Արմատական փոփոխություններ` բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում
![]() Դեկտեմբերի 3-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերին։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում առաջարկվում են արմատական փոփոխություններ: Մասնավորապես, նախատեսվում է միավորել նախկինում գործող երկու հիմնարար օրենքներ՝ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքը՝ ընդունված 2000 թ.-ին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը՝ ընդունված 2004 թ.-ին, ոլորտային ամբողջական կարգավորումը վերապահելով ընդունվելիք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին։ Օրենսդրական նոր կարգավորման նպատակն է բարձրացնել կրթության և գիտության համակարգերի կառավարման արդյունավետությունը: Մասնավորապես, սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին պետական ֆինանսական աջակցության տրամադրման սկզբունքներն ու մեխանիզմները։ Առաջարկվում է ուսումնառության պետական կրթաթոշակների տրամադրում՝ ուսման վարձի փոխհատուցում։ Դրվում են անհրաժեշտ իրավական հիմքեր գիտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության սերտացման և աստիճանական ինտեգրման համար՝ գիտական կազմակերպություններին ինքնուրույն գործելու, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու կամ բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ ընդգրկվելու հնարավորությունների ստեղծմամբ։ Օրենքի նախագծով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել համաեվրոպական չափանիշներին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ աստիճան՝ կրթական ծրագիր, որի ավարտին շնորհվում է դոկտորի (PhD) որակավորում։ Բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերը՝ ըստ կրթական մակարդակների, կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, այդ թվում՝ հեռավար ուսումնառության ձևերով: Սա ուսանողներին իրենց ուսումնառության ինտենսիվությունը (բեռնվածությունը) կարգավորելու հնարավորություն կտա՝ պայմանավորված իրենց ընդունակություններով, զբաղվածության աստիճանով և ֆինանսական հնարավորություններով: Երկու և ավելի բուհեր (այդ թվում՝ օտարերկրյա) կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագրեր ու շնորհել բարձրագույն կրթության այս կամ այն մակարդակի որակավորում, ինչը հավաստվում է մասնակից բուհերի կողմից շնորհված միասնական ավարտական փաստաթղթով (դիպլոմով) կամ մասնակից բուհերից մեկի կամ բոլորի առանձին ավարտական փաստաթղթերով (դիպլոմներով)։ Կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օրենքի նախագծով նախատեսվում է բուհերի կառավարման խորհրդի կազմը սահմանափակել 12 անդամով, որոնցից 6-ին կառաջադրի բուհը (այդ թվում՝ մեկը ուսանող), իսկ մյուս 6-ը կլինեն գործարար շրջանակներից, հասարակական հատվածից, կրթության, գիտության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից։ Արգելվում է պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց ներառումը բուհի կառավարման խորհրդում։ Օրենքի նախագծում սահմանվում է, որ անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից՝ բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների բուհ ընդունվելու համար պարտադիր է դառնում «Հայոց լեզու» առարկայի քննությունը։ Բուհերի և գիտական կազմակերպությունների ակադեմիական ազատությունների ապահովման ու կառավարման մեխանիզմների գործունեության առնչությամբ տրված են մի շարք նոր կարգավորումներ։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը հաստատելու օրենսդրական նախաձեռնությունը կառավարությունը համարել է անհետաձգելի. դրանք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
