Երևան`   +24 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ.

Տնտեսվարողների համար հաստատվել է 8,5 մլրդ դրամի հայտ

172
Հինգշաբթի, 09 ապրիլի, 2020 թ., 21:05
Տնտեսվարողների համար հաստատվել է 8,5 մլրդ դրամի հայտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման շուրջ քննարկումները:

Նախ անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարության ընդունած տնտեսական միջոցառումների ընթացքին: Մասնավորապես, զեկուցվել է, որ արդեն իսկ հաստատվել է տնտեսվարողներին արտոնյալ պայմաններով վարկային ռեսուրսների տրամադրման 8,5 մլրդ դրամի հայտ: Նախորդ օրվա համեմատ այդ ծավալն ավելացել է 3 անգամ: Նշվել է, որ վարկային ծրագրերից օգտվելու հայտերի քննարկումները լայնածավալ կերպով շարունակվում են և օգտվողների թիվն ու ցուցաբերվող օժանդակության ծավալները կշարունակեն ընդլայնվել:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է տեղի ունեցող գործընթացը և նշել, որ այն ևս մեկ անգամ վկայում է՝ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները հաջողությամբ կյանքի են կոչվում:

Այնուհետև քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) մշակած «Սեփական կապիտալի համաֆինանսավորման» ծրագիրը, որով առաջարկվում է գյուղատնտեսության, առողջապահության, արդյունաբերության, զբոսաշրջության և ռազմական արդյունաբերության ոլորտներում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացնել ներդրումային ծրագրեր: Ծրագրի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել ծրագրի իրականացման ուղղությամբ քննարկումները՝ դրա արդյունավետությունը գնահատելու նպատակով: