«Արդյո՞ք առկա է անպաշտպանության, ազգային խայտառակության ավելի ցայտուն օրինակ»․ Գոհար Մելոյան
297
Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2020 թ., 08:25
Իրավաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանն այսօր կազմակերպել է ավելի քան 120 դիվանագետների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցների այցը Ֆիզուլի քաղաք: Ադրբեջանի իշխանությունների նպատակն է՝ ցույց տալ «հայերի և Հայաստանի Հանրապետության կողմից ամբողջությամբ ավերված» Ֆիզուլի քաղաքը՝ ներկայացնելով մեզ որպես ագրեսոր, իսկ Ադրբեջանին՝ որպես 30 տարի շարունակ տուժած կողմ: Ավելին՝ այս այցի կազմակերպումն անհրաժեշտ է դիտարկել նաև Հայաստանից ավելի քան 50 միլիարդ դոլլարի պատճառված վնասի հատուցում պահանջելու վերաբերյալ Իլհամ Ալիևի մտադրության իրականացման և դրա միջազգայնացման շրջանակներում: Պատերազմի ընթացքում Ադրբեջանի իշխանությունները նման այցեր էին կազմակերպել նաև դեպի Գյանջա և Բարդա քաղաքներ: Իսկ ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանություններն այս ընթացքում: Որևէ գիտակից մարդ կարող է պարզաբանել, թե՝ 1. ինչո՞ւ մինչ օրս Հայաստանում հավատարամագրված դիվանագետներին, ռազմական կցորդներին և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին չեն ներկայացվել մեր կողմից գերեվարված երկու սիրիացի վարձկանները, 2. ինչո՞ւ Հայաստանում հավատարամագրված դիվանագետների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցների համար չի կազմակերպվել որևէ այց դեպի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղ և Վարդենիս քաղաք, ինչպես նաև ՀՀ այլ բնակավայրեր, որոնք անմիջականորեն տուժել են Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում, 3. բացառությամբ Մարդու իրավուքների պաշտպանի և իր աշխատակազմի փայլուն աշխատանքի, արդյո՞ք որևէ պետական մարմին Հայաստանում հավատարամագրված դիվանագետների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին ներկայացրել է գերեվարված և մահացած ՀՀ զինծառայողների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների գործած վայրագությունները: Այսօր հրապարակվեց ևս մեկ տեսաձայնագրություն, որում Վազգենաշեն գյուղում մարդիկ թողնում են իրենց տները և բեռնում իրերը՝ ադրբեջանական զորքի անմիջական ներկայության և ծաղրանքի պայմաններում: Արդյո՞ք առկա է անպաշտպանության, ազգային խայտառակության և ամոթի ավելի ցայտուն օրինակ: Որտե՞ղ են և որտե՞ղ էին Հայաստանի իշխանությունները: Եվ այդ ընթացքում Կառավարության շենքում հանդիպում են ԱԶԳԱԴԱՎ ԴԱՎԱՃԱՆԸ և նրա խամաճիկը՝ ԱԶԳԱԴԱՎ ԾԱՂՐԱԾՈՒՆ: Այս նկարը ՀՀ պատմության մեջ պետք է մտնի, որպես՝ դավաճանության, ամոթի, անհեռատեսության և տկարամտության պատկեր»: