«Ընդդիմությունը կվերցնի մանդատներն ու գլխիկոր կգնա խորհրդարան»․ Արմենուհի Վարդանյան
92
Այսօր, 15:54
Լրագրող Արմենուհի Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ, որովհետև հազիվ թե կարողանա փողոցային պայքար գեներացնել: Բացատրեմ, թե ինչու... Ընտրվածների շարքերում մենք գաղափարական տղաների հետ գործ չունենք: Մեծամասամբ կորցնելու բան ունեն, շա՛տ բան ունեն, ու դա ամենևին էլ հայրենիքը չէ... Ցավոք(
Մենք ունենք ընդդիմության առաջին համար, որը պատերազմից հետո՝ 2022 թվականին (իսկ թվականն այստեղ կարևոր է, հատուկ եմ շեշտում) գնում է Սուրեն Պապիկյանի հարսանիքին և, չհերքված լուրերի համաձայն, 100.000 դոլար նվեր է տանում... Որպես ի՞նչ։ Այդ ժամանակ նժարին դրվա՞ծ չէր հայրենիքը, ՔՊ քաղաքական թիմի անդամների պատասխանատվության հանգամանքը և այլն... Իհարկե, դրված չէր. դրված էր լավ հարաբերություններ կառուցելու, սեփական բիզնեսին լավ աչքով նայել տալու, ծանոթ-բարեկամ կպցնելու առաջնահերթությունը: Մենք ունենք ընդդիմության առաջնորդ, որը տեսավ իշխանությունների դավաճանական կերպը միայն այն ժամանակ, երբ Նիկոլը մեկ բառի համար որոշեց նրան մտցնել ԱԱԾ պադվալ: Մինչ այդ, կարծես թե հաշտ էր այն ամենի հետ, ինչ տեղի էր ունենում երկրում... Մենք ունենք ևս մեկ ընդդիմադիր ուժ, որի առաջին և հաջորդող համարները կրկին շատ խոցելի են։ Տեսել ենք նրանց կառավարման տարիները, խորհրդարանում որպես ընդդիմություն նրանց աշխատանքը. հենց այդ «շատ բաներ կորցնելու» վտանգից դրդված՝ բազմաթիվ դրվագներում տեսել ենք կոմպրոմիս, հետնահանջ և այսպես շարունակ: Բարգավաճ Հայաստանը՝ իր առաջնորդի հետ... Թվարկե՞մ, թե գործարար Գագիկ Ծառուկյանն իր «սկզբունքայնությունը» քանի անգամ է դրսևորել քաղաքական արենայում՝ սկսած, ասենք, 2008 թվականից... Հետո կանգառ կատարենք 2015-ին, երբ հեռացավ քաղաքականությունից, երբ Սերժն ասաց, թե ինքն էր արգելել նրան «դոդի Գագո» ասել... «Սկզբունքայնության» դրվագները շատ են, երկար չթվարկեմ, շատ են նաև իր թիմակիցների շարքերում....Հիմա՞ է Գագիկ Ծառուկյանը հանուն հայրենիքի ամեն ինչ կորցնելու, երբ Նիկոլն արդեն հրապարակավ թվարկել է, թե ինչեր է նա կորցնելու ապագայում... Իհարկե՝ ոչ: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ այս մարդկանց հայրենասիրությունը սկսվում է միայն այն ժամանակ, երբ իրենց ոտնաթաթերն են տրորում։ Իսկ երբ չեն տրորում, նրանք պատրաստ են հյուր գնալ ու հյուրընկալել իշխանական խնջույքները, ճոխ նվերներ տալ և ինչու չէ նաև ստանալ՝ օրինակ իրենց դեմ եղած կոմպրոմատները տարիներով դարակներում թաքցնելու տեսքով: Սա է պատկերը, սա է այսօրվա ճգնաժամի իրական նկարագիրը, և սա է նաև ընտրությունների այսպիսի ելքի պատճառը: Սա իրականում փակուղի է, բայց ունենք այն, ինչ ունենք: Բայց դե, եկեք դրականն էլ տեսնենք. խորհրդարանում գոնե չենք տեսնի այն սուտի, ձևական «արևմտամետներին»՝ բոլոր այդ բաբաջանյաններին ու արամսարգսյաններին... Մարդիկ, որոնց տեսակն ուղղակի անտանելի է։ Կար նաև նորեկների մի խումբ, որն իշխանության առաջ քծնելու, շողոքորթելու և կամակատարի ճղճիմ ծառայություններ մատուցելու իր ողորմելիությամբ ուղղակի վնաս տվեց գործընթացին՝ իր թուլափայը փախցնելով այս պրոցեսներից: Լավ է, որ առժամանակ կլռեն սրանք, հուսանք կլռեն: Լավ է, որ այդ էժանագին թատրոնը խորհրդարանում չի շարունակվի.... Հիմա պետք է հասկանալ, որ մեծ հաշվով, ձևավորված քաղաքական դաշտն ընդամենը մեր հավաքական գիտակցության հայելին է: Տհա՞ճ է այդ հայելին. այո՛, փշրված է, աղճատված, բայց դա է մեր ունեցածը: Մեր արտացոլանքն է, մեր ծոցից դուրս պրծածը... Մյուս կողմում ունենք ավելի քանի 700.000 ընտրող, ով գնում ու քվե է տալիս Նիկոլ Փաշինյանին՝ այս 8-ամյա խայտառակ կառավարումից ու կորուստներից հետո... Ընտրեց մեկին, ով ուղղակի իր ընտրողին դրեց մտավոր հետամնացի տեղ, որովհետև 8 տարի նույն բաները կրկնեց, 8 տարի խաբեց ու մանիպուլացրեց... Այդ 700.000 ընտրողը քվեարկեց Արցախի ու արցախցիների մասին զազրելի քաղաքական խոսույթի օգտին։ Ես կարծում եմ՝ Նիկոլին ընտրողն այսօր համոզված է, որ արցախցիները «փախածներ» են, որ Բաքվի բանտերում պատանդի կարգավիճակում պահվողների մասին արդեն պետք չէ խոսել, որովհետև արդեն «ծնգլ արիք» էդ թեմայով և այլն, և այսպես շարունակ. Այս ընտրողը հաշտ է այն մտքի հետ, որ հանուն «խաղաղության» դեռ տալու բաներ ունենք Ադրբեջшնին, եղածն էլ, որ տվել ենք՝ ճիշտ ենք արել, որովհետև բեռ էր... Նիկոլին ընտրողը հաշտ էր քարոզարշավի փնթի տեսարանների, ճաշկերույթի, զազրախոսության, հայհոյախոսության հետ: Կարծում եմ, որ Նիկոլին ընտրողները հենց այսպես էլ մտածում են, այլ բացատրություն լինել չի կարող: Չասեք, թե վարչական ռեսուրս և այլն... Սա ծանր փակուղի է... Կլինի՞ սթափեցնող ապտակ, որը կստիպի մեզ՝ որպես հանրություն, վերջապես ուշքի գալ... չգիտեմ։ Հուսանք... հուսանք( Հ.Գ. Այնուամենայնիվ, էս խելքով ու էսքան սխալներով, որ մինչև հիմա որպես պետություն ձգել/հասել ենք, հաստատ վերևներում աստծո մատը խառն է, ուրիշ բացատրություն չկա։ Բայց դե, բերեք հույսներս մենակ վերևի վրա չգցենք... մի տեսակ ամոթ է»։