Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ուղիղ միացում Ազգային ժողովից

690
Երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ., 10:00
Ուղիղ միացում Ազգային ժողովից

Խորհրդարանը շարունակում է քննարկել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պաշտոնում առաջարկել էր Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:

Գեղամ Գևորգյանի կարծիքով՝ հանձնաժողովը պետք է ձգտի, որպեսզի իր վարած քաղաքականությունը և իրավակիրառ գործունեությունը լինի պարզ ու կանխատեսելի՝ անկախ համակարգերից: Տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն արդյունավետորեն կարգավորելու նպատակով բանախոսը կարևորել է գործող օրենսդրության կատարելագործումը՝ այն համահունչ դարձնելով հասարակական հարաբերությունների փոփոխություններին:

Թեկնածուին ուղղված հարցերը վերաբերել են կառույցի նկատմամբ վստահության բարձրացմանն ու թափանցիկ գործելու կարևորությանը, թռչնամսի շուկայում առկա անբարեխիղճ մրցակցությանը, կեղծ սնանկության դեմ պայքարի միջոցներին և այլն:

Էդմոն Մարուքյանն անդրադարձել է թեկնածուի ներկայացրած փաստաթղթերին և դրանցում նշված որոշ տվյալներ համարել խնդրահարույց:

Վիկտոր Ենգիբարյանը դրական է գնահատել Գեղամ Գևորգյանի առաջադրումը, կարևորել արդյունավետ մրցակցության ապահովումը, ինչի համար պատասխանատու է ՏՄՊՊ հանձնաժողովը:

Վաղարշակ Հակոբյանն ի պատասխան հնչեցված հարցի՝ պարզաբանել է, որ թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ, և ընտրվելու դեպքում կաշկանդված չի լինելու իր գործունեության մեջ: Նա գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել Գեղամ Գևորգյանի թեկնածությանը:

Արման Բաբաջանյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում այսօր էլ առկա են մենաշնորհներ, և մրցակցությունը երբեմն անիրական է: Պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է Գեղամ Գևորգյանը պայքարելու «թղթային» մրցակցության դեմ: Նա ևս խնդրահարույց է համարել թեկնածուի՝ անհրաժեշտ ստաժի վերաբերյալ ներկայացված տեղեկությունը: Արման Բաբաջանյանն ասել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դրական կարծիքը թեկնածուի վերաբերյալ ներկայացրել է Աննա Կարապետյանը:

ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահի գաղտնի քվեարկությունը տեղի կունենա այսօրվա նիստում: