Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 02 հունիսի, 2026 թ.

«Ինչո՞ւ է Թրամփն ուզում հենց ԶՊՄԿ-ն և Սյունիքը». Արթուր Դանիելյան

69
Այսօր, 00:48
«Ինչո՞ւ է Թրամփն ուզում հենց ԶՊՄԿ-ն և Սյունիքը». Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիմա հասկանանք, թե ինչո՞ւ է Թրամփն ուզում հենց ԶՊՄԿ-ն և առհասարակ Սյունիքը:
Տեսեք՝ ԱՄՆ-ն աշխարհի ամենախոշոր նավթ ու գազ արտադրողն է: Ընդ որում, այդպես է եղել միշտ: Այդպես էր հարյուր տարի առաջ, երբ աշխարհի նավթի 65%-ը արդյունահանում էր ԱՄՆ-ն, այդպես էր 2008-ին, երբ այդ մասնաբաժինն ընկավ մինչև 7%, այդպես է հիմա, երբ նրանք ունեն շուկայի 20%-ը: Հիմնականում ԱՄՆ-ի նավթարդյունահանումը բավարարում է իրենց պահանջարկին, իսկ եթե պակասորդ է լինում, նրանք նավթը գնում են Կանադայից և Մեքսիկայից: Այսինքն, աշխարհի և մասնավորապես Մերձավոր Արևելքի նավթը ԱՄՆ-ին՝ որպես այդպիսին, պետք չէ: Նրանց պետք է, որ բոլոր նրանք, ում այդ նավթը պետք է, գան, իրենց դուռը ծեծեն, խնդրեն, ինչ-որ բան զիջեն ու դրա դիմաց ստանան նավթ ձեռք բերելու իրավունք: Օրեր առաջ մանրամասն գրել էի 1945-ի հունվարից կայացվող այս համակարգի մասին:
Պատմության ընթացքում մեկ անգամ է եղել, որ ԱՄՆ-ի նավթային դիրքերին սպառնացող մի համակարգ է ստեղծվել: Դա եղել է, երբ Նոբել եղբայրները սկսել են Բաքվի նավթի արդյունահանումը (դրանից գոյացած գումարներով էլ հենց ստեղծվել է Նոբելյան մրցանակը): Մեր Գյուլբենկյանները, Արամյանցները և Մանթաշյանները ընդամենը տեղական մակարդակի հարց լուծող տղերք էին, ինչն էլ իրենց մեծ հարստության տեր դարձրեց: Սակայն այդ հարցերը լուծում էին շատ ավելի խոշոր, աշխարհաքաղաքական մակարդակի խաղացողների համար: Իրենցից մի մակարդակ վերև Շվեդիայի Նոբելներն էին և Ֆրանսիայի Ռոթշիլդները: Այս մարդկանց շնորհիվ Ռուսական Կայսրությունը դարձավ աշխարհի խոշորագույն նավթարդյունահանողը՝ Էականորեն առաջ անցնելով ԱՄՆ-ից: Առաջին համշխարհայինի ու ռուսական հեղափոխության արդյունքում էդ հարցը փակվեց: Իսկ երկրորդ համաշախարհայինի արդյունքում փակվեց նաև Մերձավոր Արևելքի նավթի հարցը: Միայն Իրանի շահին 1970-ականներին հաջողվեց մեկ ակնթարթ արևելքի նավթը կոնսոլիդացնել իր շուրջ, բայց Իսլամական հեղափոխությունը էդ հարցն էլ փակեց:
Լայն մասսաների մոտ (այդ թվում նաև գերմանացիների) հարց չառաջացավ, թե ինչու են ամերիկացիք դեռ Բայդենի օրոք ուկրաինական պատերազմի առաջին օրերին պայթեցրել հենց Գերմանիա մտնող ռուսական գազամուղը: Ուկրաինայով անցնող գազամուղն ու նավթամուղը չեն պայթեցվել, թուրքական հոսքը, որով սնուցվում են բալկանյան երկները, չի պայթեցվել, ադրբեջանական գազամուղը, որ կիսագաղտնի ռուսական գազ է մատակարարում Եվրոպայի հարավ, չի պայթեցվել: Պայթեցվել է միայն գերմանականը:
Նավթը, իսկ հետո էլ գազը 20-րդ դարի բոլոր պատերազմների ու հեղափոխությունների հիմքում էր: 21-րդ դարի տեխնոլոգիաները թույլ են տալիս այլընտրանքային միջոցներով մի փոքր նվազեցնել էներգակիրներից կախվածությունը: Այդ այլընտրանքները, սակայն, մեծ կախվածություն ունեն մետաղներից:
Մետաղների պաշարների առումով էլ Ամերիկան խնդիր չունի, եթե խոսք գնա միայն սեփական կարիքները հոգալու մասին: Բայց աշխարհաքաղաքական առաջատարի դիրքերը պաշպանելու համար նրանք պարտավոր են այդ հումքի հանդեպ վերահսկողություն սահմանել ողջ աշխարհում, որպեսզի Եվրոպան միշտ դրա սովը ունենա: Ընդ որում, եթե ԱՄՆ-ին պարզապես անհանգստացնում է այն փաստը, որ հիմա օրինակ հազվագյուտ մետաղների առևտրի գրեթե 80%-ը անցնում է Չինաստանով, ապա Եվրոպայի կողմից այդ մետաղների պաշարներին տիրանալու հեռանկարը ԱՄՆ-ի համար անընդունելի է:
Երբ 1951-ին Մարշալի պլանի շրջանակներում Եվրոպայում ստեղծվել էր «Ածուխի և պողպատի միությունը», դրա, պաշտոնապես հայտարարված նպատակն էր այդ ռազմական նշանակության հումքի վերահսկողությունը դարձնել վերպետական, որպեսզի այն չծառայի որևէ մեկի ազգային շահերին: Սա գրված էր իրենց հիմնադիր փաստաթղթում: Եվրոպացիք հետագայում ձիով քայլ արեցին ու այդ միությունը դարձրին Բենելյուքս, իսկ հետո՝ Եվրոմիություն: Գերմանացիք սկզբից հասան Եվրոպայի միավորմանը, իսկ հետո, դրա հիման վրա Գորբաչյովի հետ գաղտնի գործարքի գնալով, վերմիավորեցին հենց բուն Գերմանիան, որին բացեիբաց կտրականապես դեմ էին ՄԹ-ն ու Ֆրանսիան: Գորբաչովին ուղղված Ռեյգանի հայտնի կոչը՝ «այդ պատը փլուզել», հնչեց, երբ ԱՄՆ-ն հասկացավ, որ ոչ Ֆրանիսայի միջոցով, ոչ էլ՝ ՄԹ-ի, այլևս չի կարող Գերմանիայի վերամիավորման դեմն առնել: Դրա դիմաց ԱՄՆ-ն ստացավ Սովետի համաձայնությունը՝ ողջ Գերմանիան մտցնել ՆԱՏՕ, այն պայմանով, որ Գերմանիայից «մեկ դույմ հեռու ՆԱՏՕ-ն չի գնա»: Ամերիկացիք իրենց այս խոստումը խախտել են հենց Գերմանիայի ճնշման ներքո: ՆԱՏՕ-ն առաջ տանելով՝ Գերմանիան հասավ նրան, որ 2026 թվին, 80 տարվա փաստացի օկուպացիայից հետո, ամերիկացիք սկսեն դուրս բերել իրենց զորքը Գերմանիայից: Մինչդեռ Գերմանիան իր զորքը մտցրեց Մերձբալթիկա․․․ նորից․․․ այս անգամ՝ լեհերի հետ միասին:
Բալկանները, Հունաստանը և Թուրքիան այն բուֆերային զոնան են, որը պետք է Եվրոպային (մասնավորապես Գերմանիային) հեռու պահի նավթից ու գազից: Երբ Բուլղարիայի նախագահն օրերս պահանջեց, որ ամերիկյան զորքերը հունիսին դուրս բերվեն երկրից, դրա հաջորդ օրը հայտարարվեց, որ ինչ-որ անհայտ ամերիկյան ընկերություն պատրաստվում է միլիարդներ ներդնել Բոսնիան գազամատակարարելու համար: Բոսնիան և Ալբանիան բալկանները միշտ եռացող վիճակում պահելու՝ ամերիկացիքի լավագույն գործիքներն են: Երբ պետք եղավ, մի կողմից մուսուլման բոսնյակներին ու ալաբանցիներին քսի կտան, մյուս կողմից սերբերին, ու գերմանական հարցը փակ է:
Սյունիքը էս համատեքստում ոչ միայն իրանական էներգակիրների՝ դեպի եվրոպա տարանցման պոտենցիալ ուղի է, այլ նաև պղինձի, մոլիբդենի և բազմաթիվ այլ շատ կարևոր մետաղների մեծ պաշար: Պաշար, որը ԹՐԻՓՓ-ով տրվեց ԱՄՆ-ին, Մեղրիի սահմանի հետ մեկտեղ: Ընդ որում, բուն Զանգեզուրի կոմբինատը 20 տարուց ավելի է, ինչ աշխարհաքաղաքական պրոցեսների կիզակետում է: Դեռ 2004 թվականին Իսրայելի ներկայացուցիչ Ալեքս Շնայդերը ՀՀ կառավարությանն առաջարկել էր գնել կոմբինատը մոտ 200 միլիոն դոլարով, սակայն ինչ-ինչ քաղաքական գործընթացների արդյունքում կոմբինատը վաճառվեց, երեք անգամ ավելի ցածր գին առաջարկած գերմանական Քրոնիմետին: 2020 թվին Փաշինյանը հեռացրեց գերմանացիքին և կոմբինատը փոխանցեց ռուսական օլիգարխիայի ներկայացուցիչներին:
Նենց որ, եթե ձեզ հետաքրքիր է, թե ինչու է Փաշինյանն առանց կրակոցի հանձնում Սյունքի բոլոր բարձունքները, փակում գյուղերում դպրոցները, թույլ չի տալիս, որ գյուղացիները վառելափայտ հավաքեն կամ իրենց անասուններին արոտավայր տանեն, Մեղրին Իրանից կտրող ճանապարհ տալիս ինչ-որ մասնավոր ընկերության, իսկ հումքը տալիս «Տրաֆիգուրա»-ին, պատասխանը դուք կգտնեք այս տեքստում։ Իմիջայլոց եվրոպացիքին այդպես էլ թույլ չտվեց Սյունիքում հյուպատոսություններ բացել:
Ուշագրավ է, որ այս ամենի ֆոնին Եվրոպան իր դիտորդական առաքելությունը հիմնականում հենց Սյունիքում է անցկացնում, սահմանամերձ գյուղերում բնակչությանը անվճար արևային պանել և ջրատաքացուցիչներ տրամադրում ու 240 միլիոն եվրո փող տալիս Երևանին, որ իրանական ընկերությունը ճանապարհ սարքի:
Ռուբիոն եկել էր Երևան, որ Սյունիքից ևս մեկ անգամ մատ թափ տար Գերմանիայի ուղղությամբ: Սրա մասին էն գլխից գիտեր Նժդեհը, գիտեր Վազգենը, ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Գերմանիա մեկնած ու հայտնի ելույթը ունեցած, Սերժն էլ, կարծում եմ, սա գիտեր, հիմա էլ երևի կան մարդիկ, որ գիտեն...
Հ.Գ. կա մի բան, որից ժամանակին անգլիացիք, իսկ հիմա՝ ամերիկացիք սարսափում են։ Դա ռուս-եվրոպական դաշինքն է: Այդպես էր կայսր Պավել Առաջինի ու Նապոլեոնի օրոք, այդպես էր Կայսր Վիլհելմի ու իր կուզեն Նիկոլայ առաջինի օրոք, այդպես էր Մոլոտով-Ռիբենտրոպի օրոք, այդպես է հիմա: Ամերիկացիք ռուսներին սերբիայում էլ կսատարեն, Հունաստան, Բալկաններ ու Թուրքիա գնացող ռուսական գազի անվտանգությունն էլ կերաշխավորեն, Վրաստանում ու Հայաստանում Մոսկվայի դիրքերն էլ կպահեն, էնքան, որ Գերմանիան չկարողանա այդ տարածաշրջաններում իր քիթը խոթել»:

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան