Երևան`   +19 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

«Ադրբեջանում «հերոսական հաղթանակն» արդեն սկսեցին պյուղոսյան անվանել». Խզմալյան

364
Կիրակի, 15 նոյեմբերի, 2020 թ., 23:25
«Ադրբեջանում «հերոսական հաղթանակն» արդեն սկսեցին պյուղոսյան անվանել». Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՊԱՐՏՎԵԼ
Այսօր նոյեմբերի 15-ն է՝ ղազագրի օրացույցով հայոց պարտության առաջին օրը։ Այսօր պետք է որ հանձնվեր Քարվաճառը, դրանով իսկ վերջ դնելով հայոց Արցախի հյուսիսային միջնաբերդի գոյությանը։ Սակայն արի ու տես՝ ինչ-որ բան աննկատելիորեն փոխվել է քաղաքական մթնոլորտում և նախորդ երեք օրվա խավարում լույսի թույլ նշույլ է նշմարվել։ Այո, Քարվաճառից հեռացել է բնակչության մեծ մասը, այրելով տները, այո, Դադիվանքում ռուսական զրահամեքենաներ են հայտնվել, սակայն տաճարի խաչը մնաց գմբեթում, իսկ հայոց զորքը չի իջել Օմարի լեռնանցքից։ Ժամ առ ժամ փոխվում է տրամադրությունը նաև Բաքվում։ Նոյեմբերի10-ի կենդանական հրճվանքը փոխվում է ավելի ու ավելի մռայլ գնահատականներով։ Եվ խնդիրը ոչ միայն դագաղների սկսված հոսքն է, այլ նաև անիմաստ արկածախնդրության, «էշ-նահատակության» աճող գիտակցությունն է, որի առաջին վկայություններն ուղիղ հնչում են առավել խելացի ազերի վերլուծաբանների գնահատականներում՝ Ալիևին ներկայացվող մեղադրանքների տեսքով։ Այո, որքան էլ տարօրինակ կարող է թվալ շարքային հայ քաղաքացուն, Ադրբեջանում «հերոսական հաղթանակն» արդեն սկսեցին պյուղոսյան անվանել։ Եվ պատճառն այն է, որ հսկայական կորուստների, զոհերի, քայքայված բանակի ու տնտեսության գնով Ալիևը հանձնեց իր երկրի ինքնիշխանությունը Թուրքիային, փոխարենն ստանալով ռուսական ռազմական ներկայությունը «ազատագրված» ամայի տարածքի ողջ երկայնքով։ Իհարկե, դա թույլ մխիթարանք է հայերիս համար, հիշելով մեր զոհված զինվորների ահավոր թիվն ու տարածքային կորուստները։ Սակայն աշխարհում ամեն ինչ հարաբերական է և հասկացվում է համեմատության մեջ։ Իսկ համեմատությունը ցույց է տալիս, որ 2020 թվականի 44-օրյա աշնանային պատերազմում Հայաստանը դիմակայեց բազմամիլիոնանոց ազերի-թուրքա-ահաբեկչա-ռուսական դաշինքի ռազմական հարձակմանը հնավորինս նվազ կորուստներով և վերածննդի քաղաքական հեռանկար ստանալով։ Հայաստանը ՉԻ ՊԱՐՏՎԵԼ։ Նախևառաջ՝ աշխարհն աճող դժգոհությամբ քննադատում է և չի ընդունում ռուս-ազերա-թրքական վերջնագիրը Հայաստանի կապիտուլյացիայի մասին, որը ստորագրեց Փաշինյանը և որին հայ ժողովուրդն արդեն տվել է «ղազագիր» արհամարհական բնորոշումը։ Ավելին, հայկական ղեկավարության մեծ մասը՝ նախագահը, ԱԳՆ, ԱԺ, փաստորեն մերժել է այս «փաստաթուղթը», հայտարարելով իրենց անտեղյակ կամ անհամաձայն լինելու մասին։ Չի կատարվել ՀՀ Սահմանադրության պահանջը՝ միջազգային պայմանագրի ԱԺ կողմից վավերացնելու մասին։ Իսկ ամենակարևորը՝ Հայաստանին թելադրված արցախյան պարտությունը գրեթե միաձայն մերժում է հայ ժողովուրդը։ Անգամ Արամ կաթողիկոսն է այսօր բարձրաձայնել իր անհամաձայնությունը դրան։ Աշխարհը շատ ուշադիր հետևում է հենց մեր հասարակության արձագանքին։ Հետևում է դրան նաև գլխավոր շահառուն՝ Կրեմլը։ Բանն այն է, որ Հայաստանի ռուս-թրքական նոր զավթումը կարող է կայանալ միայն հայ ժողովրդի «շնորհակալական» դիրքորոշման դեպքում։ Բոլոր այլ տարբերակներում Պուծինի ցինիկ հաշվարկները չեն աշխատելու՝ դրանք բախվելու են և արդեն բախվում են հայերի դիմադրությանը, որը քաղաքացիական անհնազանդության դաշտից կարող է տեղափոխվել պարտիզանական պատերազմի դաշտ։ Անգամ նախապես պատրաստված 17 ռուսամետ կուսակցությունների, ԱԱԾ-ի և այլ ռուսական գործակալների բուռն աջակցությունը չի օգնի։ Պուծինյան թուլացած Ռուսաստանն այլևս հզորացող Սովետը չէ, ոչ էլ էրդողանական Թուրքիան է այսօր ի վիճակի մարսել այսպիսի բյուզանդական տժվժիկ։ Եթե հայերը պարտված իրենց չեն համարում, ուրեմն պատերազմը հաղթանակ չի բերել։ Բայդենի խորհրդականներն արդեն ակնարկել են Թուրքիային սանձելու առաջնահերթության մասին, Ֆրանսիան և Կանադան արդեն կոշտ պահանջներ են ներկայացրել Մոսկվային։ Վերջին 24 ժամվա ընթացքում Պուծինի ցինիկ ու արհամարհական տոնը կտրուկ փոխվել է։ Այսօր նա հանկարծ հիշեց հայկական քրիստոնեական տաճարների պահպանման մասին և սրտաճմլիկ երաշխիքներ է հնչեցրել Դադիվանքի և Շուշիի Ղազանչեցոցի վերաբերյալ։ Չեկիստի կրոնական զգացմունքները ոչ ոքի չեն խաբի՝ իրականում Արևմուտքը սպառնացել է Պուծինին միջազգային ահաբեկչության հովանավոր նրան ճանաչելու հեռանկարով, ակնարկելով Արցախում թուրք և արաբ ջիհադիստների հանդեպ նրա հանդուրժողականությունը։ Կրեմլը, որը դեռ երեկ չեր թաքցնում սեփական հրճվանքը՝ առանց մի կրակոցի Հայաստանի, Ազրբեջանի, նաև Իրանի հանդեպ Արցախում ռազմական գերակայության ստանալու կապակցությամբ, այսօր մի փոքր ավելի մտահոգ է։ Իրականում Պուծինի մարտավարական հաջողությունը կրկին բերում է Ռուսաստանին ռազմավարական պարտություն՝ ևʹ Հայաստանում, ևʹ Ադրբեջանում ռուսական ներկայությունը դիտվում է որպես անկոչ զավթում։ Առանց կոմունիկացիոն ամուր կապի, առանց տեղական բնակչության աջակցության, ռուսական ռազմարշավը դեպի Արցախ արագ վերածվելու է վիետնամա-աֆղանական արկածախնդրությանը։ Եթե չհաշվենք փոքրաթիվ հայ դավաճանների Զորի Բալայանի դպրոցից, հայությունը չի հանդուրժի նոր ռուսական զավթումը, որը անթաքուստ ցինիզմով համեմված է թրքական ներկայությամբ, ինչպես և 100 տարի առաջ։ Չափազանց ակնհայտ են և ցավալի զուգահեռները Հայաստանի 1920 թ․ ռուս-թրքական զավթման և 2020 թ․ թրքա-ռսական «խաղաղապահ առաքեության» միջև։ Ու եթե պատերազմի ավարտից 10 օր առաջ պաշտոնական Երևանը մերժեց Արևմուտքի կողմից առաջարկված արժանապատիվ լուծումը՝ Արցախի ճանաչում Կոսովոյի օրինակով և սկանդինավյան խաղաղպահների տեղակայումը ռազմաճակատի արևելյան սահմանով, ապա մոտ ապագայում հրաժարվել նման տարբերակ չի հանդգնելու ոչ մի հայ կառավարություն, հինը թե նորը։ Իսկ այս ընթացքում, եկեք զինվենք ոչ միայն համբերությամբ ու տոկունությամբ, այլ նաև մեզ միշտ պակասող բյուզանդական ցինիզմով և թույլ տանք մեր թշնամիներին թուլացնել միմյանց։ Ռուս-թրքական հակասությունները, ինչպես նաև ռուս-ադրբեջանական լարվածությունը թույլ կտա մեզ ժամանակ շահել քաղաքական, տնտեսական ու նաև ռազմական մեր ներուժը հավաքելու, Արևմուտքի հետ լուրջ բանակցություններ սկսելու, Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Իսրայելի հետ մեր հարաբերությունները չշտելու և շտկելու համար։ Ժամանակն անգին է և մենք պետք է աշխատացնենք այն մեր օգտին։
Հայաստանը չի պարտվել։ Մենք չենք կարող պարտվել։ Պատերազմի առաջին օրերին ունեցած այս համոզմունքս կրկնում եմ նաև այսօր, դառնագույն այս պահին։ Հիմա նոյեմբերի 15-ն է, մայրամուտ, մտքիս եկավ 1805 թ․ դեկտեմբերի 2-ի Աուստերլիցի ճակատամարտի ավարտին ասված Նապոլեոնի հայտնի խոսքերն Աուստերլիցի արեւի մասին։ Ակամա հիշեցի Մարտակերտի շրջանի դիրքերում խրամատիցս արված իմ այս լուսանկարը, որտեղ ծագող արեւի շողքերում երեւում են շարունակվող մարտի ութ թե տաս պայթյունները մեկ ակնթարթում։ Այսպսիսին էր կրակի խտությունը, այսպիսին էր պատերազմի բնույթը։ Սակայն մենք չնահանջեցինք ոչ մի քայլ։ Մենք հաղթելու ենք մարդակերին, մենք պաշտպանելու ենք մեր մարդակերտ Հայրենիքը՝ Մարտակերտից մինչև Երևան, և հետո դեպի Արևմուտք։ Այնտեղ է Արարատը, Կարսը, Վանը, Մուշը։ Մենք դեռ կհաղթենք»։