«Լեգիոներներից շատերը չեն նպաստում հայկական ֆուտբոլի առաջընթացին»․ Միկելե Բոնի
![]() ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի՝ անցյալ տարվա հուլիսին մեկնարկած և դեռևս շարունակվող դասընթացն առաջինն է, որին մասնակցում են նաև արտասահմանցի մարզիչներ: Արտասահմանցի մասնակիցներից մեկը՝ իտալացի Միկելե Բոնին է, ով Ռումինիայի գավաթակիր, Եվրոպայում և Ասիայում բազմազան փորձ յուրացրած մասնագետ է։ 46-ամյա մասնագետը 10 տարի անդամակցել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային, դասախոսել է մանկապատանեկան ֆուտբոլի մարզիչների համար։ ՀՖՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում նա խոսել է Հայաստանի և ֆուտբոլի իր տեսլականի մասին։ - Ինչպե՞ս հայտնվեցիք Հայաստանում։ - Պրո կարգի դասընթացին մասնակցելու նպատակով դիմել էի ազգային մի քանի ասոցիացիայի։ Ժամանակը սուղ էր։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջիններից էր, որ դրական պատասխան տվեց։ Ուզում էի առաջին հնարավորության դեպքում գրանցվել և արագորեն վերսկսել ուսումս։ Նաև խորհուրդ հարցրի Քարամյան եղբայրներից, Ռոմիկ Խաչատրյանից՝ այն հայ ֆուտբոլիստներից, որոնց մարզել եմ։ Արդյունքում ՈՒԵՖԱ-ի բարձրագույն կարգն ստանալու համար ներգրավվեցի ՀՖՖ կազմակերպած դասընթացին։ - Ինչպե՞ս եք բացահայտում Հայաստանը Ձեզ համար։ - Ինձ դուր է գալիս այստեղ։ Մարդիկ, որոնց հանդիպել եմ Երևանում, հյուրընկալ են, բարեհամբույր։ Կարելի է ասել՝ նոր ընկերներ ունեմ։ Երևի նաև իրար նման ենք կյանքը կազմակերպելու ոճով, միասին ընթրելու հրավերներ անելով, ջերմությամբ։ Ֆուտբոլային առումով դեռ պետք է բացահայտեմ երկիրը, ճանաչում եմ միայն ազգային հավաքականին։ Աճելու մեծ ներուժ եմ նկատում։ Բացի այդ, մարզումային անհրաժեշտ պայմաններ կան։ Կառուցվածքային կառավարումը ևս հարկավոր է զարգացնել ֆուտբոլում․ այստեղ սիրում են ֆուտբոլ, բայց ստադիոն չեն այցելում։ - Ուսման համար հաճախ եք ժամանում Հայաստան և առիթի դեպքում դիտում տեղական խաղերը։ - Տեղացի ֆուտբոլիստները տաղանդավոր են, բայց ամբողջությամբ չեն դրսևորվում՝ վստահության և կազմակերպման պակասի պատճառով։ Լեգիոներներից շատերը ցածր խաղամակարդակ ունեն, ուստի չեն նպաստում հայկական ֆուտբոլի առաջընթացին։ - Հայաստանում դասընթացն ինչպե՞ս է ընթանում։ - Երախտապարտ եմ գործընկերներիս՝ ինձ ամեն կերպ աջակցելու, թարգմանչական օժանդակություն և կոռեկտություն ցուցաբերելու համար։ Բոլորը զարգանալու ցանկություն ունեն։ Տեղացի հրահանգիչների և կրթության նախորդ պատասխանատուների հետ լավագույնս գործակցեցինք։ Հատկապես շնորհակալ եմ Սուրեն Չախալյանին՝ աջակցության, Ռումինիա հասնելու և իմ թիմին այցելելու համար։ Տեխնիկական նոր տնօրենի՝ Խինես Մելենդեսի ժամանումով բարելավվելու նոր ու նպաստավոր պայմաններ են ստեղծվել։ Իսպաներենի իմացությունս էլ ավելի է հեշտացնում հաղորդակցությունը։ Մասնակից բոլոր գործընկերներիս և դասախոսական կազմին լավ շարունակություն եմ մաղթում։ Ո՞վ գիտի, գուցե խաղադաշտում հանդիպենք որպես մրցակից-ընկերներ։ Եվ թո՛ղ հաղթի ուժեղագույնը։ - Խաղային նախընտրելի համակարգեր ունե՞ք։ -Այո, կիրառել եմ 1-4-4-2-ը, 1-4-2-3-1-ը, 1-4-3-3-ը։ Համակարգից համակարգ անցումը կախված է տրամադրության տակ եղած ֆուտբոլիստների հնարավորություններից։ Ըստ իս՝ սրանք ամենահավասարակշռված համակարգերն են։ Այս կամ այն համակարգով խաղալիս կարևոր է չկորցնել ճկունությունը։ Շատ ցանկալի է նաև ունիվերսալ խաղացողների ներկայությունը․ նրանք հարմարվում են տարբեր համակարգերի, խաղի տարբեր հատվածներում փոփոխվողսխեմաներին։ - Ֆուտբոլում «ամենակարևոր» հասկացություն կա՞։ - Բարձրակարգ ֆուտբոլում կարևորագույնը մշտապես համարվում է հաղթանակը։ Այս նպատակի համար պետք է գոլ խփել։ Ցանկանում եմ, որ թիմերս ունենան հաղթողի մտածելակերպ, հարձակումից պաշտպանության անցնեն առանց խնդիրների, որ կարողանան նորից հարձակման դիմել և գոլային նոր հնարավորություններ ստեղծել։ Սա չի նշանակում, որ կարող ենք անտեսել պաշտպանությունը։ - Նախապատրաստությանը վերաբերող ինչպիսի՞ մոտեցում ունեք։ - Գոլ խփող թիմ ձևավորելու համար անհրաժեշտ է գնդակը ներառել ֆիզիկական աշխատանքի մեջ։ Բայց իմ դիրքորոշմամբ, առանց գնդակի «չոր» աշխատանքը ևս կարևոր է անհրաժեշտ մարզավիճակի հասնելու համար։ - Ինչպե՞ս տեղափոխվեցիք արտերկիր։ - Արտերկրում առաջին փորձս կայացել է Ռումինիայում։ «Չելսի»-ի նախկին ֆուտբոլիստ Դան Պետրեսկուն «Սպորտուլ Ստուդենտեսկ»-ի գլխավոր մարզիչն էր։ Նա ինձ հետ կապ հաստատեց Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով և առաջարկեց աշխատել ինձ հետ։ Ռումինիայում աշխատանքս ճանաչեցին, տարբեր ակումբներում աշխատեցի։ Դուբայի «Ալ Նասր»-ում գործակցել եմ Վալտեր Ձենգայի հետ, Բահրեյնում մարզչական խումբ եմ ղեկավարել։ -Իտալական ֆուտբոլի հետ նմանություններ գտա՞ք ճամփորդելիս։ -Մեծ նմանություններ չտեսա, տարբեր կերպ են կազմակերպում հարցերը, ֆուտբոլիստների ընտրությունն առաձգական չի, մարզումային պայմաններն էլ ամենաօպտիմալ ստանդարտներին չեն համապատասխանում։ Ուստի, պետք է հարմարվելու հատկություն ձևավորել տեղափոխությունների համար։ Շատ կարևոր է ճանաչել ու հարգել ավանդույթներն ու մշակույթը։ Հարկ չկա հրաժարվելու մարզչական փորձված գիտելիքներից, բայց դրանց կիրառությունը անհրաժեշտ է հարմարեցնել եղած հնարավորություններին՝ տեղական ֆուտբոլի զարգացմանը նպաստելու համար։ - Ամեն պատեհությամբ քննարկվում է իտալական ֆուտբոլի վիճակը։ - Իտալական ֆուտբոլը փառահեղ ժամանակներ է ապրել։ Հետո փայլը կորել է, հավաքականը չի հայտնվել աշխարհի առաջնությունում։ Սա դաս կլինի երիտասարդ ֆուտբոլիստների արժեքը վերաիմաստավորելու, ակումբների մանկապատանեկան ֆուտբոլի կառուցվածքում ռեսուրսները վերաբաշխելու և ավելացնելու համար։ «Յուվենտուսում» բարձրակարգ կառավարումը զուգորդվեց մարզչական շտաբին հաղորդած վստահությամբ։ Մարզիչներն էլ կարողացան ինտեգրել ուժեղ խաղացողների և 8 տարի անընդմեջ չեմպիոն դառնալ։ -Իտալիայի Մ-19 հավաքականը Երևանում մասնակցելու է Եվրո-2019-ին։ Թիմի հնարավորություններին ծանո՞թ եք։ -Ցավոք, չեմ ճանաչում այս սերնդին։ Բայց կարծում եմ՝ եզրափակիչ փուլում ցույց կտան, որ արժեք են ներկայացնում։ Նոր սերունդներից մշտապես պահանջվում է մարտավարական կարգապահություն ցուցաբերել։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
