«Այս տարածաշրջանում պետք է մշտապես լինել զինված և պատրաստ»․ Մհեր Հակոբյան
89
Այսօր, 16:12
Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևի կողմից վարվում է ԵՐԿԵՐԵՍԱՆԻ քաղաքականություն։ Այսինքն՝ այն, ինչ ինքն իրեն թույլատրում է, ըստ իր տրամաբանության, մեզ թույլատրելի չէ։ Նա ելնում է այն կանխավարկածից, որ մենք պատերազմում կապիտուլյացիայի ենք ենթարկվել, և հետևաբար ենթադրում է, որ չպետք է անենք այն, ինչ իրեն է թույլատրելի։ Երկրորդ՝ հայի «չար կերպար» ձևավորելով՝ Ալիևն ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ երկրի ներսում։ Ընդհանուր առմամբ նրա իշխանությունը կառուցված է արցախյան պատերազմի, շարունակվող հակամարտության, հայի «չար կերպարի» և նմանատիպ քարոզչական հորինվածքների վրա։ Հատկապես հաշվի առնելով, որ այդ մեթոդը մի քանի տարի առաջ իրեն քաղաքական հաջողություն բերեց, նա որևէ կերպ չի ցանկանում հրաժարվել այդ թրենդից։ Հենց այդ պատճառով էլ նա անընդհատ շահագործում է այդ երևույթը։ Եթե չշահագործի, իր հասարակությունն իրեն հարցնելու է․ «Լավ, պատերազմն ավարտվեց, այլևս ինչո՞ւ չես կարող բացատրել, թե ինչու են փողերը վատնվում, ինչու չկա կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար, ինչու է սահմանը փակ, ինչու եմ ես վատ ապրում»։ Ալիևի համար Հայաստանի հետ թշնամությունը ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՈՎ ՇԱՏ ՀԱՐՄԱՐ ԹՐԵՆԴ Է։ Նախ՝ այն ամրապնդում է իր իշխանությունը, էլ չեմ խոսում այն մասին, որ արցախյան հարցը իրեն քաղաքական «փառք» է բերել։ Եթե որևէ բան մարդուն փառք է բերում, նա սովորաբար չի ցանկանում դրանից արագ հրաժարվել։ Հատկապես, երբ մեր իշխանությունների անատամ քաղաքականության ֆոնին մշտապես ստեղծվում են նպաստավոր պայմաններ նման գծի շարունակման համար։ Իրականությունն այն է, որ այս տարածաշրջանում պետք է մշտապես լինել զինված և պատրաստ՝ ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական և կառավարման իմաստով։ Այս ֆոնին Հայաստանը բախվում է բազմաթիվ լուրջ խնդիրների, որոնք արդեն առանձին քննարկման թեմա են։ Խնդիրը միայն սպառազինությունը չէ։ Նախ՝ պետք է կարողանալ այդ սպառազինությունը կիրառել։ Երկրորդ՝ եթե այդ սպառազինությունը ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ, ԲԱՆԱԿԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՈՎ ՉԱՄՐԱՊՆԴԵՑԻՐ, ապա այն, ինչպես ձեռք ես բերել, նույն կերպ էլ կարող ես կորցնել՝ ռազմավարական ձախողման հետևանքով։ Հայաստանի կողմից կատարվում են որոշակի գնումներ, բայց նախ՝ դրանք սահմանափակ են, հետո էլ ընդամենը ամբողջ պատկերի մեկ բաղադրիչն են։ Եթե դու ՕԴԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԵՍ ԱՊԱՀՈՎՈՒՄ կամ առնվազն չես վիճարկում հակառակորդի օդային գերակայությունը, ապա ստանալու ես այն իրավիճակը, ինչ եղավ 2020 թվականին։ Կարող ես ունենալ 100 կամ 200 հրանոթ, բայց օդային հարվածների պայմաններում ընդամենը ժամանակի հարց է, թե երբ դրանք կչեզոքացվեն։ ԿՈՆՑԵՊՏՈՒԱԼ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ։ Իսկ իշխանություններն իրենց արածն ու չարածը պահում են գաղտնիության շղարշի տակ՝ փորձելով դրա միջոցով քողարկել թերացումները։ Նրանք ասում են՝ «Մենք անում ենք, բայց չենք ասում», սակայն դա նաև շատ հարմար միջոց է չարվածը ներկայացնելու որպես գաղտնի գործողություն։ Սա վաղուց հայտնի մեխանիզմ է։ Սրան գումարվում է նաև մեր երկրում առկա կառավարման որակի լրջագույն խնդիրը։ ՄԵՆՔ ԳՈՐԾՈՂ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՆ և ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԵՆ ՍԽԱԼԵՐԻՑ։ Մեր կառույցների արդյունավետությունը մեծապես պայմանավորված է առաջին դեմքերի որակով, մինչդեռ այդ առաջին դեմքերն ու նշանակված ներկայացուցիչների զգալի մասը պետական կառավարման փորձ պարզապես չունեն։ Սա արդեն համակարգային, գերխնդիր է...»։