Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Նույն նպատակասլացությամբ ենք խաղալու, ինչպես նախորդ խաղերում»․ Վարդան Մինասյան

342
Չորեքշաբթի, 01 մայիսի, 2019 թ., 14:40
«Նույն նպատակասլացությամբ ենք խաղալու, ինչպես նախորդ խաղերում»․ Վարդան Մինասյան

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» հանդիպմանն ընդառաջ «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ակումբի մամուլի քարտուղարությանը տված հարցազրույցում, խոսել է առաջիկա մրցակցի, արտերկրյա մարզիչներին ներգրավելու քաղաքականության և թիմի համախմբվածության մասին:
Մրցաշարային աղյուսակից ելնելով շատերն ասում են, որ խաղում ոչ-ոքի արդյունքն այդքան էլ վատ չէ թիմի համար: Կիսու՞մ եք այս կարծիքը:
- Անկեղծ ասած, այս կարծիքը չեմ կիսում, քանի որ ցանկացած խաղում մեր նպատակը հաղթելն է, իսկ ստացվում է, թե ոչ՝ սա արդեն հարցի մեկ այլ կողմն է: Մենք երբեք դուրս չենք գալիս դաշտ այն մտքով, որ ոչ-ոքի խաղի արդյունքը կարող է ավելի ձեռնտու լինել: Դեռ վեց խաղ կա և շատ բան կարող է փոխվել: Հստակ կարող եմ ասել, որ մենք նույն նպատակասլացությամբ ենք խաղալու, ինչպես նախորդ խաղերում:
-«Փյունիկ»-ին է միացել փորձառու ռուս մասնագետ Ալեքսանդր Տարխանովը: Ի՞նչ կարծիք ունեք արտերկրյա մարզիչներ բերելու քաղաքականության մասին:
- Կարող եմ ասել միայն մեկ բան, որ ցանկացած ակումբում նման որոշումներ կայացնում է ակումբի ղեկավարը: Նա է ընտրում իր թիմի փիլիոսփայությունը, և ըստ դրա էլ կատարում մարզչի ընտրությունը, քանի որ հենց ինքն է ֆինանսավորում ակումբը: Ուրիշ բան է, որ այդ հարցում ղեկավարին օգնում են ակումբի տեխնիկական և սպորտային տնօրենները, բայց թե որ մարզչին կհրավիրեն թիմ՝ իրենց անձնական որոշումն է: Ինչ վերաբերվում է «Փյունիկ»-ին, մի բան կարող եմ միայն ասել, որ խաղաոճի փոփոխություն եմ նկատում:
-Առաջնության չորրորդ շրջանում «Արարատ-Արմենիա»-ն երկու խաղի ընթացքում արդեն ինը գոլի հեղինակ է դարձել: Կարելի՞ է ասել, որ հարձակման գոտում ֆուտբոլիստները սկսել են ավելի լավ զգալ իրար:
- Այո, թիմում ֆուտբոլիստների միջև խաղակցվածությունը կամաց-կամաց ընդգծվում է: Մենք բոլոր խաղերում ուզում ենք, որ առաջին գծի խաղացողներն իրար կես խոսքից ու շարժումից հասկանան: Նման արդյունքի հասնելը բնականաբար ժամանակի խնդիր է, բայց հստակ կարող եմ ասել, որ այս վեց ամիսների աշխատանքի ընթացքում ֆուտբոլիստներն ավելի լավ են սկսել իրար հասկանալ և ավելի համախմբված են: Մեր թիմում շատ կարևորում ենք նաև այն փաստը, որ թիմը մեկ խաղացողից կախված չէ և բոլորն էլ կարող են դառնալ գոլի հեղինակ: