Երևան`   +37 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2026 թ.

«Մտահոգիչ է խորհրդարանական ընդդիմության վարքագիծը»․ Սուրեն Սուրենյանց

78
Այսօր, 14:06
«Մտահոգիչ է խորհրդարանական ընդդիմության վարքագիծը»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընդդիմությունը կարող է լեգիտիմացնել է իր կողմից չճանաչված իշխանությանը.
Եթե ասեմ, որ նոր Ազգային ժողովի աշխատանքային առաջին օրը խոր հիասթափություն է առաջացրել, նշանակում է՝ գրեթե ոչինչ չեմ ասել։
Ամենաանտանելին խորհրդարանական քննարկումների քաղաքական բովանդակության մակարդակն էր՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության դեպքում։
Իշխանության որակն ինձ առանձնապես չի զարմացնում։ Օգոստոսի 2-ից Հայաստանն ունի ոչ լեգիտիմ Ազգային ժողով և ոչ լեգիտիմ կառավարություն։
Սակայն առավել մտահոգիչ է խորհրդարանական ընդդիմության վարքագիծը, որը կարճ ժամանակում արդեն երկու կարևոր դրվագով փաստացի «մարսել» կամ լեգիտիմացրել է այդ իրականությունը։
Առաջինը ԲՀԿ-ից մանդատների խլման պատմությունն է։ Չնայած առաջին նիստի մեկնարկին «Ուժեղ Հայաստան» խմբակցության և «Հայաստան» դաշինքի պատգամավորների հնչեցրած հայտարարություններին, դրանք բավարար չեն, եթե չեն վերածվում քաղաքական վարքագծի։ Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե հայտարարություններով, այլ հետևողական գործողություններով։ Հակառակ դեպքում նույնիսկ ամենակոշտ հայտարարությունը վերածվում է ձևականության։
Երկրորդ դրվագը վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իշխանության վերաբերմունքին։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը հստակ սահմանում է, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի խոսքով հանդես գալու իրավունք ունեն Ամենայն Հայոց կաթողիկոսը և Հանրապետության նախագահը։ Սակայն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Վեհափառ Հայրապետը բացակայում էր նիստից, քանի որ նրան պարզապես հրավեր չէր ուղարկվել։
Դա պատահականություն չէր։ Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ես այդպիսի Կաթողիկոս չեմ ճանաչում»։ Փաստորեն, Փաշինյանի քաղաքական քմահաճույքը վեր դասվեց օրենքից և պետական հաստատված ավանդույթից։
Արդեն այս ուրբաթ Ամենայն Հայոց կաթողիկոսը որպես մեղադրյալ կանգնելու է դատարանի առջև։ Արմավիրի դատարանում քննվելու է նրա և վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների քրեական գործը։ Այսպիսով, Եկեղեցու դեմ իշխանության քստմնելի արշավը մտնում է հերթական փուլ։
Երեկվա իրադարձությունները ցույց տվեցին, որ խորհրդարանական ընդդիմությունը, կարծես, պատրաստ չէ նաև այս մարտահրավերին համարժեք քաղաքական արձագանք տալու։
Ես միշտ դեմ եմ եղել պատգամավորական մանդատներից հրաժարվելուն։ Սակայն դա չի նշանակում, որ ընդդիմությունը պետք է մասնակցի Ազգային ժողովի պաշտոնների բաշխմանը։ Այդպիսի մասնակցությունն արդեն նշանակում է գործող խորհրդարանի ինստիտուցիոնալ ճանաչում։
Եթե ընդդիմությունն ինքն է ներգրավվում այդ գործընթացում, ապա հետագայում չափազանց դժվար է լինելու համոզիչ կերպով վիճարկել Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը՝ նույնիսկ քաղաքական խոսույթի մակարդակում։
Լեգիտիմության հարցը չի կարող զուգահեռաբար վիճարկվել խոսքերով, սակայն հաստատվել գործողություններով։ Եթե քաղաքական վարքագիծը հակասում է քաղաքական հայտարարություններին, ապա վերջիններս կորցնում են իրենց արժեքն ու ազդեցությունը»։