Երևան`   -3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 07 հունվարի, 2026 թ.

«Իշխանության ձախողման մեծագույն ապացույցը վարչապետի ստորագրությունն է». Վլադիմիր Մարտիրոսյան

157
Երեկ, 01:06
«Իշխանության ձախողման մեծագույն ապացույցը վարչապետի ստորագրությունն է». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ձախողումն ու ցայտնոտը վատ խորհրդականներ են: Հենց էդպիսի իրավիճակում է իշխանությունը՝ դատելով «եկեղեցու բարենորոգում» կոչվող փաստաթղթից և դրա տակ դրված ստորագրություններից: Իշխանության ձախողման մեծագույն ապացույցը վարչապետի ստորագրությունն է այդ փաստաթղթի տակ, որով փաստացի ամրագրված է սահմանադրության և օրենսդրության առերևույթ խախտման փաստը, բայց դա թող մեկնաբանեն և լոբինգ անեն իրավաբանները:
Քաղաքական տեսանկյունից երեկ տեղի ունեցածում կա շատ ավելի քաղաքական առումով մեծ ձախողում: Փաստացի այլևս այդ պաշտոնական ստորագրությամբ, քաղաքական/գործադիր իշխանության ղեկավարը իրեն վերապահեց իրավունք զբաղվել եկեղեցական իշխանությամբ և դուռ բացեց հոգևորականների համար անկաշկանդ այլևս զբաղվել քաղաքականությամբ և քաղաքական իշխանությամբ: Փաստացի ցայտնոտը տապալեց մի հսկա նարատիվ «հոգևորականը իրավունք չունի զբաղվելու քաղաքականությամբ», որից կառչած էր իշխանությունը՝ որպես արգումենտ, արդեն մեկ տարի:
Հոգևորականներն այլևս ոչ միայն իրավունք ունեն, այլ փաստացի երկրի ղեկավարի կողմից այլևս նախադեպային ուժով իրավունք ունեն դա անելու:
P.S. Որևէ մեկին այլևս թույլ չտաք օգտագործել «հոգևորականը իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ» արտահայտությունը և հակադարձեք, «որքան վարչապետն ունի իրավունք զբաղվելու եկեղեցական իշխանությամբ, այդքան էլ հոգևորականը՝ քաղաքական իշխանությամբ»: Ձախողումն ու ցայտնոտը վատ խորհրդականներ են»: