Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 փետրվարի, 2026 թ.

«Նկարում Սամվել Կարապետյանի անվան հետ կապվող ինքնաթիռն է, որ 2022թ. ենթարկվել է ԱՄՆ պատժամիջոցների»․ Մարիա Կարապետյան

59
Այսօր, 17:36
«Նկարում Սամվել Կարապետյանի անվան հետ կապվող ինքնաթիռն է, որ 2022թ. ենթարկվել է ԱՄՆ պատժամիջոցների»․ Մարիա Կարապետյան

ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուսաստանցի օլիգարխի բազմավեկտոր քաղաքացիությունն ու արևմտյան պատժամիջոցները և թե ինչ կապ ունի այս ամենի հետ Հայաստանի Սահմանադրությունը:
Շարժումը պիտի լիներ ապաքաղաքական, իսկ առաջնորդը՝ գաղափարական, բայց սա չարժանացավ ժողովրդի հավանությանը։ Հիմա պիտի փորձարկվի «սահմանադրական» ճանապարհը։
Դրական բան կա ռուսաստանցի օլիգարխի էվոլուցիայի մեջ: Որքան էլ ծաղրանկարային լինի սահմանադրական փոփոխությունների նրա գաղափարը, այն առավել է ընդգծում առաջարկի մտադրությունը։
Հայաստանի վարչապետի նկատմամբ 4 տարվա քաղաքացիության և մշտաբնակության զենզը հանելը ոչ թե փոքրիկ տեխնիկական փոփոխություն է, ինչպես պնդում են ձևիստները, այլ Հայաստանի Հանրապետությունը օտարերկրյա կառավարման հանձնելու մտադրություն։
Աշխարհի շատուշատ երկրներ ունեն երկրի ղեկավարի նկատմամբ քաղաքացիության և մշտաբնակության պահանջ։ Այսպես, Միացյալ Նահանգներում նախագահ կարող է դառնալ միայն նա, ով բնակվել է Միացյալ Նահանգներում վերջին 14 տարին, իսկ Ռուսաստանում՝ 25 տարին։ Ավելին, Ռուսաստանում վերջին սահմանադրական փոփոխություններով նախագահ չի կարող դառնալ այն անձը, ով երբևէ ունեցել է այլ երկրի քաղաքացիություն և նույնիսկ մշտական բնակության թույլտվություն։ Երբևէ։
Իսկ Սամվել Կարապետյանը ունի առնվազն երեք անձնագիր՝ Ռուսաստանի, Կիպրոսի և Հայաստանի, և նա չի պատրաստվում անհապաղ հրաժարվել օտար երկրների քաղաքացիությունից՝ գոնե ձևի համար։ Գիտե՞ք ինչու։ Իր կապիտալը պաշտպանելու նպատակով։
Երբ Կարապետյաններին հարցնում են ռուսական կապիտալի գերի լինելու մասին, նրանք ասում են՝ չէ՞ որ Սամվել Կարապետյանը այն քիչ ռուսաստանցի բիզնեսմեններից է, որ արևմտյան սանկցիաների չի ենթարկվել, ուրեմն նա կարողացել է այնպիսի՜ հարաբերություններ պահպանել Արևմուտքի հետ, որ պատժամիջոցների չենթարկվի։ Քահ-քահ ծիծաղ։
Իսկ իրականությունը հետևյալն է. երբ 2024 թվականի փետրվարին Ֆրանսիան փողերի լվացման գործով առգրավեց Կարապետյանին պատկանող 120 միլիոն եվրո գնահատվող առանձնատունը, գուշակեք, թե որ երկրի անձնագիրը Կարապետյանը օգտագործեց միջազգային արբիտրաժում։ Ճիշտ է, արևմտյան սանկցիաներից պաշտպանվելու համար, նա օգտագործում է Հայաստանի անձնագիրը և Հայաստան-Ֆրանսիա համաձայնագիրը։ Այնպես, ինչպես նա օգտագործում է Կիպրոսի անձնագիրը և Հայաստան-Կիպրոս համաձայնագիրը ՀԷՑ-ի պարագայում։ Կարելի է ասել՝ բազմավեկտոր քաղաքացիության և կոմպլեմենտար կապիտալի գիտակ է նա։
Վերադառնանք Սահմանադրությանը։ Ահա առաջարկվում է մեր ամբողջ պետությունը դարձնել այս ռուսական բիզնեսմենի մախինացիաների մաս։ Հայաստանի Հանրապետությունը ռուսական ձեռնարկության վերածելուն պես ավելի հեշտ կլինի պաշտպանել ռուսական կապիտալը արևմտյան սանկցիաներից, եթե ունենաս ոչ միայն Հայաստանի քաղաքացիություն, այլ լինես Հայաստանի վարչապետ։
Այս խայտառակ մախինացիան արդարացնելու համար Նարեկ Կարապետյանը մեջբերում է նոր Սահմանադրություն ունենալու մեր առաջարկը։ Շատ շնորհակալություն հայտնենք նրան երկընտրանքը բյուրեղացնելու համար։ Մեզ իսկապես անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։ Անվիճելի հանրաքվեով անցած Սահմանադրություն, որում փակված կլինի մեզ կրկին Խորհրդային Միություն քարշ տալու ճանապարհը։ Քանի դեռ մենք չենք փակել այդ ճանապարհը, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր տարածաշրջանի և մեր երկնքում։
Իսկ ի՞նչ է առաջարկում անել ընդդիմությունը։ Բնականաբար ոչ միայն չհեռանալ Խորհրդային Միությունից, այլ առավել ամուր փարվել այդ ուրվականին՝ Հայաստանի վարչապետ կարգելով ռուսական կապիտալը։ Չի ստացվելու։
Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում Հայաստանի ժողովուրդը կվերահաստատի Հայաստանի և նրա ժողովրդի անկախ, ինքնիշխան, խաղաղ և բարեկեցիկ ապրելու ընտրությունը։
Հ.Գ. Նկարում Սամվել Սարգսի Կարապետյանի անվան հետ կապվող ինքնաթիռն է, որ 2022 թվականին ենթարկվել է ԱՄՆ պատժամիջոցների։ Այ-այ-այ»։

Աղբյուրը`   Մարիա Կարապետյան