Երևան`   +1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 19 հունվարի, 2026 թ.

«Հացադուլը Նարեկի համար միայն սեփական կալանքի հարցը բարձրացնելու խնդիր չէ»․ Լիլիթ Բլեյան

57
Այսօր, 14:12
«Հացադուլը Նարեկի համար միայն սեփական կալանքի հարցը բարձրացնելու խնդիր չէ»․ Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «11-րդ օրն է, ինչ Նարեկը հացադուլ է անում։
Նարեկին ու Վազգենին ազատազրկել են եթերում արտաբերված խոսքի համար։ Նրանց հանրայնորեն վիրավորած պաշտոնյան շարունակում է ուրախ-զվարթ շրջել՝ իր պես ուրախ պաշտոնյաներով շրջապատված, քիչ առաջ էլ ԱԺ նիստ էր վարում։
Եթե այս դեպքից եզրակացրել եք, որ ՔՊ որևէ պաշտոնյայի խոսքի և պահվածքի հանդեպ Ձեր հրապարակային դժգոհությունը կարող է անձամբ ձեզ նույնպես տանել կալանքի, ապա շնորհավորում եմ կալանք տվողներին, նրանք հասել են իրենց նպատակին։ Կալանքի ու բռնության հանդեպ վախը՝ որպես հասարակական ինստիտուտ, այլևս գործում է։
Նարեկին անձամբ չեմ ճանաչում, բայց նրա հացադուլային օրագրին հետևելով հասկացել եմ, որ սա նրա համար միայն սեփական կալանքի հարցը բարձրացնելու խնդիր չէ։
Հայաստանյան նոր իրականությունը ենթադրում է երկու փոխպայմանավորող գործիքներ՝ պատիժ և լռություն։ Դու բողոքում ես բոլորիս վերաբերող ապօրինությունների դեմ՝ քեզ պատժում են, ես լռում եմ։ Թեպետ հոգու խորքում գիտեմ, որ այդ պատիժը նաև ինձ է վերաբերում, պարզապես՝ ես ժամանակին լռել եմ, իսկ դու ահա այդքան «խելամիտ» չես գտնվել ու պատժվել ես։ Հետևաբար՝ ես խորացնում եմ ու թանձրացնում եմ իմ լռությունը։
Լռությունը հերթական կալանք-պատժից թանձրանում է, ինչպես խավարը՝ փակվող դռնից։
Սա գեղարվեստական պատկեր չէ, սա մեր՝ սովորական դարձած իրականությունն է։
Ազատություն ապօրինաբար կալանավորված բոլոր քաղբանտարկյալներին»։

Աղբյուրը`   Լիլիթ Բլեյան