուն և չորրորդի դեպքում՝ հիսուն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Համարյա տասը տարում տարակարգ է ստացել ուսուցիչների ընդամենը շուրջ 7 տոկոսը։ Ընդ որում, երրորդ աստիճանի տարակարգ առաջին անգամ շնորհել ենք միայն նախորդ տարի՝ երկու ուսուցչի և այս տարի՝ մեկ ուսուցչի։ Կանխեմ հարցերը՝ այդ տարակարգի համար դիմումներն են քիչ։ Բավական քիչ են նաև երկրորդ տարակարգ ունեցող ուսուցիչները։ Չորրորդ տարակարգ ունեցող ուսուցիչ չկա։

Այսպիսով, ունենք մի համակարգ, որ կարծես միայն փաստաթղթային է, սակայն իրականում ուսուցիչների խրախուսման գործուն մեխանիզմ չէ՝ ոչ հավելավճարի չափով, ոչ պայմաններով։

Կամավոր ատեստավորման միայն փորձնական փուլի արդյունքով շուրջ հինգ հարյուր ուսուցիչ արդեն իսկ 30-50 տոկոս հավելավճար կստանա։ Այսքան տարիների ընթացքում, ինչպես նշեցի, դրա ներքին շեմը՝ երեսուն տոկոս, հասանելի է եղել երրորդ տարակարգ անցյալ ու այս տարի ստացած երեք ուսուցչի։

Իհարկե, կամավոր ատեստավորման գործընթացում անհրաժեշտ են շտկումներ։ Փորձնական փուլը ցույց տվեց՝ ինչպիսին պետք է լինեն դրանք։ Բայց բարելավման արդյունքում, այն կարող է դառնալ վարձատրության խրախուսման իրական գործիք։

Միաժամանակ, այսօր էլ ունենք ուսուցիչներ, որ թե տարակարգ ունեն, թե նաև կամավոր ատեստավորման լավ արդյունք։ Այս ուսուցիչների համար կուտակային խրախուսանքի չափը կարող է հասնել աշխատավարձի 70-80 տոկոսին։

Իհարկե, բավարար չի։ Բայց հնարավորություն է, որից կարող է շահել թե ուսուցիչը, թե սովորողը՝ որպես ուսուցչի մասնագիտական զարգացման անմիջական շահառու»,- նշել է նա։

Աղբյուրը`   Ժաննա Անդրեասյան