Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Այո՛, թնդանոթի փոխարեն զանգ...». Սամվել Կարապետյան

786
Ուրբաթ, 23 նոյեմբերի, 2018 թ., 07:35
«Այո՛, թնդանոթի փոխարեն զանգ...». Սամվել Կարապետյան

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թնդանոթի փոխարեն՝ զանգ.

Մոնղոլներին ԺԳ դարից (չինացիներին ավելի վաղ) հայտնի առաջին հրազեններն արդեն ԺԴ դարում վերաճեցին առաջին թնդանոթների: Իր ժամանակի համար ահասարսուռ զենքի այդ նոր տեսակի հայրենական արտադրության համար անհրաժեշտ էր ունենալ ոլորտի խորը գիտելիքներ, այլ խոսքով՝ մետաղագործական բարձր մակարդակի մշակույթ:

Հայաստանում հայրենական արտադրության ձուլածո խոշոր առաջին զանգերի գոյության մասին վկայությունները ԺԳ դարից են, իսկ մինչև մեր օրերը հասած պահպանված նմուշները վերաբերում են ԺԴ դարասկզբին: Սա ցույց է տալիս, որ Հայաստանը ժամանակի այն սակավաթիվ երկրներից էր, որտեղ ամենաբարձր մակարդակի վրա էր գտնվում մետաղագործական մշակույթը. երկիր, որն ուներ սեփական հնոցներն ու այդ ոլորտի լրջագույն հմտություններով օժտված տեղացի վարպետները:

Արդ՝ ի՞նչ էինք արտադրում մենք նույնիսկ մոնղոլական արշավանքներից հետո գործող և բարձր մակարդակի վրա գտնվող մեր մետաղաձուլարաններում, օրինակ՝ ԺԴ դարի սկզբներին, երբ ի դեմս թուրքմենական կարակոյունլու և աքկոյունլու ցեղերի հայրենիքը գտնվում էր հերթական օտարի՝ նոր նվաճման շեմին: Արդյո՞ք մեր հնոցներից դուրս եկան հայկական արտադրության առաջին թնդանոթները, որ դեմ պիտի կանգնեին թշնամուն ու ամոթահար փախստյան մատնեին նրանց հայոց հայրենիքից: Ո՛չ, հարգելիներս, այդ հնոցներից դուրս եկան զանգեր: Բացառիկ որակի և մեծության զանգեր, որոնց ձայնը ոսոխի ներխուժման պահին առ աստված փրկության ջերմեռանդ աղոթքի էր հրավիրում հայ մարդկանց...: Այո՛, թնդանոթի փոխարեն զանգ...: Դե, իսկ ԺԸ դարի վերջերից նույնիսկ զանգը՝ ներմուծել սկսեցինք...

Գրությանս կցում եմ ԺԴ դարի սկզբին այնպես հարկավոր թնդանոթի փոխարեն ձուլված Տաթևի զանգը, որը, կներեք, բայց անձամբ իմ մեջ ոչ թե՝ հպարտության, այլ միմիայն ափսոսանքի և ամոթի զգացումներ է առաջացնում...»: