Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2026 թ.

«Ստորին հոգեվիճակում են Վասակ Դարբինյանն ու Հովհաննես Մովսիսյանը». Տիգրան Պասկևիչյան

91
Այսօր, 22:12
«Ստորին հոգեվիճակում են Վասակ Դարբինյանն ու Հովհաննես Մովսիսյանը». Տիգրան Պասկևիչյան

Գրող, հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀԱՆՐԱՅԻՆԸ ՍՏՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԵԹԵՐՈՒՄ
Ապրում ենք համընդհանուր անպատասխանատվության ժամանակաշրջանում՝ ամենավերից մինչեւ ստորին մակարդակներ։ Այստեղ ստորին բառը ոչ թե տեղորոշում է, այլ հոգեվիճակ։ Այդ հոգեվիճակում են «Հանրային հեռարձակողի խորհրդ»-ի նախագահ Վասակ Դարբինյանն ու «Հանրային հեռուստաընկերության» տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
Հեռախոսով պատասխանելով Factor TV-ի թղթակից Ռոզա Վարդանյանի հարցին, թե ինչո՞ւ ավելի քան հինգ տարի չի ցուցադրվում Տիգրան Պասկեւիչյանի «Անկախության մեր ճանապարհը», Դարբինյանն ասել է՝ ֆիլմը 2020-ի օգոստոսի 23-ին պատրաստ չի եղել։
Մեկ էլ ասում է, թե կա դատարանի վճիռ եւ այդ վճիռը «սիրուն աչքերի համար» շրջանցելի չէ։ Սույն անձնավորությանը հարցնում են՝ ինչու չի ցուցադրվել (անցյալ ժամանակով, որը ներառում է 2020-2026 թվականները), հղում է անում երեկ չէ առաջին օրը կայացված մի վճռի։
Factor TV-ն դիմել է նաեւ «Հանրային հեռուստաընկերության»-ը։ Այս եւ հավանաբար այլ նամակների, հրապարակումների, գրառումների պատասխանել է «Հանրային»-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ ըստ էության ասելով նույն բանը՝ պայմանագիր, ժամկետ եւ այլն։
Հիմա ամեն ինչ հերթով։ Պայմանագիրն ինձ հետ կնքվել է 2020 թվականի հուլիսի 24-ին երեք ամսով։ Այսինքն, գործը պետք է ավարտեի 2020 թվականի հոկտեմբերի 24-ին, ոչ թե օգոստոսի 23-ին, ինչպես ասել է Վասակ Դարբինյանը։ (Ի դեպ, եթե ՎԴ-ն պատահական մարդ չլիներ, ոլորտից մի քիչ հասկանար, կիմանար, որ մեկ ժամանոց ֆիլմը 29 օրում չի պատրաստվում։ Գոնե կարող էր հարցրած լինել իր օրթախ Արա Շիրինյանին)։
Վերադառնանք պայմանագրին։ «Հանրային»-ի իրավաբանը մի բացատրություն էր բերել դատարան, թե հոկտեմբերի 24-ին (2020 թվականի) իրենք, окзывается, ցուցադրելու էին ֆիլմը, իսկ ես … ա՜յ, ա՜յ, ա՜յ… չեմ հասցրել աշխատանքն ավարտել պայմանագրում նշված ժամկետում։
Երբ ես դատարանում հարցրի՝ հանրայինը պատերազմի ամենաթեժ պահին հաստա՞տ պատրաստվում էր ցուցադրել ֆիլմը, հայցվորի իրավաբանն էլ, դատավորն էլ անհարմար վիճակում հայտնվեցին։
Հիմա հարցեր…
Եթե ես խախտել էի պայմանագրի ժամկետը, ինչո՞ւ տույժ-տուգանք չի կիրառվել եւ ինչո՞ւ է եւս 60 օրով երակարացվել պայմանագիրը։ Կարո՞ղ էր այդ երկարացումն արվել առանց «Հանրային»-ի համաձայնության։
Արդյո՞ք մեկանգամյա ցուցադրության համար է պատվիրվել ֆիլմը։ Կարո՞ղ էր այն ցուցադրվել 2021, 2022, 2023, 2024, 2025, 2026 թվականներին։ Եվ արդյո՞ք մեկանգամյա ցուցադրության համար 4.2 միլիոն դրամը չափազանց մեծ գումար չէ ու քաղաքացիների վճարած հարկերի վատնում։
Ինչո՞ւ է «Հանրային»-ն ընդունման-հանձնման ակտով ընդունել աշխատանքը, չէ՞ որ իբր խախտել էի ժամկետը։
Մի՞թե ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությանն այսքան տարի չի հետաքրքրել, թե ինչու է 4.2 միլիոն արժեցող 58 րոպեանոց ֆիլմը դրվել դարակում ու չի օգտագործվել։ Նույն ֆիննախը, որը հաղորդումների ու ֆիլմերի տեւողությունները քանոնով է չափում ու համեմատում ծախսերի հետ։
Եթե այս հարցերին ողջամիտ, համոզիչ պատասխան չտրվի, հանրությունը շարունակելու է մտածել, որ «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի ցուցադրությունը կասեցվել է ՎԵՐԵՎԻՑ ԻՋԵՑՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՈՎ, եւ որ սա ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ է։
Եվս մեկ կեղծիք։ «Հանրային»-ի գործադիր տնօրենն իր պարզաբանման մեջ գրում է. «… որոշ ժամանակ անց հեղինակը սկսել է ֆիլմը ցուցադրել առանց իրավատիրոջ՝ «Հանրային»-ի թույլտվության։ Եվ միայն այն պահին, երբ այդպիսի ցուցադրություններից մեկում հեղինակը սկսել է հրապարակային մեղադրանքներ հնչեցնել «Հանրային»-ի հասցեին, առաջացել է անհրաժեշտություն իրավական արձագանքի»։
Նա, հավանաբար, մոռացել է, որ 2023 թվականի մարտի 3-ին ես նամակ եմ գրել եւ առաջարկել եմ ողջամտորեն լուծել ֆիլմի օգտագործման հարցը։ ՆԱՄԱԿԸ ՄՆԱՑԵԼ Է ԱՆՊԱՏԱՍԽԱՆ, ինչից հետո ինձ իրավունք եմ վերապահել կազմակերպելու դահլիճային ցուցադրություններ, կրկնում եմ՝ ցուցադրություններ, ՄԻ ՇԱՐՔ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ։
Նա գրում է նաեւ, որ դատական գործընթացի ընթացքում ես հաշտության առաջարկ եմ արել։ Կցում եմ իմ առաջարկն ու հանրայինի պատասխանը, ինքներդ գնահատեք, թե որքանո՞վ են դրանք հանդիպելի։
Ամենավերջում էլ Հովհաննես Մովսիսյանը փորձում է պարզերես անել Արամազդ Ղալամքարյանին՝ ռուս առակագիր Կռիլովի հանգույն. «За что же, не боясь греха,
Кукушка хвалит Петуха? За то, что хвалит он Кукушку»։
Միայն պարզ չի, թե ո՞վ էր Հովհաննես Մովսիսյանը 2020-ի հուլիսին»։