«Ռազմական գործողությունների վերսկսման վտանգը դեռ պահպանվում է»․ Մարիա Գաբրիելյան
![]() Հալեպի քրդաբնակ թաղամասերում հայտարարված հրադադարից հետո քաղաքում այժմ իրավիճակն ամբողջովին փոխվել է. եռօրյա մղձավանջային օրերից հետո որոշակի անդորր է տիրում, այդուհանդերձ, իրավիճակն արագորեն փոփոխվում է, և ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը դեռ պահպանվում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Բերիո Հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը՝ մանրամասնելով Հալեպում այս պահին տիրող իրավիճակը՝ հատկապես տրամադրությունները հայ բնակիչների շրջանում: «Այսօր պատկերը բոլորովին փոխվեց, եռօրյա սարսափելի օրերից հետո այսօր որոշակի անդորր է տիրում»,-նշեց Գաբրիելյանը՝ մանրամասնելով, որ սիրիական բանակի և քրդական ուժերի միջև բախումները շարունակվել են մինչ առավոտ: Նա մանրամասնել է, որ սիրիական բանակը ի վերջո կարողացել է մտնել այն շրջաններ, որտեղ տեղակայված էին քրդական ուժերը։ «Հիմա իրականացվում են երեք շրջաններից՝ Աշրաֆիեից, Շեյխ Մաքսուդից և Բանի Զեյդից քրդական ուժերի դուրսբերման և նրանց Եփրատի արևելք տեղափոխելու աշխատանքները: Ռազմական գործողություններն ընդհանրապես դադարեցին, կոչ եղավ երեք շրջաններից տեղահանվածներին պատրաստվել վերադառնալ իրենց տներ։ Փառք Աստծո, որ եռօրյա ռազմական գործողությունները նվազագույն վնասներով ավարտվեցին»,-հայտնել է Մարիա Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ այդուհանդերձ, վերջին ժամերին Շեյխ Մաքսուդ շրջանում խնդիր է ծագել, որովհետև քրդական ուժերը մերժել են դուրս գալ, ինչի պատճառով սիրիական բանակը շրջանը դատարկելու նոր ժամկետ է տվել քրդերին: Նա նշեց, որ ամեն ժամ իրադարձությունը փոփոխությունների է ենթարկվում, և հավանական են նոր բախումներ: «Ամեն ժամ բան է փոխվում. Շեյխ Մաքսուդի շրջանում, կարծես, խնդիր կա և ռազմական գործողությունները կարող են վերսկսվել»,-ասել է Գաբրիելյանը։ Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ իրադրություն է քաղաքի հայ բնակչության շրջանում, Գաբրիելյանը նշել է, որ հայերը շատ չեն տուժել: «Հայերը շատ չեն տուժել։ Մի քանի տներ վնասվել են և տասնյակ տների պատուհանների ապակիներն են փշրվել միայն»,- շեշտել է Գաբրիելյանը: Նա հավելել է, որ այս շրջանները քրդական ուժերից դատարկվելուց հետո պիտի սկսվեն ականազերծման գործողությունները և շրջանի անվտանգության ապահովման աշխատանքները։ «Ենթադրվում է, որ կիրակի պետական, կրթական բոլոր հաստատությունները կվերսկսեն իրենց աշխատանքները և քաղաքն իր բնական հունի մեջ կմտնի»,- նշել է Մարիա Գաբրիելյանը։ Նա նաև հայտնել է, որ սիրիական բանակը հայտարարել է, որ տեղական ժամանակով ժամը 16։00-18։00 միջանցքներ է բացելու նրանց համար, որոնք կցանկանան դուրս գալ Շեյխ Մաքսուդ շրջանից, ինչպես նաև քրդական ուժերին կոչ է արել հանձնել զենքերը։ Մարիա Գաբրիելյանի կարծիքով՝ այդ պայմանները չկատարելու դեպքում սիրիական բանակը, բնականաբար, ռազմական քայլերի կդիմի։
|

«Ո՞րն է չբանավիճելու պատճառը, ՔՊ-ականները կծո՞ւմ են»․ Դանիել Իոաննիսյան
4702:06
«Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է»․ Վահե Հովհաննիսյան
77Երեկ, 23:24
«Եղբայրաբար ողջունում եմ ՀԱՍԵ բարենորոգման օրակարգին միացած քահանաների խիզախ քայլը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
92Երեկ, 22:56
«Որպես նախկին քաղկալանավոր, խնդրում եմ՝ դադարեցրու հացադուլը»․ Սուրեն Սուրենյանց
99Երեկ, 21:36
«Քաղաքային իշխանություններն անհաղորդ են չմաքրված ձյան հետ կապված խնդիրներին»․ Նարինե Մկրտչյան
103Երեկ, 20:54
Թրամփը Վենեսուելայի հարցով կհանդիպի նավթային ընկերությունների ղեկավարների հետ
134Երեկ, 20:34
