Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ.

Մակունցը՝ հանրաքվեի ու կառավարման մոդելն անփոփոխ թողնելու մասին

141
Ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ., 16:25
Մակունցը՝ հանրաքվեի ու կառավարման մոդելն անփոփոխ թողնելու մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը փետրվարի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ հանրաքվեի ակտիվ քարոզչություն է սպասվում. առաջիկա քայլերի մասին հետագայում կխոսի «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը:

Խմբակցության ղեկավարը խուսափեց կանխատեսել, թե որքան մարդ կմասնակցի հանրաքվեին, սակայն պնդեց, որ ակտիվ քարոզչությունը կբերի ակտիվ մասնակցության:

Նախօրեին վարչապետը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, թե կառավարման մոդելի փոփոխություն չի լինելու: Հարցին, թե այդ հայտարարությունն ընտրազանգվածին հուսախաբ անել չի՞ համարում, Լ. Մակունցը բացասական պատասխան տվեց: Ըստ նրա՝ սահմանադրական փոփոխությունների աշխատանքային խումբն արդեն ստեղծվել է, և այն հարցերը, որոնք մտահոգություն են առաջացնում, կարող են սահմանադրական փոփոխությամբ լուծվել: Ինչ վերաբերում է կառավարման մոդելի փոփոխությանը, ապա Մակունցը հիշեցրեց, որ ժամանակին ունեցել ենք կիսանախագահական կառավարման մոդել, որը սակայն իրականում գործել է որպես սուպերնախագահական: «Իրավական գործընթացներից, ինստիտուցիոնալ փաստաթղթավորումից բացի, չափազանց կարևոր է քաղաքական կամքը: Ցանկացած մոդելի ընտրության պարագայում եթե չլինի քաղաքական կամք, չի կարող գործել անգամ ամենաիդեալական մոդելն այնպես, ինչպես նախատեսված է»,- հայտարարեց նա:

Երկրորդ հարցին՝ ավելի ճիշտ չի՞ լինի, որ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը, որը ՍԴ-ն լեգիտիմ մարմին չի համարում, հրաժարական տա՝ աշխատանքային բացակայությունների փոխարեն, իշխանական խմբակցության ղեկավարն ասաց, թե հարցի իրական հասցեատերը ՍԴ-ն է, ինքը չգիտի, թե ինչ է թաքնված Վ. Գրիգորյանի բացակայությունների տակ:

Լ. Մակունցը բացասական պատասխան տվեց նաև այն հարցին, թե Արցախի ներքաղաքական կյանքին միջամտություն չի՞ համարում վարչապետի այն հայտարարությունը, թե արցախցիները չպետք է քվե տան այն թեկնածուներին, ովքեր ՀՀ լեգիտիմ իշխանությունների մասին ատելության քարոզ են անում:

«Ոչ, բոլորովին դա չի նշանակում»,- ասաց նա: