Քալիֆորնիան դարձել է ԱՄՆ-ի 18-րդ նահանգը, որն արգելում է մանկական ամուսնությունները
103
Այսօր, 00:54
Սեպտեմբերի 30-ին Քալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է AB 1267 օրինագիծը, որը սահմանում է 18 տարեկանը որպես նահանգում ամուսնության նվազագույն տարիք՝ առանց բացառությունների։ Մանկական ամուսնությունները դեռևս օրինական են 32 նահանգներում: Նոր օրենքի համաձայն, որը ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից, Քալիֆորնիայում ամուսնանալու համար մարդիկ պետք է լինեն առնվազն 18 տարեկան: Նյուսոմն օրենքն անվանել է «Քալիֆորնիայում երեխաներին և անչափահասներին պաշտպանելու վաղուց սպասված միջոց»: Նա օրենքն ստորագրել է Քորթնի Սթեյդենի ներկայությամբ, մի կնոջ, որի ծնողները թույլ են տվել նրան ամուսնանալ 50-ամյա հոլիվուդյան դերասանի հետ, երբ նա 16 տարեկան էր: Քորթնի Սթեյդենը, որը պայքարում է մանկական ամուսնությունների վերացման համար, փոփոխությունը անվանել է «հաղթանակ» և ասել, որ մանկական ամուսնություններից փրկվածներից երբեք չպետք է սպասել, որ «կկրեն այս բեռը»: Նահանգապետ Գևին Նյուսոմն ասել է, որ օրենքը վաղուց սպասված էր: Մոտ մեկ տասնամյակ առաջ մանկական ամուսնությունները դեռևս օրինական էին Միացյալ Նահանգների բոլոր նահանգներում, բայց ավելի ու ավելի շատ նահանգներ աստիճանաբար փոխել են իրենց օրենքները: Քալիֆորնիան 2018 թվականից ի վեր 18-րդ նահանգն է, որն արգելում է մանկական ամուսնությունները։ Նախկինում Քալիֆորնիայում ամուսնության համար նվազագույն օրինական տարիք չկար, և երեխաները կարող էին ամուսնանալ ծնողների համաձայնությամբ և դատավորի հաստատմամբ։ 18 տարեկանից փոքր անձանց համար ամուսնալուծության իրավական մեխանիզմ նույնպես չկար։ Աղջիկներից շատերը պնդում են, որ բռնարար հարաբերությունների մեջ են հայտնվել։ «Unchained at Last» կազմակերպությունը, որը աշխատում է Միացյալ Նահանգներում մանկական ամուսնությունների վերացման ուղղությամբ, հայտարարել է, որ Քալիֆորնիայում ամեն տարի ամուսնանում է մոտ 9000 պարմանուհի, և մանկական ամուսնության գրեթե բոլոր դեպքերում աղջիկներն ամուսնացել են չափահաս տղամարդկանց հետ։ Ակտիվիստները նշում են, որ շատ ամերիկացիներ նույնիսկ չգիտեն, որ մանկական ամուսնությունը օրինական է այդքան շատ նահանգներում և տեղյակ չեն, որ նման ամուսնությունները հանգեցրել են բռնության և անտեսման մեղադրանքների»: