Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

495
Երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ., 14:35
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգվեց Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Նիստի ընթացքում պաշտպանական կողմը հայտնել էր, որ պետք է ապահովել հակահամաճարակային անհրաժեշտ պայմանները՝ հատկապես նիստերի դահլիճում դատավարության մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը։

Նշենք, որ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դատավարության սկզբից հայտնել էր, որ շփվել է COVID-19-ով վարակակրի հետ և պատրաստվում է թեստավորվել։

Դատարանն առաջարկեց օգտագործել դահլիճի մյուս հատվածը՝ սոցիալական հեռավորություն պահելու համար. «Եթե դատավարության մասնակիցների մի մասը տեղափոխվի այդ հատված, ապահովվեն սեղաններ, հնարավոր համարո՞ւմ եք այսօրվա նիստի շարունակությունը»,- հարցրեց Դանիբեկյանը:

Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Ես՝ ոչ. այս դեպքում կառաջարկեի նույնիսկ կես ժամ ընդմիջել, ախտահանում անել»:

Նիստի ընդմիջումից հետո դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատական նիստը հետաձգվում է: Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 7-ին՝ ժամը 13:00-ին: