Երևան`   +29 °C
Այսօր`   Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2026 թ.

«Հայաստանը պետք է լինի ոչ թե ուրիշների նախագծերի օբյեկտ, այլ դրանց պայմանները սահմանող սուբյեկտ»․ Մետաքսե Հակոբյան

64
Այսօր, 17:18
«Հայաստանը պետք է լինի ոչ թե ուրիշների նախագծերի օբյեկտ, այլ դրանց պայմանները սահմանող սուբյեկտ»․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի երեկվա համատեղ հայտարարությունը խաղաղության հերթական փաստաթուղթ չէ։
Այն Հայաստանի շուրջ ձևավորվող նոր տարածաշրջանային համակարգի նկարագրությունն է։
Եվ այդ համակարգի կենտրոնում TRIPP-ն է։
Տրանսպորտ, երկաթուղի, ավտոմայրուղի, էլեկտրահաղորդման գիծ, հեռահաղորդակցություն, Միջին միջանցք, ամերիկյան ներդրումներ, Ադրբեջանի հետ տնտեսական կապերի խորացում։
Սա միայն ճանապարհ չէ։
Սա համակարգ է։
Եվ այդ համակարգի վերաբերյալ Հայաստանի իշխանություններին ուղղված բազմաթիվ անհանգստացնող հարցեր են առաջանում։
Ըստ հայտարարության, ստացվում է, որ Հայաստանը պարզապես վերածվում է աշխարհաքաղաքական և տնտեսական հոսքերի համար անհրաժեշտ տարածքի, իսկ որոշումները կայացվում են այլ կենտրոններում։
Եվ հենց այստեղ է իրական վտանգը։
Քանզի ոչ մի տնտեսական նախագիծ չպետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության գնով։
Որովհետև պետությունը միայն սահմանագիծը չէ։
Պետությունը նաև իր տարածքի նկատմամբ իրական իրավազորությունն է, ռազմավարական ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողությունը, անվտանգության ինքնուրույնությունը և սեփական ազգային օրակարգը ձևավորելու կարողությունը։
Այսօր մեզ փորձում են համոզել, որ ամեն ինչի անունը խաղաղություն է։
Ես ուզում եմ հասկանալ՝ այդ խաղաղության գինը ո՞րն է։
-Եթե դրա գինը Արցախի վերջնական մոռացումն է, ապա սա հերթական հանցագործությունն է։
-Եթե դրա գինը Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքների նկատմամբ իրական վերահսկողության կորուստն է, ապա սա հերթական հանցագործությունն է։
-Եթե դրա գինը արտաքին ուժերի կողմից Հայաստանի ապագայի ճարտարապետության որոշումն է, ապա սա հերթական հանցագործությունն է։
-Եթե դրա գինը Հայաստանի՝ որպես ինքնուրույն քաղաքական սուբյեկտի աստիճանական վերածումն է ուրիշների նախագծերի տարածքի, ապա սա հերթական հանցագործությունն է։
Հայաստանը կարող է լինել տարածաշրջանային խաչմերուկ։
Բայց չպետք է դառնա տարածաշրջանային միջանցք՝ սեփական պետականության հաշվին։
Հայաստանը պետք է լինի ոչ թե ուրիշների նախագծերի օբյեկտ, այլ դրանց պայմանները սահմանող սուբյեկտ։
Եվ ես համոզված եմ.
Հայաստանը չեն կլանում մեկ օրում։
Այն կարող են կլանել պայմանագրերով, ենթակառուցվածքներով, տնտեսական կախվածություններով և «խաղաղության» անվան տակ ստեղծվող նոր համակարգերով։
Այդ պատճառով այսօր մեզ պետք է ոչ թե էյֆորիա, այլ փաստաթղթեր։
Ոչ թե քարոզչություն, այլ պայմանագրեր։
Ոչ թե «խոստումները կատարված են», այլ՝ ո՞վ, ի՞նչ իրավունք է ստացել, ի՞նչ պարտավորություն է վերցրել Հայաստանը և ո՞վ է վերահսկելու այդ ամենը։
Որովհետև պատմությունը մեզ մի բան է սովորեցրել.
Ինքնիշխանությունը առաջին հերթին կորցնում են ոչ թե այն ժամանակ, երբ փոխվում է դրոշը, այլ այն ժամանակ, երբ պետությունը դադարում է ինքնուրույն որոշել իր ճակատագիրը»։

Աղբյուրը`   Մետաքսե Հակոբյան