ԱԱԾ-ն Հայաստանում նախապատրաստվող ահաբեկչություններ է կանխել. հայտարարություն
Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ Սահմանադրության, օրենքների, իրավական ակտերի և միջազգային պայմանագրերի հիման վրա կոչված լինելով ներքին և արտաքին սպառնալիքներից ապահովել անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, հանրապետությունում օպերատիվ իրավիճակի վերլուծության արդյունքում արձանագրում է ահաբեկչական և ծայրահեղական դրսևորումների աճի միտումներ, որպիսիք անմիջականորեն սպառնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը։ Այսպես՝ ԱԱԾ կանոնադրական խնդիրներին առնչվող հետախուզական և հակահետախուզական գործունեության, ինչպես նաև հանցագործությունների դեմ պայքարի գործառույթների իրականացման ընթացքում վերջին ժամանակահատվածում պարբերաբար տեղեկություններ են ստացվում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հակաիրավական քայքայիչ գործունեության, ծայրահեղական հայացքների տարածման, անհանդուրժողականության և բռնության քարոզի արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական ոտնձգությունների առաջացմանը, զարգացմանը և իրականացմանը նպաստող գործոնների ձևավորման մասին։ Մասնավորապես, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել պարբերաբար սահմանադրական կարգի հիմունքների և պետության ու հասարակական անվտանգության դեմ ուղղված հակաիրավական գործողություններ ծրագրելու կապակցությամբ դեռևս նախկինից ՀՀ ԱԱԾ տեսադաշտում գտնվող տարբեր անձանց ակտիվացման և վերջիններիս կողմից առանձնապես ծանր նոր հանցագործությունների նախապատրաստմանն ուղղված գործողություններ կատարելու վերաբերյալ։ Ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների հետ առնչություն ունեցող ՀՀ քաղաքացիներ Հ.Բ-ն և Շ.Մ-ն ստեղծելով հանցավոր համագործակցություն և ղեկավարելով այն, նպատակադրվել են Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում, այդ թվում՝ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում, «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, տրանսպորտային միջոցների և կամուրջների տակ, հաղորդակցության այլ ուղիներում, ինչպես նաև բնակելի տների շրջակայքում տեղադրվող 100-150 հատ հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի գործադրմամբ անձանց, այդ թվում՝ ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց մահվանը կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն ուղղված պայթյուններ և հանրավտանգ հանցավոր այլ գործողություններ իրականացնելու միջոցով Հայաստանի Հանրապետությունում ձևավորել համատարած վախի մթնոլորտ և, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելով՝ վերջիններիս առաջադրել որոշակի գործողություններ կատարելու պահանջներ։ Ըստ նույն տեղեկությունների՝ Հ.Բ-ն և Շ.Մ-ն ահաբեկչական վերոհիշյալ գործողություններն իրագործելու նպատակով պատրաստել և փորձարկել են պայթուցիկ սարք, բացի այդ, նման սարքերի տեղադրման, գործարկման և հանրավտանգ այլ գործողությունների իրականացման համար փորձել են հավաքագրել և հանցավոր համագործակցությանը մասնակից դարձնել նաև այլ անձանց՝ վերջիններիս համոզելու, նրանց ընտանիքների անդամներին հնարավոր վտանգներից զերծ պահելու նպատակով թաքցնելու և նյութական կարիքները հոգալու խոստումներ տալու եղանակով։ Վերը նկարագրված դեպքերի առթիվ 2018 թվականի ապրիլի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկավարելը, ինչպես նաև հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 35-217-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից ահաբեկչության նախապատրաստությունը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, պահելը) և 236-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր պատրաստելը) հատկանիշներով։ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներից կազմված օպերատիվ-քննչական խմբերի կողմից միաժամանակ 19 խուզարկություն է իրականացվել առանձին անձանց բնակարաններում և ավտոմեքենաներում, որոնց արդյունքում հայտնաբերվել են գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, այդ թվում՝ վառոդային լիցքեր, էլեկտրական բոցավառիչներ (դետոնատոր), հրահաղորդ քուղեր (ֆիթիլ) և ինքնաշեն պայթուցիկ նյութերի ու պայթուցիկ սարքերի այլ բաղադրատարրեր։ Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Հ.Բ-ն և Շ.Մ-ն, ինչպես նաև վերջիններիս ենթադրյալ 4 հանցակիցները բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ և ձերբակալվել։ (Տեսանյութ՝ շուտով) Ներկայումս իրականացվում են անհետաձգելի օպերատիվհետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ ենթադրաբար կատարված հանցանքների հանգամանքները պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու, ինչպես նաև քրեական օրենսգրքով արգելված արարքների կատարմանը ներգրավված բոլոր անձանց բացահայտելու ուղղությամբ։ Նախաքննական մարմինն առավելագույն ջանք է գործադրելու գործի քննության անաչառ ընթացքն ապահովելու, անձանց ինչպես մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ արդարացնող հանգամանքները պարզելու համար։ Ազգային անվտանգության ծառայությունը հետևողական է հանցագործություններից անձանց, հասարակության և պետության պաշտպանությունն ապահովելու իր գործառույթների իրականացման հարցում և ահաբեկչական ու ծայրահեղական դրսևորումները բացահայտելու, կանխելու և խափանելու ուղղությամբ ձեռնարկվող հակազդման հատուկ միջոցառումները կրում են շարունակական բնույթ։ ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող նկրտումների ցանկացած դրսևորումներից, միաժամանակ ազգաբնակչությանը, այդ թվում՝ հավաքների մասնակիցներին կոչ է անում ցուցաբերել առավել զգոնություն։ |
Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
98Երեկ, 11:30Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
14824.04.2024, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
28624.04.2024, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
9824.04.2024, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
13424.04.2024, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
11024.04.2024, 01:30