Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

Արսեն Թորոսյանը՝ Մարալիկի ծննդատան հետագա ճակատագրի մասին

351
Հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ., 15:35
Արսեն Թորոսյանը՝ Մարալիկի ծննդատան հետագա ճակատագրի մասին

«Մեր բոլոր գործողությունները պետք է դիտարկել մանկական և մայրական մահացությունը կանխարգելելու տեսանկյունից: Այդ սկզբունքից ելնելով՝ որոշվեց՝ ամենացածր շեմը դրվելու է 150 ծնունդ։ Մենք մեկ բացառություն էինք գրել, որ աշխարհագրական անհասանելիության դեպքում կարող ենք թույլ տալ, որ 150-ից ցածր լինի: Մնացած բոլոր դեպքերում հաշվարկվել են մոտակա ծննդատներ հասնելու թե՛ ժամանակը, թե՛ ճանապարհը։ Այն բոլոր դեպքերում, որոնց համար որոշում է կայացվել, այդ հասանելիությունն ապահովված է։ Այդ 20 կամ 30 կմ-ն ավելի հեշտ է հաղթահարելի, քան մի բարդ դեպքում երեխայի կյանքը փրկելը»,- այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Մարալիկի ծննդատունը փակելու որոշմանը, ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ Առողջապահության նախարարությունն այդ որոշմամբ ֆինանսական տնտեսում չի անում: Նախարարի խոսքով՝ ՀՀ-ում ծննդօգնություն մատուցող բոլոր կազմակերպությունների կարգավիճակը որոշվել է վերանայել դեռևս 2018 թվականի կեսերից:

Ա. Թորոսյանը նշել է, որ Մարալիկի ծննդատունը փակվում է մի շարք հիմքերով՝ անհրաժեշտ բժիշկների բացակայություն, ծնունդների թվի նվազում, շենքային պայմաններ։ «Մարալիկի ծննդատունը փակելով՝ մենք որևէ ֆինանսական տնտեսում չենք անում, քանի որ, միևնույն է, այդ գումարները տրվելու են Արթիկի ԲԿ–ին, որը գտնվում է Մարալիկից 15 կմ հեռավորության վրա»:

Հիշեցնենք, օրեր առաջ հայտնի դարձավ, որ դադարեցվել է Մարալիկի ծննդատան ֆինանսավորումը: Մարալիկի ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները, հարակից գյուղերի բնակիչների հետ միասին բողոքի ակցիա էին իրականացնում. նրանք փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը՝ պահանջելով աշխատանքային բնականոն պայմաններ ստեղծել ծննդատան հետագա գործունեության համար: