Երևան`   +37 °C
Այսօր`   Երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.

«Որոշ չափանիշների համապատասխանող մեր մարզիկներն ազատվում են ծառայությունից». Տոնոյանը`Ջուլֆալակյանին

146
Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ., 21:40
«Որոշ չափանիշների համապատասխանող մեր մարզիկներն ազատվում են ծառայությունից». Տոնոյանը`Ջուլֆալակյանին

Այսօր «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուֆալակյանն անդրադարձավ բանակում սպորտային վաշտի վերաբացման խնդրին: «Կան ընտանիքներ, որտեղ կան պատանի տաղանդավոր մարզիկներ, և ծնողները, չտեսնելով, թե ինչպես կարող են իրենց երեխաները շարունակել հաջողություններ գրանցել սպորտում, ուղղակի լքում են երկիրը և փորձում այլ պետությունների դրոշների տակ հանդես գալ: Եվ հակառակը՝ արդեն դրսում կայացած մարզիկները չեն վերադառնում Հայաստան, քանի որ վերադառնալու դեպքում ստիպված են լինելու ծառայել սովորական վաշտերում: Ես չեմ առաջարկում, որ առահասարակ չծառայեն մարզիկները, այլ ծառայեն հատուկ սպորտային վաշտում»,- դիմելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ասաց Ջուլֆալակյանը:

«Մենք կառավարությունում համակարծիք ենք, որ մարզական վաշտի վերաբացումն անհրաժեշտություն է, բայց ուզում եմ նաև հիշեցնել, որ սպորտային որոշ հաջողությունների հասած, որոշ չափանիշների համապատասխանող մեր մարզիկներն արդեն իսկ ազատվում են ծառայությունից՝ տարկետման իրավունք ստանալու միջոցով: Երիտասարդների ոսկյա տարիքն է 18-27 տարեկանը, երբ նրանք ամենամեծ հաջողություններին են հասնում։ Մենք հասկանում ենք պահանջը՝ չափանիշը մի քիչ ցածրացնելով սպորտային վաշտի միջոցով այդ ամեն ինչը կարգավորել Զինված ուժերում, ինչը որ արվելու է իմ հրամանով: Ուղղակի կարգը սահմանվելու է նորմատիվ հրամանով, որը որ այս պահին մշակվում է, և ես համոզված եմ, որ արդեն այս զորակոչին մենք այդ հնարավորությունն ունենալու ենք»,- Ջուլֆալակյանին պատասխանեց Դավիթ Տոնոյանը: