Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Էլեկտրոնային փականներ կդրվեն բեռների վրա». Դավիթ Անանյան

609
Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ., 12:50
«Էլեկտրոնային փականներ կդրվեն բեռների վրա». Դավիթ Անանյան

«Որպեսզի ավելի հասկանալի լինի՝ պատկերացրեք մի իրավիճակ, երբ Հայաստանից բեռներ են տեղափոխվում Վրաստան կամ Իրան, կամ հակառակը՝ Վրաստանից կամ Իրանից է տեղափոխվում ՀՀ, մաքսային մարմնի մոտ տեղեկատվություն է գեներացվում ապրանքի կամ տրանսպորտային միջոցի վերաբերյալ, մինչև ապրանքի կամ տրանսպորտային միջոցի՝ ՀՀ սահմանը կամ ներմուծվող երկրի սահմանը հատելը։ Մի երկրի մաքսային մարմինը բեռի վերաբերյալ նախնական տեղեկատվությունն ունենալուն պես անմիջապես ուղարկում է մյուս երկրի մաքսային մարմնին, որ սահմանային հսկողությունն ավելի դյուրացվի»,- այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Վրաստանի և Իրանի միջև ստորագրված համաձայնագրերին, մանրամասնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա նշեց, որ համաձայնագրերից մեկը լինելու է միջպետական համագործակություն և իրավական պարտականություն երկու երկրների միջև: «Նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տեղեկատվության փոխանակման մասին է խոսքը և այստեղ թե՛ մաքսանենգության դեմ առումով կլինի ավելի արդյունավետ գործողություն, թե՛ ուղղակի մաքսային հսկողության, բեռների դասակարգման առումով ավելի արդյունավետ կլինի»,- ասաց Անանյանը։

«Կան էլեկտրոնային փականներ, որ ՊԵԿ-ն այսօր ունի։ Դրանք դրվում են բեռների վրա և էլեկտրոնային եղանակով բեռների հետագծելիությունն ուսումնասիրվում է թե՛ վրացի գործընկերների, թե՛ ՊԵԿ-ի կողմից, առանց բեռների ֆիզիկական հսկողության»,- հավելեց ՊԵԿ նախագահը:

Հիշեցնենք, որ Վրաստանի և Իրանի հետ սահմանային հսկողությունը դյուրացնելու վերաբերյալ մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման համաձայնագիր է ստորագրվել:

Խոսելով մաքսատանը մեքենաների կուտակումների մասին, ասաց, որ դրանք հիմնականում բանկի հետ են կապված. «Մեկ բանկ էր սպասարկում և ֆիզիկական ծավալների առումով հերթեր էին գոյանում, բայց հիմա կարծում եմ այդպիսի բան չկա»,- հավաստիացրեց նա: