«Փաստացի գտնվում ենք երրորդ համաշխարհային պատերազմի վիճակում»․ Արման Աբովյան
547
Կիրակի, 19 ապրիլի, 2020 թ., 23:15
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դե ինչ, ժողովուրդ ջան, հուսով եմ, որ մեր բոլորիս մոտ քիչ-քիչ տեղի է ունենում երկու շատ կարևոր երևույթների գիտակցում, որոնք, թեև գլոբալ բնույթ են կրում, սակայն միանշանակ ազդեցություն են թողնելու ամեն մեկիս վրա: Նախ պետք է արձանագրել, որ մենք այժմ ՓԱՍՏԱՑԻ գտնվում ենք երրորդ համաշխարհային պատերազմի վիճակում. միակ տարբերությունն այն է, որ ողջ մարդկության թշնամին մանրադիտակային վիրուս է, բայց երևույթի էությունը դրանից չի փոխվում: Ի վերջո, ինքներդ ձեզ համար մտածեք. ամբողջ մոլորակը ռեսուրսներ է նետել այս պատերազմին, բայց պատերազմների պատմության մեջ առաջին անգամ չկան չեզոք երկրներ, բոլոր երկրները պայքարում են, պարզապես այս պատերազմի առաջնագծում զինվորների փոխարեն բժիշկներ են: Ինչպես և ցանկացած պատերազմ, երրորդ կորոնովիրուսային պատերազմը զարգանում է ըստ դասական սխեմայի. նախ՝ վիրուսի հարձակումը, հետո՝ զոհեր, այնուհետև տեղի է ունենում բնակչության մոբիլիզացիա (կարանտին), ապա տնտեսության կանգ, լճացում և տնտեսական ճգնաժամ: Կորոնովիրուսի երրորդ համաշխարհային պատերազմը առանձնանում է նաև նրանով, որ այս պատերազմում չկան և չեն կարող լինել դասական իմաստով հաղթողներ: Բայց տարօրինակ է, որ այնուամենայնիվ, այս պատերազմում անպայման կլինեն պարտվողներ, ընդ որում, պարտությունը շատ պարզ կարտահայտվի: Այն երկրները, որոնք չեն կարողանա հարմարվել հետկորոնավիրուսային աշխարհի նոր ձևաչափին, կանհետանան, նախ և առաջ՝ տնտեսապես, և հետո, բնականաբար, քաղաքականապես: Սա անվիճելի փաստ է, քանի որ համաճարակն, ըստ էության, միայն արագացրեց աշխարհի նոր տնտեսական և քաղաքական վերփոխումը, վիրուսը միայն արագացրեց այս գործընթացները: Հիմա մենք պետք է հասկանանք ամենակարևորը, որքան արագ մենք սա գիտակցենք և գտնենք նոր տնտեսական պայմաններում գոյատևելու մեր բանաձևը, այնքան բարձր են այս պատերազմից դուրս գալու մեր հնարավորությունները՝ համեմատաբար ընդունելի տնտեսական կորուստներով: Կա ևս մեկ դրական պահ. լիբերալիզմի այլայլված տեսության վրա հիմնված համաշխարհային գլոբալիզացիան նույնպես մնացել է անցյալում. եկել է գլոբալ առումով ամբողջ աշխարհում կոշտ ուղղահայաց կառավարման և պահպանողական կենտրոնամետ ուժերի գաղափարների գերակայության ժամանակը: Աշխարհի զարգացման նոր գաղափարախոսությունը հիմնված կլինի ազգային քաղաքական կառույցների (երկրների) խորքային զարգացման և այդ կառույցներում արվող ներդրումների վրա: Բայց այս մասին, եթե հետաքրքիր է, մենք կխոսենք հաջորդ անգամ...»։