Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ոչ մեկն, ըստ էության, չգիտի, թե բացասական ինչ հետևանքներ է թողնում Սոթքի հանքավայրը». ՀԲՃ

293
Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ., 11:10
«Ոչ մեկն, ըստ էության, չգիտի, թե բացասական ինչ հետևանքներ է թողնում Սոթքի հանքավայրը». ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սոթքի հանքավայրին՝ ներկայացնելով, թե ինչպիսի լուրջ վտանգ է ներկայացնում հանքավայրի փոշին՝ բնական միջավայրի ու մարդկանց առողջության համար:

«Սոթքի ոսկու հանքավայրը գտնվում է ՀՀ արևելյան մասում, Սևանի լեռնաշղթայի ջրբաժան տեղամասում, Սևանա լճից մոտ 30 կմ դեպի արևելք: Հանքավայրի բացարձակ նիշերը տատանվում են 2150-2530մ: Մոտակա բնակավայրը՝ Սոթք գյուղը, գտնվում է բացահանքից 13 կմ հեռավորության վրա, իսկ արտադրական հարթակից՝ 6կմ: Մոտակա ջրահոսքը Սևանա լիճ թափվող Մասրիկ գետի Սոթք վտակն է:

Սոթքի հանքավայրի տարածքում ոսկի փնտրել են դեռ մեր թվարկությունից առաջ, ինչի մասին են վկայում հին լեռնամշակման աշխատանքների հետքերը բաց և ստորգետնյա հանքում: Սոթքի ոսկու հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքները սկսվել են դեռևս 1955թ-ին՝ ուղեկցվելով օբյեկտի շահագործման հետ: Մինչև 2001թ․ հանքաքարի արդյունահանումը իրականացվել է բաց և փակ եղանակով: 2001թ-ից առ այսօր ստորգետնյա հանքում լեռնային աշխատանքները դադարեցված են և շահագործվում է իրականացվում է միայն բաց եղանակով:

Ոչ մեկն ըստ էության չգիտի և չի ուսումնասիրել, թե ինչ բացասական հետևանքներ է իրականում թողնում այս հանքավայրը բնական միջավայրի ու մարդկանց առողջության վրա։ Առկա է հիմնականում միայն շահագործող ընկերության տվյալներն իրենց գործունեության արդյունքում մթնոլորտ և ջրային համակարգեր արտանետվող տարրերի, դրանց ծավալներն ու բացասական ազդեցությունը նվազեցնելու միջոցառումների վերաբերյալ։ Բոլոր փաստաթղթերում նշվում է, որ այդ արտանետումների արդյունքում էկոլոգիական խնդիրներ չեն առաջանա։

Տեղացիները լավ գիտեն, որ Սոթքի հանքավայրի փոշին տարածվում է տասնյակ կիլոմետրեր, իսկ տարածքից դուրս եկող աղտոտված ջրերը խառնվում են տարբեր առվակների և լցվում Մասրիկ գետի Սոթք վտակի մեջ։ Պետական մարմինները չունեն սեփական տվյալներ, թե ինչ որակական և քանակական ցուցանիշներ ունեն այդ ջրերը, որոնք Մասրիկ գետով ի վերջո հասնում են նաև Սևանա լիճ։ Կան միայն «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալները, որոնք ցույց են տալիս, որ Մասրիկ գետի ջրի որակը գետաբերանում՝ Սևանա լիճ թափվելուց առաջ, 4-րդ (անբավարար) և 5-րդ (վատ) դասի են»,- գրել է ՀԲՃ-ն։