Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Տնտեսվարողները դժգոհ են ՊԵԿ-ի վարչարարությունից. բաց նամակ

341
Չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ., 02:10
Տնտեսվարողները դժգոհ են ՊԵԿ-ի վարչարարությունից. բաց նամակ

«Հայկական ժամանակ»-ի խմբագրությունը նամակ է ստացել Եղեգնաձորից՝ ուղղված ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին.

Հարգելի պարոն Անանյան.
Մենք՝ տնտեսվարողներս, այս նոր իրականության պայմաններում մտածում էինք, որ անցյալում են մնացել արհեստական, շինծու դժվարությունները, որոնք կարծես թե կանխամտածված ստեղծել էին ՀՀ-ում՝ արդյունաբերությունը, տնտեսությունը քանդելու, լուծարելու, սնանկացնելու և արտադրական հարաբերությունները դժվարացնելու համար:

Սակայն, դեռևս ՊԵԿ-ի կողմից իրականացվող վարչարարությունը մնացել է նախկինի նման անփոփոխ երևի անհրաժեշտ են մի քանի հեղափոխություններ, որպեսզի ՊԵԿ-ի կողմից իրականացվող վարչարարությունում գերիշխեն, անվերապահորեն կատարվեն Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքները և օրինական ուժի մեջ մտած դատական վճիռները, որոնց պայմաններում անդունդի եզրին հասած մեր տնտեսությունը հնարավորություն կունենա զարգանալ:

Մեր Ընկերության նկատմամբ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր (արդեն շուրջ քսան տարի ) ՊԵԿ-ի կողմից շարունակում է իրականացվել ոչ իրավաչափ գործողություններ՝ ընկերությանը հասցնելով սնանկացման, լուծարման եզրին: ՊԵԿ-ի կողմից կայացվել է գանձման որոշում 1992 թվականին գոյացած ինչ որ թվացյալ պարտքի վերաբերյալ , որը չի արտացոլված Ընկերության մասնավորեցման փաթեթում և չի ամրագրվել Կառավարության թերթ Ազդագրով: ՊԵԿ-ի կողմից իրականացրած վարչարարությունը մենք որակում ենք բացահայտ տեռոր մեր Ընկերության նկատմամբ:

Նման պայմաններում ցանկացած ներդրող, Կառավարության հրավերքներից ոգևորված, տեսնելով մեր իրականությունը՝ չի ցանկանա կատարել ներդրումներ:

Հարգելի պարոն Անանյան.

Պատրաստ ենք ևս մեկ անգամ Ձեր անմիջական մասնակցությամբ քննարկել և գտնել ողջամիտ լուծումներ՝ գործող օրենքների սահմաններում, որոնք հնարավորություն կտան Ընկերությանը՝ վերսկսել արտադրական գործունեությունը, հակառակ դեպքում մենք՝ Ընկերության 300 բաժնետերերս, ստիպված դուրս կգանք փողոց՝ ծառացած խնդիրների լուծումը այնտեղ փնտրելու նպատակով:

ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ՝ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ «ՏԱՐՈՆ» ԲԲԸ-ի ՏՆՕՐԵՆ՝
ՀԱՅԿ ԻՍԱԽԱՆՅԱՆ