Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ակնկալվում է, որ Հայաստանի ու Վրաստանի նախագահներն Աբխազիայով և Հարավային Օսիայով, որպես Լարսին այլընտրանք, բեռնափոխադրումների մասին քննարկում կունենան

221
Երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2017 թ., 17:15
Ակնկալվում է, որ Հայաստանի ու Վրաստանի նախագահներն Աբխազիայով և Հարավային Օսիայով, որպես Լարսին այլընտրանք, բեռնափոխադրումների մասին քննարկում կունենան

Ինչպես հայտնել էինք, արդեն մի քանի օր Լարսի անցակետում տրանսպորտային միջոցների կուտակումներ են, որոնց թիվը հասնում է մի քանի հարյուրի: Մասնավորապես, ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված 282 տրանսպորտային միջոցներ, որից 247-ը բեռնատար, 32 մարդատար ավտոմեքենա և 3 ավտոբուս:

«Մեր խնդրանքը պատկան մարմիններին՝ էս ժողովուրդը ձեր օգնության կարիքն ունի, ինֆորմացիա չունենք՝ քանի օր, քանի ժամ պետք է մնանք: Եթե պետք ա՝ բահերով ձյունը կմաքրենք, միայն թե մեր ղեկավարությունը թող ուշադրություն դարձնի մեր խնդիրներին»,- իրենց բողոքի ձայնն են բարձրացրել վարորդները:

Մեծ է ինչպես ներմուծվող, այնպես էլ արտահանվող բեռների քանակն, ուստի Ամանորից առաջ, հերթական անգամ հայ արտադրողը խնդրի առաջ է կանգնում:

Օրեր առաջ մամուլում լայն արձագանք էր գտել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունն, ըստ որի՝ ֆորսմաժորային իրավիճակներում Հայաստանը կարող է օգտվել Հարավային Օսիայի և Աբխազիայի տրանսպորտային միջանցքնե­րից: Մնում է՝ իրա­գործվի, և Հայաստանը Ռոկիի թունելով ու աբխազական երկա­թուղով կարողանա կապվել Ռուսաստանի հետ:

Ինչպես նշել է ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, սա այն է, ինչի մասին խոսում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարն՝ ասելով, որ Վերին Լարսին փնտրվում է այլընտրանք:

Հիշեցնենք՝ այսօր երկօրյա աշխատանքային այցով Վրաստան է ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Քաղաքագետներն ակնկալում են, որ երկու երկրների ղեկավարներն Աբխազիայով և Հարավային Օսիայով բեռնափոխադրումների մասին մանրամասներ կքննարկեն: