Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Մինսկը կընդունի Եվրոպական երկրորդ խաղերը

323
Չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ., 15:10
Մինսկը կընդունի Եվրոպական երկրորդ խաղերը

2019թ. հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կանցկացվեն եվրոպական երկրորդ խաղերը: 50 երկրների շուրջ 4 հազար մասնակիցներ 15 մարզաձևերի 23 մրցաձևերում կպայքարեն 200-ական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների համար: Ծրագրում ընդգրկված 10 մարզաձևերում կվիճարկվեն 2020թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգրեր, իսկ չորսում՝ կորոշվեն Եվրոպայի չեմպիոններն ու մրցանակակիրները: Այս և խաղերին առնչվող այլ մանրամասները կլուսաբանեն տարբեր երկրներից հավատարմագրվող հազարից ավելի լրագրողներ: Խաղերի կարգախոսն է՝ «Վառ հաղթանակների ժամանակը»:

Բելառուսի բնակչության համար տոմսերի վաճառքը կսկսվի ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ից, իսկ մյուս երկրների մարզասերները դրանք կարող են ձեռք բերել 2019 թ. մարտի 1-ից: Այժմ ճշտվում է ջահի փոխանցավազքի երթուղին:

Եվրոպայի գլխավոր մարզահանդեսի բացման և փակման հանդիսավոր արարողությունները տեղի կունենան Մինսկի «Դինամո» մարզադաշտում, որտեղ, ի դեպ, կանցկացվեն աթլետիկայի մրցումները:

Մասնակիցների բնակավայր է ընտրված ուսանողական ավանը, որը տեղավորում է վեց հազար մարդ: Մրցումները կսպասարկեն ութ հազար կամավորականներ, 650 միջազգային և 410 ազգային կարգի մրցավարներ: Խաղերի ծրագրում ընդգրկված են նետաձգություն, աթլետիկա, բադմինթոն, բասկետբոլ /3×3/, լողափնյա ֆուտբոլ, բռնցքամարտ, բայդարկա և կանոե, հեծանվասպորտ, մարմնամարզություն, ձյուդո, կարատե, սամբո, հրաձգություն, սեղանի թենիս, ըմբշամարտ մարզաձևերը:

Հայաստանից Մինսկի խաղերին մասնակցելու իրավունքը առաջինն ստացել են կանոե մրցաձևի երկու ներկայացուցիչներ: Մարզիկների անունները ավելի ուշ կորոշի թիավարության հանրապետական ֆեդերացիայի կանոե մրցաձևի մարզչական խորհուրդը։ Բելառուսական ստուգատեսի վարկանշային մրցաշարերը կշարունակվեն մինչև 2019-ի ապրիլի 14-ը: