Հայ գիտնականները նոր լուծում են առաջարկում Սևանա լիճը ճահճացումից փրկելու համար
![]() Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնը և «Բիոմիներալ» ՍՊԸ-ն մոդելային սարք են ստեղծում, որի օգնությամբ Սևանա լճի ծաղկման փուլում լճի աղտոտված ափամերձ տարածքները կմաքրեն լրացուցիչ օրգանական նյութերից։ Դա կնվազեցնի կենսածին տարրերի քանակը լճում և կդանդաղեցնի էվտրոֆացման (կամ ճահճացման) գործընթացը: Այդ մասին հայտնում է ԳԱԱ լրատվական ծառայությունը։ Վերջին տարիներին Սևանա լիճը ծաղկում է ազոտի և ֆոսֆորի մեծ քանակությամբ ներթափանցման պատճառով: Արդյունքում, ջրում նվազում է ձկների ու ջրային այլ կենդանիների համար հասանելի թթվածնի քանակը և հանգեցնում ջրային կյանքի խեղման: Սևանա լճում «ծաղկում» առաջացրած Cyanophyta խմբին պատկանող տեսակները տոքսիկ են և արտազատում են կայուն թույներ՝ միկրոցիստիններ և անատոքսին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի էվտրոֆացման մեխանիզմների գնահատում» և ««Ծաղկման» երևույթների դեմ պայքարի մեթոդների մշակում» նպատակային ծրագրերի շրջանակներում ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնը և «Բիոմիներալ» ՍՊԸ-ն իրականացում են Սևանա լճում էվտրոֆացման գործընթացի դանդաղեցմանն ուղղված ուսումնասիրություններ ու միջոցառումներ: 2020թ-ից հետազոտվում են Սևանա լճի ջրի ծաղկման մեխանիզմները, մշակվում է կապտականաչ ջրիմուռներից ջրերի մաքրման նպատակով Հայաստանի ցեոլիտների օգտագործման մեթոդաբանությունը, կատարվում է մաքրման ընթացքում ջրի բաղադրության վրա ցեոլիտների ազդեցության գնահատում։ Գիտական կազմակերպությունները լճից միկրոօրգանիզմների, միկրոջրիմուռների, ցիանոբակտերիաների հեռացման համար աշխատում են ստեղծել էժան և անվնաս կլանիչներ, որոնց շարքին են դասվում նաև բնական ադսորբենտներն ու բնական պոլիմերները: Հայաստանը հարուստ է բնական ադսորբենտների հանքային պաշարներով՝ ցեոլիտներ, դիատոմիտներ, պեռլիտներ, կավեր և այլն: Ծրագրի շրջանակներում որպես ադսորբենտ օգտագործվում են ցեոլիտները, որոնք բնական միներալներ են՝ կազմված սիլիցիումի, ալյումինի և թթվածնի ատոմներից: Ընտրված սորբենտի ազդեցության տակ 10 րոպեի ընթացքում մանրէների քանակը նվազել է 300 անգամ։ Փորձեր են արվում սորբենտի ազդեցության արագությունը մեծացնելու ուղղությամբ։ Հենց այս ցեոլիտների օգնությամբ մոդելային սարքի միջոցով Սևանա լճից կկլանվեն լճի համար վնասակար միկրոօրգանիզմները, միկրոջրիմուռները, ցիանոբակտերիաները: Արդեն իսկ ստացված արդյունքները տպագրվել են մի շարք հանրապետական և արտերկրյա հանդեսներում:Ծրագրի գիտական ղեկավարն է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը: Արդյունքները հրապարակվել են մի շարք գիտական հանդեսներում, մասնավորապես՝ «Limnology and Freshwater Biology», 2020 (4) պարբերականում: |

«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
13901:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
13908.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
15307.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
25406.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
19406.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
13003.09.2026, 11:00
