Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

«Հայաստանը կապահովի Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը»․ նախարար

1201
Երկուշաբթի, 22 փետրվարի, 2021 թ., 14:40
«Հայաստանը կապահովի Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը»․ նախարար

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը РИА Новости-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանից Նախիջևան անցնող տրանսպորտային հաղորդակցության անվտանգությանը:

«Արդյո՞ք բանակը ներգրավվելու է տրանսպորտային միջանցքի պահպանությանը։ Ո՞վ է երաշխավորելու անձնակազմի և բեռների անվտանգությունը»,- հարցրել է լրագրողը:
«Նախ նշեմ, որ «միջանցք» տերմինի օգտագործումը տեղին չէ այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությանը։ Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, միջանցք հանդիսանում է միայն Լաչինի միջանցքը, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ: Մյուս բոլոր դեպքերում, խոսքը կարող է վերաբերել միայն տրանսպորտային հաղորդակցություններին։
Պատասխանելով բարձրացված հարցին՝ կարող եմ ասել, որ Հայաստանն՝ իր ստանձնած պարտավորությունների համաձայն, կապահովի վերոնշյալ տրանսպորտային հաղորդակցության անվտանգության պահպանումը։ Դրա պահպանության համար բանակը ներգրավելու հարց ներկա պահին չկա, իսկ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը, կրկին, եռակողմ հայտարարության համաձայն, վստահված է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մարմիններին»,- պարզաբանել է Հարությունյանը: