Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Յուտաքսի»-ն բավարարել է ՏՄՊՊՀ-ի՝ Ucom-ին աջակցող դիմումի պահանջը՝ միաժամանակ դիմելով դատարան

1082
Երկուշաբթի, 05 փետրվարի, 2018 թ., 13:00
«Յուտաքսի»-ն բավարարել է ՏՄՊՊՀ-ի՝ Ucom-ին աջակցող դիմումի պահանջը՝ միաժամանակ դիմելով դատարան

Ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ «Յուքոմ»-ն ու ՏՄՊՊՀ-ն ճնշում են գործադրում «Յուտաքսի» ընկերության վրա: Մասնավորապես, հանձնաժողովը քննարկել էր «Յուքոմ» ընկերության պահանջը՝ «Յուտաքսի»-ի գործողությունները որակել որպես անբարեխիղճ մրցակցություն և պարտադրել վերջինին դադարեցնել «Utaxi» ապրանքային նշանի օգտագործումը՝ կանաչ և սպիտակ գույների ցանկացած համադրությամբ։
Այդ ժամանակ հանձնաժողովը դեռևս վերջնական որոշում չէր կայացրել՝ հայտարարելով, որ պետք է ուսումնասիրեն բոլոր փաստերը:
«Յուտաքսի»-ն այսօր գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում ու տեղեկացրել, որ ՏՄՊՊՀ-ն իր համապատասխան որոշմամբ բավարարել է Ucom ընկերության դիմումը:

«Ինչպես հայտնի է, Ucom ընկերությունը դիմել էր ՀՀ Մտավոր սեփականության գործակալություն, փորձելով գրանցել Utaxi ապրանքային նշանի կրկնօրինակը՝ քաջատեղյակ լինելով, որ «Յուտաքսի»-ն մեր ընկերության անվանումն է և մենք արդեն իսկ գրանցել ենք այդ ապրանքային նշանը: Բնականաբար, ՀՀ մտավոր սեփականության գործակալությունը, հիմք ընդունելով մեր առարկությունները, մերժել էր Ucom-ի կողմից հայտարկված ապրանքային նշանի գրանցումը:

Տեղեկացրել էինք նաև, որ Ucom ընկերությունը դիմել է ՀՀ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողով՝ պահանջելով «պարտադրել «Յուտաքսի» ընկերությանը դադարեցնել «Utaxi» ապրանքային նշանի օգտագործումը՝ կանաչ և սպիտակ գույների ցանկացած համադրությամբ: ՏՄՊՊՀ-ն իր ԹԻՎ 314-Ա առ 27.12.2017թ. որոշմամբ բավարարել է Ucom ընկերության դիմումը:
Օրենքի պահանջից ելնելով մեր ընկերությունը կատարել է ՏՄՊՊՀ-ի որոշումը, սակայն կարծում ենք, որ այդ որոշումն ընդունվել է հիմնվելով օրենքի միակողմանի մեկնաբանության վրա, ուստի, արդեն իսկ դիմել ենք ՀՀ Վարչական դատարան՝ ՏՄՊՊՀ-ի վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջով»,- նշված է «Յուտաքսի» ընկերության հայտարարության տեքստում:

Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարի «Յուտաքսի» ընկերությունը հայտնել էր, որ «Ucom ընկերությունը ցանկանում է ձևավորել «U» տառի և «կանաչ և սպիտակ գույների ցանկացած համադրության» օգտագործման մենաշնորհ անկախ գործունեության ոլորտից՝ օգտագործելով իր լծակները պետական կառույցի վրա»:

Ավելի ուշ կփորձենք պարզաբանում ստանալ «Յուտաքսի» ընկերության պատասխանատուներից: