Երևան`   +21 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2019 թ.

Պաշտոնական․ Համահայկական 7-րդ ամառային խաղերը կանցկացվեն Արցախում

97
Հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ., 15:30
Պաշտոնական․ Համահայկական 7-րդ ամառային խաղերը կանցկացվեն Արցախում

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 17-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀԽՀԿ գործկոմի անդամներ և Համահայկական խաղերի կազմակերպման ու անցկացման աշխատանքները համակարգող պատասխանատուներ:

Պետական նախարարը ողջունել է Համահայկական խաղերի գործադիր կոմիտեի որոշումը օգոստոսի 5-8-ն Արցախում Համահայկական 7-րդ ամառային խաղերը անկացնելու համար՝ նշելով որ այն առաջին անգամն է կազմակերպում: «Այս որոշումը լավ առիթ է ևս մեկ անգամ աննախադեպ միջոցառմամբ համալրելու Արցախի Հանրապետության մարզական կյանքը, որը լավ խթան կլինի հանրապետությունում ինչպես սպորտի զարգացման, այնպես էլ զբոսաշրջային գրավչությունը աշխարհին ներկայացնելու համար»,- իր խոսքում ասել է Գ. Մարտիրոսյանը:

ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ աշխատանքային խմբում հանդիպմանը ընդգրկված են մարզական և գեղարվեստական ուղղությունների պատասխանատուննները: «Նախատեսվում է 17 մարզաձևից 11-ը անցկացնել Արցախում: Ուստի՝ մեր այցի նպատակն է, որպեսզի քննարկենք այն տեխնիկական հարցերը, որոնք կապված են մարզադահլիճների կահավորման և մրցաշարերի պատշաճ մակարդակով կազմակերպման հետ»,- ասել է Ի. Զաքարյանը:

Հանդիպման ընթացքում ծրագրերի վերաբերյալ մանրամասն զեկուցմամբ հանդես են եկել միջոցառման գլխավոր մրցավարն ու գլխավոր ռեժիսորը:

Խոսելով միջոցառման գեղարվեստական ուղղության մասին՝ գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ բացման օրը՝ օգոստոսի 6-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում նախատեսված է 8 մասից և 42 տեսարանից կազմված միջոցառում: Լինելու է եռաչափ լազերային շոու, որը տևելու է չորս ժամ, և դրա միջոցով ներկայացվելու է պատմական Հայաստանից մինչև մեր օրերը ընկած կարևոր դրվագներ:

Հանդիպման վերջում նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչներին, նշել, որ կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը միջոցառումն Արցախում հավուր պատշաճի կազմակերպելու համար: