Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ.

«Ամուլսարում հանքի շրջափակումն օրինական է». էկո փորձաքննության խորհրդատու

624
Ուրբաթ, 31 հունվարի, 2020 թ., 23:10
«Ամուլսարում հանքի շրջափակումն օրինական է». էկո փորձաքննության խորհրդատու

Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա ՀԿ նախագահ, էկո փորձաքննության խորհրդատու Սրբուհի Հարությունյանը ներկայացրել է «Ամուսլարում հանքի շրջափակումն օրինական է» հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև:

«Լրատվամիջոցներում Լիդիանը հայտարարություն է տարածել, որի վերաբերյալ հարկ ենք համարում արձագանքել միայն երրորդ հարցի պատասխանին. Այն է.

– Ապօրինի շրջափակումն ու կառավարության անգործությունը հանգեցրեց նրան, որ «Լիդիանը» չկարողացավ լրացուցիչ ֆինանսավորում գտնել չնախատեսված ծախսերը ծածկելու համար։ Արդյունքում Ընկերությունը ստիպված եղավ դիմել CCAA պաշտպանության, որը և հանգեցրեց ապացուցակման։

Այս առթիվ հայտարարում ենք, որ Ամուլսարում երբեք ապօրինի շրջափակում չի եղել և չկա: Նաև հայտարարում ենք, որ Ամուլսարի հանքի մատույցներն արգելափակոող գործողություններն օրինական են: Նախկին կառավարության օրոք Ամուլսարի հանքի շահագործման ազդեցության վերաբերյալ կայացվել է ապօրինի որոշում՝ անտեսելով ՀՀ առնվազն երկու մարզերի բազմահազար բնակչության կենսագործունեության միջավայրի կորստի սպառնալիքը: Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ Լիդիանի նախագծի վտանգները հակասել են ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ վավերացրած միջազգային կոնվենցիաերին և ՀՀ օրենսդրության բազմաթիվ պահանջներին՝ բնապահպանական, էկոլոգիական անվտանգության վերաբերյալ, առաջացնելով բազմաթիվ վտանգներ՝ շրջակա բնական միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների նկատմամբ և՝ մարդու էկո-իրավունքի իրացման խնդիրներով: Լիդիանի ընդերք-օգտագործման իրավունքի հիմքը՝ ԲՓ-35 դրական եզրակացությունն ապօրինի է հետևյալ իրավախախտումների պատճառով.

1. Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների արդյունահանման համալիրի Շրջակա Միջավայրի վրա Ազդեցության Գնահատումը կատարվել է ոչ լիարժեք և ՇՄԱԳ-նախագիծը կազմվել է հակասելով ՀՀ վավերացրած Էսպո-Կոնվենցիայի պահանջներին՝ թաքցնելով չկարգավորվող անդարձելի ռիսկերը, առանց երաշխավորելու բարձր ռիսկերի կարգավորումները և առանց անվտանգության ապահովման (էկո-մոնիթորինգի պլան գոյություն չունի): Առանց վերացնելու այս թերությունները՝

2. ՀՀ նախկին բնապահպան նախարարը 2016թ. ապրիլի 29-ին հաստատել է ԲՓ-35 դրական եզրակացությունը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների արդյունահանման համալիրի ՇՄԱԳ-ի վերաբերյալ (կորրուպցիոն գործարքի արդյունքում): Հենց այնպես ոչ մի պաշտոնյա ոչ մի դեպքում դրական եզրակացություն չի ստորագրի՝ անդարձելի, բարձր, չկարգավորվող ու թաքցրած ռիսկերով հագեցած նախագծի թույլատրելիության վերաբերյալ:

3. ԲՓ-35 եզրակացության հիմքում անտեսվել է հանքի շահագործման ազդեցությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա: Էկո-փորձաքննության լիազոր մարմինը և նախաձեռնող՝ Գեոթիմ-Լիդիանը Ջերմուկի բնակչությանը ազդակիր համայնք չեն համարել՝ դիտավորյալ, որով խախտել են ՀՀ վավերացրած Հանրության մասնակցության մասին Աարհուսի կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները: Այդպես Ջերմուկի բնակչությունը զրկվել է իրենց կենսագործունեության վրա ազդող նախաձեռնության վերաբերյալ քննարկմանը մասնակցելու, որոշման վրա ներգործելու իրավունքից:

4. Լիդիանի նախագծով Ամուլսարի գագաթն անջատվել է հիմնական լեռնազանգվածից, որը երկրաբանական և լեռնահանքային կոպիտ սխալ է՝ նախագիծը երկրաբանական հիմնավորում չունի: Նախագիծը նաև տնտեսագիտական հիմնավորում չունի, քանի որ ՀՀ օրենսդրությամբ թափոնների վճար սահմանված չէ՝ ՀՀ համար վտանգավոր ու վնասակար թափոնների 5,3 մլրդ.դոլարի համարժեք տնտեսական վնասը չի երևում, իսկ արդյունահանված ամբողջ ոսկու վերջնական արժեքը կազմում է 2,5 մլրդ. դոլար, որից ՀՀ-ին ոչինչ չի պատկանում:

5. Նախագծով կույտային տարրալվացման հարթակի (ԿՏՀ) տարողությունը սահմանված է ավելի քան՝ 100 մլն.տ, որտեղ ցիանացման արդյունքում հանքանյութը վերածվում է հարստացման պոչերի, որոնք կուտակվում են ԿՏՀ-ում: Փաստացի՝ ԿՏՀ պոչամբարի դեր է կատարում, բայց կառուցման տեխնիկական պահանջները, վտանգավորության աստիճանը չեն համապատասխանում պոչամբարի անվտանգության պահանջներին:

6. Մինչև 2017թ. ապրիլի 29-ը Լիդիանը չի գործարկել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների արդյունահանման համալիրը (թեև նախորդ 10 տարվա ընթացքում որոշում կայացնող ՀՀ պետական պաշտոնյաները մի քանի անգամ կանաչ ուղի են հարթել այդ նպատակով) և սպառել է ԲՓ-35-ով իրեն հատկացված վերջին ժամանակը՝ չիրացնելով հանքի շահագործման իրավունքը:

Հետևաբար՝ ՀՀ ՇՄ նախարարը, իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից պարտավոր էր ԲՓ-35 փորձաքննական եզրակացության ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ ներկայացնել հաստատման, որով կվերանա ԲՓ-35-ի հիման վրա ձևակերպված հանքային իրավունքը: Սակայն այս օրինական պահանջը ՀՀ ոչ մի կառավարություն չի կատարել և չի կատարում 2017թ.ապրիլի 30-ից մինչ օրս, անտեսելով նաև՝ վերը թվարկված իրավախախտումներն ու վտանգները, արգելքի իրավական հիմքերը, նաև՝ նոր ի հայտ եկած հանգամանքը (ռադիոակտիվ ուրանի, թորիումի առկայությունը և շրջակա բնական միջավայրի իոնիզացման վտանգը, ELARD-TRC-ի անկախ մասնագիտական եզրակացությունը, ՀՀ գիտնականների ներկայացրած հիմնավորումները, Լիդիանի նախագծային տվյալների փոփոխությունները): ՇՄ նախարարը օրենքով սահմանված իր իրավասությունը չի գործադրում և չի պահպանում Վայքի, Սյունիքի մարզերի բնությունը: Եթե հիշենք նաև՝

1. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019թ. զրույցը՝ Դիմագրքում, որով փորձում էր ինչ-որ կերպ համոզել հայ հանրությանը, որ Ամուլսարի հանքի շահագործումն անվտանգ է և մեր տնտեսությանը պետք է, բայց ըստ էության որևէ համոզիչ փաստարկ չուներ;

2. այնուհետև՝ սեպտեմբերի 9-ին վարչապետի խնդրանք-պահանջը՝ Ամուլսարի ճանապարհները բացելու վերաբերյալ և սեպտեմբերի 11-ի հայտարարությունը;

3. այնուհետև՝ 2019թ. սեպտեմբերի 22-ին վարչապետի պատասխանը ԱՄՆ-ում՝ որ Ամուսարի հանքի շահագործման արգելքի իրավական հիմքեր չկան;

4. ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար՝ Տիգրան Խաչատրյանի հարցազրույցը 1in.am-ում, որով ներկայացրեց Ամուլսարի հանքի շահագործման տնտեսական միայն դրական կողմերը՝ 10տարվա ընթացքում, բայց ոչինչ չասեց 5,3մլրդ.դոլարի համարժեք վտանգավոր, վնասակար թափոնների մշտական վտանգի վերաբերյալ;

5. նաև՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարաությունը Վրաստանում՝ Ամուլսարի հանքի շահագործման արգելակման վերաբերյալ հարցին;

6. վարչապետի վերջին պատասխանը 2020թ.հունվարի 25-ին Կապանում՝ ասուլիսի ժամանակ; ..

Այս ամենի ընդհանրացումից ստացվում է, որ մեր հեղափոխական կառավարությունը ոչ թե անգործություն է դրսևորել, այլ՝ հովանավորել է այս ԱՊԵՐԱԽՏ Լիդիանին՝ Ամուլսարի հանքի շահագործման հարցում (էլ չասեմ, թե լիդիանը քանի-քանի դատական հայցեր է ներկայացրել բնապահպանների օրինական գործունեությունը խոչնդոտելու նպատակով): Իսկ որ չնախատեսված ծախսեր են առաջացել՝ պատճառը ՀՀ օրենքների խախտումներով աշխատող Լիդիանի թանկարժեք աշխատակազմն է։ Համենայն դեպս՝ Ամուլսարի հանքի մատույցների օրինական արգելքով Լիդիանի ավելորդ ծախսերը կրճատվել են՝ 2018թ. հուլիսից հետո ոչ մի ծախսատար գործողություն չի արվել, նրանց թույլատրվել է միայն՝ մեքենա-սարքավորումների ձմեռացումն ապահովել:

Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ Ամուլսարի պահապանները ՀՀ պատասխանատու քաղաքացիներ են և իրացնելով ՀՀ Սահմանդրության 12-րդ հոդվածի պահանջները, պաշտպանում են իրենց կենսագործունեության միջավայրը՝ ճիշտ ժամանակին, պահանջված վայրում: Ամուլսարի պահապանները, արգելափակելով հանքի շահագործման ճանապարհները՝ երաշխավորում են Սևանա լճի, Արփա, Որոտան գետերի, Կեչուտ, Հերհեր և Սպանդարյան ջրամբարների անվտանգությունը, ինչպես նաև պահպանում են՝

• Ամուլսարի ջրագոյացման և ջրբաժան հատկությունները,

• Վայոց Ձորի և Սյունիքի կենսաբազմազանությունը, Ամուլսարի լեռնային արոտներն ու ալպիական մարգագետինները,

• Ջերմուկի հանքային թերմալ ջրերի բնական ջրավազանը, որի շնորհիվ Ջերմուկը շարունակում է իր 70-ամյա միջազգային համբավ վայելող առողջարար գործունեությունը,

• զբոսաշրջիկների, լեռնագնացների սիրելի յուրահատուկ բնական միջավայրը,

• գյուղական համայնքների արժանապատիվ գոյության միջավայրը, ....

• միաժամանակ նպաստում են վնասակար գործողությունների կանխարգելման վերաբերյալ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների պահպանմանը, ….

Արգելափակելով հանքի մատույցները 2018թ. հունիսի 22-ից հետո՝ Ամուլսարի պահապանները ՕՐԻՆԱՎՈՐ ԵՎ ԻՐԱՎԱՑԻ ԸՆԴԴԻՄԱՆՈւՄ ԵՆ ԱՊՕՐԻՆՈւԹՅԱՆԸ, ԿԱՆԽԱՐԳԵԼՈւՄ ԵՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ, ՎՆԱՍՆԵՐԸ, ՎԹԱՐՆԵՐԸ, ԱՂԵՏՆԵՐԸ, իսկ ԲՓ-35-ի իրավական ուժը մարել է 2017թ. ապրիլի 30-ին: Փաստորեն՝ Ամուլսարի հանքի շահագործումն արգելակող գործողությունները նաև պահանջված են: Ուստի ՀՀ որևէ կարգի պետական պաշտոնյա իրավունք չունի Ամուլսարի պահապան բնակչությանը որևէ պահանջ ներկայացնել՝ Ամուլսարի հանքի մատույցները բացելու վերաբերյալ՝ անկախ նրանից, թե ճանապարհ բացելու քանի անվստահելի դատավորի որոշում կա, թե միջազգային բորսաներում ինչ արժեթղթեր, մետաղների ինչ գներ կան, թե քանի ներդրումներ կլինեն կամ չեն լինի ՀՀ տնտեսությունում: Ցանկացած օգտակար հանածոյի արդյունահանման թույլատրելիությունը պարզվում է երկրի տնտեսական շահը համադրելով բնօգտագործման անվտանգությանը: Ամուլսարի դեպքում այդ երկուսը հակադրվում են, որի պատճառով ՀՀ տնտեսական օգուտը ցնդում է, իսկ վտանգերը մնում են: Եվ ուրեմն՝ պարտադրված ենք առաջնահերթ անվտանգությունը գերադասել շահույթ-հարկեր-աշխատատեղեր-ից՝ մերժելով ցանկացած ներդրում, որով կթունավորվեն մեր բնական ռեսուրսները, կվտանգվի բնակչության կենսագործունեության միջավայրը»: