Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Լավ չէ, որ վարչապետի գրառումները չեք կարդում». Մանե Թանդիլյանը՝ Դավիթ Անանյանին

239
Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ., 13:10
«Լավ չէ, որ վարչապետի գրառումները չեք կարդում». Մանե Թանդիլյանը՝ Դավիթ Անանյանին

«Դեռ սեպտեմբերի 7-ին վարչապետն այդ մասին գրառում էր կատարել և նշել էր, որ նման ընկերությունների թիվը 9 հազար է: Դուք այստեղ միանգամայն այլ թիվ նշեցիք: Ինպե՞ս կմեկնաբանեք այս տարբերությունը»,- սեպտեմբերի 20-ին ԱԺ նիստում «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: ՊԵԿ նախագահն ի պատասխան նշեց. «Վարչապետի հայտարարության մեջ երևի թյուրըմբռնում կա: Այն պահին, երբ մենք քննարկում էինք, ընդդհանրապես հին և նոր դեբետների գծով հարկ վճարողների քանակն այդ պահի դրությամբ 9072 էր, որից 2835-ը՝ հին դեբետ: Այդպիսի մանրամասն չկար վարչապետի գրառման մեջ, դրա համար Ձեզ մոտ կարող էր այդպիսի շփոթ առաջանալ»,- նշեց ՊԵԿ նախագահը:

Մ. Թանդիլյանն էլ նկատեց, թե՝ «լավ չէ, որ վարչապետի գրառումները չեք կարդում»: Դ. Անանյանն արձագանքելով՝ ասաց. «Որտեղի՞ց գիտեք՝ ընթերցում եմ, թե՞ ոչ: Ես ասացի՝ ինչին է վերաբերում: Եթե Ձեզ թվում է՝ ես սխալ տեղեկատվություն եմ տվել վարչապետին, նա էլ սխալ տվյալ է հրապարակել, համարեք, որ այդպես է»,-ասաց ՊԵԿ ղեկավարը:

Նշենք, որ ԱԺ-ն «Հարկային օրենսգրքում» փոփոխություններով առաջարկում է պետության կողմից տնտեսվարողներին վերադարձնել դեբետային պարտքերը՝ հետագայում դրանք տնտեսության մեջ ներարկելու համար:

Ըստ ՊԵԿ նախագահ Դ. Անանյանի՝ փոփոխությամբ Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձման նորմը կկիրառվի ԱԱՀ-ի բոլոր դեբետային գումարների վրա: Կբարձրացվի գումարների հետստացման սահմանաչափը: Այսինքն՝ եթե նախկինում վերադարձվում էին մինչև 20 միլիոն դրամի դեբետային գումարները, ապա այժմ այդ թիվը հասցվել է 40 միլիոնի: Բացի այդ, առաջարկվում է 5 մլն դրամը չգերազանցող դեբետային գումարները հարկ վճարողին վերադարձնել առանց դիմումի և ուսումնասիրության:

Դ. Անանյանի տվյալներով՝ 2835 տնտեսվարողին վերադաձման ենթակա գումարի չափը հասնում է 56 միլիարդ 443 միլիոն դրամի:

«Պետությունը պարտք է հարկ վճարողներին, դրանք այն գումարներն են, որոնք առաջացել են մինչև 2017թ. հուլիսի 1-ը, և պետությունը, այսօր ունենալով բավարար ֆինանսական միջոցներ, նպատակ ունի այդ հարկը վերադարձնել հարկ վճարողներին՝ ակնկալելով, որ նրանք դրանք կներդնեն տնտեսության մեջ և կնպաստեն տնտեսական աճին»:

«Դա հրաշալի է»,-նկատեց ԱԺ նախագահ Ա. Միրզոյանը: