«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
65
Այսօր, 14:36
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աղմկում են քոչենք: Ինքնամոռաց վիրավորում ու հայհոյում՝ ինչպես նիկոլները: Ինչո՞ւ: Որ աղմուկի մեջ թաղեն այս բանավեճը ծնած միակ հարցը՝ ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի: Ես, օրինակ, առաջարկում եմ ճանապարհային հետևյալ պարզ քարտեզը. 1) Քոչարյանը դուրս է գալիս ընտրապայքարից և կոչ անում ՀՅԴ-ին ու մյուս բոլոր ընդդիմադիր ուժերին՝ իր օրինակով մի կողմ դնել սեփական ամբիցիաները, չգնալ ձայներ փոշիացնելու ռիսկի և համախմբվել էս պահին Նիկոլին հաղթելու ամենամեծ շանսերն ունեցող միակ ուժի՝ Սամվել Կարապետյանի շուրջ: 2.) Քոչարյանի նման քայլից հետո երկրում ձևավորվում է լրիվ նոր քաղաքական մթնոլորտ ու ընդդիմության միավորման՝ մեկ ճակատ կազմելու հանրային լայն պահանջ: Դա նշանակում է հույս: Դա նշանակում է, որ ժողովուրդը կարող է արթնանալ: Մի խաբեք իրար՝ էսօր խորքային ժողովուրդը հիասթափված ու անտարեր է: Մյուս ուժերը նման մթնոլորտում ուղղակի չեն կարող իրենց հերթին դուրս չգալ ընտրապայքարից ու չմիավորվել Կարապետյանի շուրջ՝ Հայկ Մարության, Արման Թաթոյան, ՀԱԿ, Մարուքյան և այլն: Ի՞նչ պիտի ասեն, որ չկպնեն Կարապետյանին: Ի՞նչ: 3.) Դրանից հետո ի՞նչ պետք է անի Գագիկ Ծառուկյանը: Սամվել Կարապետյանի հետ պետք է ստորագրի ընդդիմադիր մեկ ճակատ և կոորդինացիոն շտաբ ձևավորելու մասին հուշագիր՝ ֆիքսելով, որ ԱԺ անցնելուց հետո վարչապետ են ընտրում իրենցից ամենամեծ ձայներ ստացած ուժի թեկնածուին: Իսկ ինչո՞ւ Ծառուկյանը պիտի առանձին մասնակցի ընտրությանը, ոչ թե Քոչարյանի օրինակով դուրս գա ընտրապայքարից ու միանա Կարապետյանին: Որովհետև մեր օրենսդրությամբ ԱԺ-ում պետք է անվազն 3 ուժ ներկայացված լինի: Իսկ սոցհարցումներով 3-ով տեղում հենց Ծառուկյանն է: Մի բան, որ անզեն աչքով էլ տեսանելի է: Որպեսզի քոչարյանական մանկապարտեզից էլի լացի ձայներ չլսվեն, թե ինչու Ծառուկյա՜նը, ոչ թե Քոչարյա՜նը, բացատրեմ. ա.) Ծառուկյանի վարկանիշը ձեզանից մեծ է 45 %-ով, նրանցը 7.9 % է, ձերը՝ 5.5 %, բ.) Ծառուկյանը 3-րդ տեղով ԱԺ մտնելու համար պիտի հավաքի նվազագույնը 4 %, ինչը երաշխավորված է, իսկ դուք դաշինք եք՝ պիտի հավաքեք նվազագույնը 8 %, որը ոչ մի ձև չեք կարողանալու հավաքել: ՉԵՔ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ: գ.) Եթե Ծառուկյանը ևս առանձին չմասնակցի ու Քոչարյանի օրինակով դուրս գա ընտրապայքարից, շատ մեծ հավանականությամբ 3-րդ տեղում կհայտնվի Արամ Սարգսյանի ուժը: Արամն անգամ եթե չհաղթահարի 4 %-ի անցողիկ շեմը, Ծառուկյանի չմասնակցության դեպքում օրենքի ուժով կհայտնվի խորհրդարանում, ինչպես «Պատիվ ունեմ»-ը 2021 թ.: Իսկ թե Նիկոլ-Կարապետյան ընտրության դեպքում ում կողմը կանցնի Արամը՝ գիտեք: Ձեզ թվում է, Նիկոլը ի՞նչ հաշվարկով է Արամին էդքան վարչական ու քարոզչական լծակներ տվել էս ընթացքում: դ.) Ծառուկյանը նախընտրական փուլում կարող է իր կողմը քաշել հիասթափված ու անտարբեր մեծ թվով ընտրողների, անգամ քիչ թվով նիկոլականների: Դուք նման շանս չունեք: Հակառակը, Քոչարյանի առկայության դեպքում մեծ թվով լատենտ նիկոլականներ, որ հակառակ պարագայում չէին գնա ընտրության, հիմա կգնան տեղամաս ու կընտրեն Նիկոլին զուտ մեկ մոտիվացիայով՝ հանկարծ չլինի Քոչարյանը: Ինչպես 2021թ.: Ահա նման պարզ ու հասանելի մի քանի քայլով հունիսի 7-ին միավորված ընդդիմությունը՝ Կարապետյան և ԲՀԿ թևերով, ստանում է ձայների մեծամասնությունն ու, մենք դուրս ենք գալիս էս դժոխքից: Այս պարզ քայլերից հետո Նիկոլը՝ 1.) չի՞ գրանցում կամ գրանցումից հանում է Սամվել Կարապետյանին՝ ԲՀԿ-ն տեղում հայտարարում է, որ ինքը ևս չի մասնակցում ընտրություններին և իրավիճակը երկրում պայթում է... լինելու է մեծ փողոց ու հեղափոխություն: Եվրոպական կառույցները չեն կարող նման դեպքում Նիկոլի մեջքին կանգնել՝ Նիկոլով ձևավորելով դեմից արդեն ոչ լեգիտիմ իշխանություն: 2.) պարտություն կրելով հունիսի 7-ին, կեղծո՞ւմ է արդյունքները՝ լինելու է էնպիսի փողոց ու հեղափոխություն, որ 2018թ. այբբենարանի հանդես թվա: Հիմա: Ո՞վ կարող է Քոչարյանից պարզել իր ծրագիրը: Թող Քոչարյանը կանգնի ու պարզ բացատրի, ասի չէ՝ Նիկոլին հեռացնելու Ֆարմանյանի ասած կամ այլ ծրագրրը սխալ են, անիրատեսական են, իսկ ճիշտը սա է՝ A... B... C… Որի վերջում Նիկոլը հունիսի 7-ից հետո ոչ թե մնում է վարչապետ, իսկ ինքը 8-10 դեպուտատով հայտնվում է ԱԺ-ում՝ ևս 5 տարի դառնալով Նիկոլի բոքսի տանձիկը, այլ լուծվում է ՄԻԱԿ հարցը՝ հեռացվում է Նիկոլը: Ինչո՞ւ Քոչարյանը չի պատասխանում գոյություն ունեցող այս միակ ու ամենակարևոր հարցին: Ինչո՞ւ»: