Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2026 թ.

«ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 11-ին կարող են որոշում կայացնել Հայաստանի անդամակցության հարցի վերաբերյալ»․ Մասադիկով

79
Այսօր, 10:18
«ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 11-ին կարող են որոշում կայացնել Հայաստանի անդամակցության հարցի վերաբերյալ»․ Մասադիկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները նոյեմբերի 11-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կարող են որոշում կայացնել Հայաստանի անդամակցության հարցի վերաբերյալ։ Այս մասին ТАСС-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

Խոսելով Երևանի՝ կազմակերպությունից դուրս գալու հնարավորության մասին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ «եթե այդ հարցը ներառվի Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգում, դա կարող է տեղի ունենալ»։

«Առաջարկը սովորաբար ներկայացնում է կա՛մ նախագահող երկիրը, կա՛մ մեկ այլ պետություն։ Այսինքն՝ պետության ղեկավարը կամ Հավաքական անվտանգության խորհրդի անդամները։ Այն, ինչ տեղի է ունենում փաստացի, կարելի է համարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման դեպք։ Այն ենթադրում է, որ երբ անդամավճարները չեն վճարվում, և քվոտային պաշտոնները չեն համալրվում, ձայնի իրավունքը չի գործում»,- հավելել է նա։

«Կարծես թե Հայաստանը չի քննարկում այդ հարցը։ Կարծես թե նրանք չեն մասնակցում։ Բայց Հայաստանի ներկայացուցիչը մասնակցում է Մշտական խորհրդի ամենշաբաթյա նիստերին, որտեղ հավաքվում են ՀԱՊԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները։ Հայաստանի ներկայացուցիչը լսում է և, հավանաբար, զեկուցում, թե ինչ ենք քննարկում, ինչ որոշումներ են ընդունվում»,- նշել է Մասադիկովը։