Երևան`   +13 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 ապրիլի, 2026 թ.

Ստեղծվել է «Էթիունի-Ուրարտու». հնագույն հայկական ուսումնասիրությունների հանդես» միջազգային հանդեսը

79
Այսօր, 01:09
Ստեղծվել է «Էթիունի-Ուրարտու». հնագույն հայկական ուսումնասիրությունների հանդես» միջազգային հանդեսը

Ուրարտագետ Միքայել Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Սիրելի բարեկամներ.
Ուրախ ենք ավետելու «Էթիունի-Ուրարտու». Հնագույն հայկական ուսումնասիրությունների հանդես» խորագրով նոր միջազգային հանդեսի ստեղծման մասին: Պատիվ ունեմ լինելու այս հանդեսի գլխավոր խմբագիրը, իսկ հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալներն են մեծ հեղինակություն վայելող գիտնականներ դոկտոր Ռոբերտո Դանը (Իտալիա) և Վալտեր Կունտները (Ավստրիա): Հանդեսի գլխավոր պատասխանատուները լինելու ենք երեքս: Բացի այդ, ուրախությամբ նշում ենք, որ «Էթիունի-Ուրարտու»-ն ունի նաև խմբագրական և խորհրդատվական խորհուրդներ, որտեղ ընգրկված են տարբեր ոլորտներ ներկայացնող անվանի հետազոտողներ Հայաստանից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Մոլդովայից:
Հանդեսի պատրաստման, տպագրության հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է Հայ-Էմ բարեգործական միությունը (նախագահ Նշան Աճեմյան):
Ինչպես ստեղծվեց այս հանդեսը: Դա իմ վաղեմի երազանքն էր, որի հետ ես կիսվեցի իմ ավագ ընկեր, լավ մարդ, բարերար Հրանտ Թումասյանի հետ: Նա շատ ոգևորվեց այդ գաղափարով և իր հերթին այդ մասին տեղեկացրեց Հայ-Էմ բարեգործական միությանը : Արդյունքում, հանգանակվեց հանդեսի առաջին երկու հանդեսի համար նախատեսված գումարը: Այս առումով, անպայման, երախտագիտությամբ պետք է նշենք, ամերկահայ պրոֆեսոր Գագիկ Լաբաջյանի և նրա երջանկահիշատակ եղբոր՝ Հարություն Լաբաջյանի, ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներ Հովհաննես Կարապետյանի, Հարություն Բռունուզյանի, Մուշեղ Մուրադյանի, Գայանե Ստեփանյանի, Գագիկ Պետրոսյանի, Անետա Թումասյան, Արամ և Էվելինա Գրիգորյաններ ամուսինների շատ կարևոր ֆինանսական աջակցության մասին: Հանդեսի բոլոր համարներում մշտապես նշվելու են բոլոր նվիրատուների անունները:
Դե, ինչ մեզ բարի երթ. Ստորև կարճ տեղեկատվություն մեր հանդեսի մասին: Իսկ մնացած տեղեկություններն առավել մանրամասն կերպով կներկայացնենք շուտով.
«Էթիունի–Ուրարտու․ Հնագույն հայկական ուսումնասիրությունների հանդեսը» գրախոսվող գիտական պարբերական է, որը նվիրված է Հայկական լեռնաշխարհի և հարակից տարածաշրջանների ուսումնասիրությանը՝ իր ժամանակագրական շրջանակը գլխավորապես կենտրոնացնելով Ուշ բրոնզի դարաշրջանից մինչև Ուշ երկաթի դարաշրջանն ընկած ժամանակահատվածի վրա՝ Ք.ա. XVI–V/IV դդ:
Հատկապես խրախոսվում են այնպիսի հետազոտություններ, որոնք քննում են տվյալ ժամանակաշրջանում քաղաքական միավորների և կազմավորումների՝ մասնավորապես Էթիունիի և Ուրարտուի միջև փոխհարաբերությունները, ինչպես նաև՝ քաղաքական, այնպես էլ աշխարհագրական և այլ հարթություններում, վերլուծում են սոցիալական, քաղաքական և մշակութային երկարաժամկետ գործընթացների ազդեցությունը Հայկական լեռնաշխարհի զարգացման վրա։
Հանդեսում հրապարակվում են հումանիտար և հասարակագիտական ոլորտների բնագավառներում կատարված հետազոտություններ՝ ներառյալ հնագիտությունը, պատմությունը, լեզվաբանությունը, մարդաբանությունը, հնագենետիկան և հարակից գիտակարգերը։ Այն նաև ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մշակույթը, կրոնը և դիցաբանությունը, մշակութային ժառանգությունը: Բացի այդ, մեծապես ողջունվելու են ընթացիկ հնագիտական պեղումների արդյունքների ու հաշվետվությունների քննարկումները։
Տպագրվելով տարին երկու անգամ՝ անգլերեն լեզվով՝ ընդարձակ հայերեն ամփոփումներով, «Էթիունի–Ուրարտու» հանդեսը ծառայում է որպես գիտական հաղորդակցության կարևոր հարթակ հայ և միջազգային հետազոտողների միջև։ Այն նաև խրախուսում է բարձրորակ ուսումնասիրություններ երիտասարդ գիտնականների կողմից, ինչպես նաև առանձնապես ողջունում է համագործակցային և միջգիտակարգային հետազոտությունները»։

Աղբյուրը`   Միքայել Բադալյան