«Չմոռանանք, թե ԵՄ խոստումներն ինչով են ավարտվել»․ Արթուր Խաչիկյան
59
Այսօր, 02:06
Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվ նորից եվրոէքստազի մասին… Եվրոպա և Արևմուտք բառերից մեր պրոպագանդիստների լոզերը սկսում են հոսել, և վրա է հասնում անզուսպ էքստազի վիճակ։ Մենք բոլորս էլ սիրում ենք Եվրոպան։ Իրական Եվրոպան, այլ ոչ թե քաղաքական ռեժիմներին, որոնք գալիս ու գնում են։ Բայց արդյո՞ք պետք է տրվել անզուսպ կույր հիացմունքի՝ քաղցրավենիքի խանութում հայտնված երեխայի պես, թե՞ այնուամենայնիվ հարցերին պետք է մոտենալ խելամտորեն։ Պարզապես հիշեցնեմ մեր սիրելի եվրոպացի գործընկերների ու ընկերների կայացրած մի քանի որոշումների մասին։ Եկեք թարմացնենք մեր հիշողությունը, հարգելի բարեկամներ։ Ֆրանսիայի Սենատի բանաձևերը. - Արցախի ճանաչմանն աջակցելը (2020 թ. նոյեմբեր/դեկտեմբեր). Սենատը և Ազգային ժողովն ընդունեցին բանաձևեր, որոնք կոչ էին անում կառավարությանը 2020 թվականի պատերազմից հետո ճանաչել "Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը"։ - Պատժամիջոցներ և մարդասիրական ուղղվածություն (2022 թ. նոյեմբեր/ 2024 թ. հունվար). Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն տվեց բանաձևերին, որոնք կոչ էին անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, դատապարտում էին նրա գործողություններն Արցախում և Հայաստանի սահմանի երկայնքով ու պահանջում ադրբեջանական զորքերի դուրսբերում։ - Գերիների ազատ արձակում (2026 թ. փետրվար). Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունեց բանաձև, որը պահանջում էր անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիներին և կալանավորված անձանց։ Այս բանաձևերին դեմ հանդես եկավ ԻՆՔԸ՝ ՄԱԿՐՈՆԸ, ով ուր որ է կժամանի Հայաստան՝ խոսելու բարեկամության ու ռազմավարական գործընկերության մասին և լացակումած ձայնով երգելու Շառլ Ազնավուրի ևս մի քանի երգ։ Այս բանաձևերը Հայաստանի պրոպագանդիստների շրջանում առաջացրին հիացմունք, թմրեցնող էքստազ և տոնախմբություններ։ Արդյունքը՝ ԶՐՈ։ Ոչ մի քայլ չձեռնարկվեց, երբ հայերը 2020 թվականին հարձակման ենթարկվեցին կամ երբ նրանց տեղահանեցին Արցախից։ Արդյունքը ԶՐՈ է։ Եվրոպական համայնքի բանաձևերը. - Եվրոպական խորհրդարանի բանաձևերը. Ընդունվել են մի քանի բանաձևեր (մասնավորապես՝ 2023 թ. հունվարին և 2023 թ. հոկտեմբերին), որոնք դատապարտում են շրջափակման մարդասիրական հետևանքները և Ադրբեջանի ռազմական ագրեսիան։ - ԵՄ պաշտոնական հայտարարությունները. Եվրոպական միությունն իր տագնապը հայտնեց պարենի, դեղորայքի և էներգիայի պակասի վերաբերյալ՝ կոչ անելով Ադրբեջանին երաշխավորել անվտանգությունը Լաչինի միջանցքի երկայնքով։ - Գործողությունների կոչ. եվրոպացի պաշտոնյաները կոչ արեցին ԵՄ-ին վերանայել իր էներգետիկ «ռազմավարական գործընկերությունը» Ադրբեջանի հետ, իսկ ոմանք կոչ արեցին պատժամիջոցներ կիրառել շրջափակման և դրան հաջորդած բռնի տեղահանման համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ։ -Առանձին երկրների մասնակցությունը. թեև ոչ բոլոր երկրներն են առանձին քայլեր ձեռնարկել, Ֆրանսիան, մասնավորապես Եվրախորհրդարանի պատգամավորների և պաշտոնյաների միջոցով, շրջափակումը բարձրաձայն որակեց որպես էթնիկ զտման դրսևորում։ Արդյունքը՝ ԶՐՈՅԱԿԱՆ։ Ոչ ոք չօգնեց Արցախի հայերին, ոչ ոք կանգ չառավ էթնիկ զտումների դեմ, ոչ ոք պատժամիջոցներ չկիրառեց Ադրբեջանի նկատմամբ։ Այս որոշումները էքստազի և հորթի հրճվանքի մեջ էին գցում այս ռեժիմի պրոպագանդիստական թիմին։ Բայց իրականում ոչինչ չարվեց հայերին օգնելու համար։ Եկեք հիշենք սա, երբ մեր քաղցրախոս բարեկամներից կլսենք «ռազմավարական» գործընկերության վերաբերյալ էլ ավելի շատ քաղցր խոսքեր ու խոստումներ։ Եվ եկեք չմոռանանք, թե անցյալում նրանք որքան նման խոստումներ են տվել մեզ, և թե ինչով է դա ավարտվել»։