Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Կային կասկածելի պահեր, որոնք եղել են հօգուտ մրցակցի»․ Լևոն Ջուլֆալակյան

499
Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ., 12:40
«Կային կասկածելի պահեր, որոնք եղել են հօգուտ մրցակցի»․ Լևոն Ջուլֆալակյան

Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ամփոփեց մեր ըմբիշների մրցելույթները։

«Հավաքականը 10 ըմբիշով մասնակցեց Եվրոպայի առաջնությանը։ Ունեցանք երկու բրոնզե մեդալ՝ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը և 77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը։ Երկուսն էլ շատ լավ գոտեմարտեր վարեցին, երկուսից էլ սպասելիքներ կային, որ եզրափակչում հանդես կգան։ Բայց կան պատճառներ, որ չստացվեց։ Երկու գոտեմարտերում էլ կային կասկածելի պահեր, որոնք եղել են հօգուտ մրցակցի։ Եղել են մրցավարական բացթողումներ։

Մենք նաև պայքարում էինք ևս երեք քաշային կարգերում բրոնզե մեդալների համար։ 63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը և 72 կգ քաշային կարգում Հրանտ Կալաչյանը երրրորդ տեղի համար գոտեմարտերում պարտվեցին, բայց ի վիճակի էին հաղթել։ Ցավոք ստացվեց պարտություն՝ հիմնականում տակտիկական բացթողումների պատճառով։ 87 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանն էր պայքարում երրորդ տեղի համար, բայց, ցավոք, պարտվեց և 7-րդ տեղը գրավեց։

Մյուս քաշային կարգերում դժգոհ եմ տղաների մասնակցությունից։ Դա մտածելու տեղիք է տալիս։ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը դեռ երիտասարդ է, առաջին քայլերն է անում մեծահասակների կազմում, իր տարիքային խմբում մեդալակիր է։

Մյուս երեքից իրոք շատ դժգոհ եմ՝ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանից, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանից, 82 կգ քաշային Սարգիս Քոչարյանից։ Նրանց հնարավորություններն ավելի էին, սպասելիքները՝ նույնպես։ Իրենց գոտեմարտերից դժգոհ եմ, որովհետև կա պարտություն, որը կարելի է գնահատել լավ վարած գոտեմարտի պարտություն, և կա վատ գոտեմարտի պարտություն։ Երեքն էլ շատ վատ գոտեմարտեցին։ Ամեն դեպքում ասեմ, որ երեքն էլ շատ խոստումնալից մարզիկներ են և աճելու հնարավորություն ունեն»,- մարզչի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Ջուլֆալակյանը նշեց․ «Շատ կարևոր ենք համարում սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունը, որին կխաղարկվեն Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր։ Վեց քաշային կարգերն են լինելու օլիմպիական, և մեր գլխավոր նպատակն աշխարհի առաջնությանը լավ նախապատրաստվելն է։ Եվրոպայի առաջնությունից մենք Եվրոպական խաղերի 5 ուղեգիր ձեռք բերեցինք։ Առաջիկայում կունենանք նաև միջազգային մրցաշարեր»։