Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Շատ դեպքերում տնտեսապես շահավետ է եղել տեխնիկական լուծումների չգնալ, 500-600 հազար դրամը վճարել և ընդհանրապես չանհանգստանալ». Էրիկ Գրիգորյան

457
Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ., 13:10
«Շատ դեպքերում տնտեսապես շահավետ է եղել տեխնիկական լուծումների չգնալ, 500-600 հազար դրամը վճարել և ընդհանրապես չանհանգստանալ». Էրիկ Գրիգորյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, հոկտեմբերի 17-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Արծվանիկի պոչամբարի վթարին, ասաց, որ վարչական վարույթի հարուցումից ու քննելուց հետո պարզ կլինի՝ ի՞նչ ծավալի ջուր պետք է այնտեղ բաց թողնվեր, և ո՞վ է մեղավոր կատարվածի համար: Ժամկետների մասին նախարարը ձեռնպահ մնաց խոսելուց: Ըստ նրա՝ դեպի Արծվանիկի գնացող խողովակները տեղադրվել են խորհրդային տարիներին: Եղել է պարտավորություն, որ չափաքանակից ավելի արտանետում, ինչպես նաև ջրառ չլինի:

«Սակայն քանի որ կարգավորումները մեծ մասամբ ձևական բնույթ են կրել, շատ դեպքերում տնտեսապես շահավետ է եղել տեխնիկական լուծումների չգնալ, լինի վթար, վճարեն դրա համար 500-600 հազար դրամը և ընդհանրապես չանհանգստանալ»,- նկատեց նախարարը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով, հոսքաջրերը լցվել էին Ողջի գետ։ Տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի հանձնարարությամբ տարածքը տեղազննվել էր, աղտոտված ջրերի նմուշառումներ էին արվել:

Նախարար Գրիգորյանը ճեպազրույցում ասել է նաև, որ գույքագրել են հանքավայրերը, առաձնացրել առաջնայինները: