Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ԵԱՏՄ տարածքում հայ մարզիկներն այլևս լեգիոներ չեն համարվի

412
Երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ., 20:15
ԵԱՏՄ տարածքում հայ մարզիկներն այլևս լեգիոներ չեն համարվի

Պրոֆեսիոնալ մարզիկները ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում չեն համարվի լեգիոներներ: Սա թույլ կտա Հայաստանի հավաքական թիմերում ընդգրկել Ռուսաստանում ու անդամ այլ երկրներում հանդես եկող մի շարք բարձրակարգ մարզիկների, որոնք լեգիոներների լիմիտի պատճառով ստիպված մերժում էին Հայաստանի դրոշի տակ հանդես գալու հրավերը:

Եվրասիական տնտեսական միության դատարանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դիմումի համաձայն դեկտեմբերի 7-ին քննել ու եզրակացություն է կայացրել ԵԱՏՄ-ի պայմանագրի 97-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, մասնավորապես, այն մարզիկների, որոնք հանդես են գալիս ԵԱՏՄ անդամ պետությունների մարզական ակումբներում:

Համաձայն 97-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները սեփական աշխատաշուկան պաշտպանելու պատճառով սահմանափակումներ չեն կիրառում ԵԱՏՄ անդամ մյուս պետություններից՝ աշխատանքի նպատակով իրենց երկիր տեղափոխված քաղաքացիների նկատմամբ: Բացառություն են կազմում ազգային անվտանգության նպատակներով դրված սահմանափակումները:

ԵԱՏՄ դատարանը եկել է եզրակացության, որ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից պրոֆեսիոնալ մարզիկների նկատմամբ կիրառվող սահմանափակումները արգելք են հանդիսանում, որոնք թույլ չեն տալիս ԵԱՏՄ-ում աշխատանքային ռեսուրսների միասնական շուկա ունենալ:

Բացի այդ, ԵԱՏՄ դատարանի գերագույն խորհուրդի կարծիքով ԵԱՏՄ անդամ պետությունները պարտավոր են կատարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումները, իսկ դրանց հետ համաձայն չլինելու դեպքում իրավասու են բողոքարկել դրանք սահմանված կարգով: