Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Այսօր հայ եկեղեցին նշում է Քրիստոսի անվանակոչության տոնը

545
Շաբաթ, 13 հունվարի, 2018 թ., 11:40
Այսօր հայ եկեղեցին նշում է Քրիստոսի անվանակոչության տոնը

Հունվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը:

Ըստ հրեական օրենքի՝ ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց: Այդ մասին վկայում է Ղուկաս ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): Հիսուս նշանակում է Փրկիչ: Գաբրիել հրեշտակը, Աստվածամորն ավետելով Աստծո Որդու ծննդյան մասին, նշում է, որ մանկան անունը Հիսուս կդնեք:

Այս մասին կրկին վկայում է նույն ավետարանիչը. «Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31): Հիսուս անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև Քրիստոս անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է Օծյալ և համապատասխանում է եբրայերենի Մեսիային: Փրկչի անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է նախատոնակի արարողություն: